«ԼԱՎ ՏՂՈՒ» ՔՈՒՅՐԸ

Nov 24, 2017 19:05


Արդեն վաղուց օրիորդ դարձած գեղեցկադեմ ուսանողուհին իր մեջ սառեցնում էր ցանկացած զգացմունք հետաքրքիր պատանիների հանդիպելիս, որովհետև ինքը «լավ տղի» քույր էր, ու իր կենսագրությունը «բդի մաքուր լիներ»։
Ինչ ասել է մաքու՞ր։
Մաքուր, ասել է՝ մաքուր։
Այսինքն, անբիծ, ինչպես սպիտակ թուղթը։
Այո, իր կյանքը նմանեցնում էր մաքուր, սպիտակ թղթի հետ։
Մտքում նախանձում էր եղբայր չունեցող, իրենց բախտը հանգիստ տնօրինող նկերուհիներին։
Ընկերուհիներից շատերի կյանքը նման էր խզբզած թղթի։ Եթե կարիք կար, հարկավոր տեղերում, հարկավոր մարդկանց ոտնահետքեր ու մատնահետքեր էին հայտնվում, եթե կարիքը կար, ոտնահետքերն ու մատնահետքերը ռետինով խմամքով ջնջում էին, հանում հիշողությունից, դեն գցում կյանքից։
Ընկերուհիների թղթի վրա ծաղիկներ կար խզբզած, թատրոնի ու համերգի տոմսեր կային փակցված, ուրախ ու տխուր հիշողություններ կային։
Հիասթափություններ ու երջանկության պահեր կային։
«Լավ տղի» քրոջ հետ այս ամենը բացառվում էր։
Նրա քույրը իր սպիտակ թուղթը անբիծ պիտի պահեր։
Այնտեղ անգամ մի կետ դնելու համար, մի հեռախոսազանգ, մի ցամաք բարև նկարելու համար, «լավ տղեն» պիտի իր թույլատվությունը տար։
Ու եղավ այնպես, որ օրիորդը հասունացավ, ավարտեց ուսումը ու անելիք, չուներ այլևս՝ լավ տղու քույրը չպետք ա աշխատեր։ Ուրեմն ամուսնանալու ժամանակն էր արդեն, բայց եղբայրը ոչ մեկին չէր հավանում, որ իր թույլտվությունը տար։
Այսինքն, չէր պատկերացնում, որ քրոջ կողքից տղամարդ կարող է քայլել։
Մնացած բաների մասին էլ լռում եմ, որ թասիբի մեռած լավ տղեն հանկարծ կոմայի մեջ չընկնի։
Մայրը օրերով կռիվ էր տալիս տղայի հետ, թե քրոջդ բախտի վրա նստել ես, այ որդի, սա հո քո սեփականությու՞նը չի։
Տղան էլ էր հասկանում, որ էսպես սխալ է, բայց շրջապատ կար, ախպերություն կար, հազար հատ ուզող ու չուզող ուներ, որոնք բերանները բաց սպասում էին առիթի, որ պատերի տակ չարախոսեին։
Նաև, ինքն անձամբ, էնքան էր սրա-նրա կնոջից ու քրոջից չարախոսել, որ արդեն պատկերացնում էր, թե ի՞նչ հաճույքով պիտի իրեն քննարկեն, եթե թեմա ընկնի ձեռքները։
Էս մղջավանձից ազատվելու համար, նաև, որ քույրը իր մեղքով տանը չմնա, որոշեց իր արդար ձեռքով, ու «ճշտով» ամուսնացնել։
Ծանոթացրեց իր շրջապատից մի տղայի հետ, ով ապահով էր ապրում, փողին փող չէր ասում, ողջ քաղաքի աղջիկները իր ետևից վազում էին, ոնց ինքն էր ներկայացնում՝ տուն-տեղ ուներ, պաշտոնով ծնողներ, մի խոսքով, ավել բան պետք չէր։
Ծանոթացրեց ու բոլոր ժամադրությունները իր հսկողության տակ անցան։
Եթե սրճարանում պիտի հանդիպեին, քրոջը մեքենայով տանում էր սրճարան, հանդիպումից հետո էլ, մեքենայով տուն բերում։
Ամեն ինչ մաքուր ու «ճշտով» ։
Կարճ ժամանակից հետո աղջիկն ու տղան որոշեցին ամուսնանալ, որովհետև ամուսնությունն էր միակ ելքը, էս թասիբի մեռած եղբորից ազատվելու համար։
Ամուսնացան, առանց միմյանց ճանաչելու, ու օրիորդը դարձավ «լավ տղու» կին։
Սպիտակ թղթի վրա զագսի կնիքի հետ ավելացավ նաև արգելված քայլերի ցանկը։
«Լավ տղու» կինը մենակ դուրս չի կարող գնալ, հագուստը ամուսինը պիտի ընտրի, հայացքը պիտի ուղղված լինի գետնին, իրեն բարևող, որպիսություն հարցնող չպիտի լինի։ Ի՞նչ կուրսեցի, ի՞նչ դասարանցի...
Հետո, օր օրի սկսվեցին էնպիսի խզբզոցներ ավելանալ, սպիտակ թղթի վրա, որ ոչ պատմել է կարելի, ոչ նկարագրել։
Էնքան անխնա խզբզվեց, որ ոչ ջնջել էր լիմում, ոչ խմբագրել...
Տանջվեցին, տառապեցին բոլորը տարիներով, իրար հեր անիծեցին, ծեծեցին ու ծեծվեցին։
Ով ինչպես կարող էր , ու ինչքան կարող էր դավաճանեցին միմյանց, ատեցին ու նողկացին իրարից։
Վերջում այս խզբղած թղթի վրա զագսի բաժանման կնիքը դրվեց ու բոլորը դինջացան։
Շրջապատում էնքան խոսեցին «լավ տղերքից» , որ բերանի ծամոն դարձան։



Սկզբում տհաճ էր, հետո սովորեցին, հաշտվեցին իրականության հետ։
Մեղքի զգացում չունեին «լավ տղերքը», որովհետև, դե հիմա, իրենք էլ էդպես էին ծնվել՝ կոմպլեքսավոր, ձևական, անազատ, սուտ արժեքներով։
Կարևորը, ամեն ինչ ճշտով էր՝ թե ամուսնությունը, թե բաժանումը։
Օրենքով, կարգով, զագսի կնիքներով։

#էսսե,

#պատմվածք

#էսսե, էսսե, #պատմվածք, պատմվածք

Previous post Next post
Up