Շարմաղին թվում էր, թե հազար տարի է ապրում իր ամուսնու հետ մի տանիքի տակ ու էդքան տարի էլ դիմանում է վերջինիս ծանր բնավորությանը: Բայց իրականում ընդամենը 65 տարի էին իրար տանջում, ոչ ավել:
Բիձեն երկար տարիներ անկողնային հիվանդ էր; Հիվանդությունների ամբողջ փնջի հետ մի հիվանդություն էլ ուներ, դա խանդն էր;
Որ ճիշտն ասեմ, ամուսինը 85 տարեկան էր, ու Շարմաղը երբեմն ինքն իրեն բռնացնում էր էն մտքի վրա, որ բիձուն բան չի մնացել ապրելու, ու հույս ուներ, որ ամուսնու մահից հետո մի երկու տարի ականջը դինջ կապրի, նոր կմեռնի:
Էսպիսի բանէր, ճիշտ է անցնում էին մտքով, բայց ինքը որպես կին, անփոխարինելի էր: Նորմալ խնամում էր ամուսնուն, համով-համով ուտացնում, մաքուր - իստակ պահում:
Օհան էր այդ ահավոր ծանր շնչի անունը:
Աչքով կնոջը հետևում էր պառկած տեղից, հենց տեսադաշտից հեռանում էր, մեկ էլ կտեսնեիր, անկողնուց ձեն էր տալիս՝
- Շարմաաաաղ, ա՜յ Շարմաղ...
Շարմաղը բաղչում գործերը թողնում էր ճվում՝ գա՜աալիս եմ, գաաալի՜ս...ու վազելով , թազա հարսի պես հասնում, կանգնում էր ամուսնու մահճակալի մոտ, վախից, թե չլնի էդ արևամեռը հեռսից իրեն մահճակալից գցի՞...
- Էն ու՞մ հետ էիր խոսըմ դռանը, Շարմա՞ղ:
- Օքմին էլ կար ոչ:
-Բա ձեններուդ լսեցի՞ :
- Ուրիշ վախտ քյառ ես ձևանում, ըստիյան ընդի ո՞նց լսեցիր մեր փսփսոցը, - բիձու հոգու հետ խաղում էր Շարմաղը:
- Մնա տանը, նստի կողքս, տեղ չգնաս: Էդ Բաղդասարը մինչև մյեռնի ոչ, ես հանգիստ օր չեմ ունենալու:
- Ալլա հալլա, չար տըտանա, էլի սա էկավ, Բաղդասարիցը կպավ, հազար եմ ասել, ես Բաղդասարին երբեք դուր չեմ եկել, թող գնամ գործերս անեմ:
- Չէ, նստի ու չիմ խոստովանի....
- Էս մարդը փորձանք ա լրիվ: Ի՞նչ ա էլել, որ ինչ էլ խոստովանեմ:
- Ինչքանը որ էլելա, էդքանը ասա:Աչքովս եմ տեհել, մի օր բախչի ծերին շլանգը տվուց քեզ, դու էլ վեր կալար, բախչեն ջրեցիր:
Շարմաղին մի ծիծաղ ա բռնել, էլ դու սուս...
- Այ մարդ, դու հո փորձանք չե՞ս.... Տվուց քեզ, ու դու էլ վե կալար...Նըհենց ասում ես, շլանգը տվուց, ես էլ վեր կալա, ոնց որ քեզ դավաճանելիս ես բռնացրել....
- Այո, բռնացրել եմ, սաղ դրանից ա սկսվում:
- Վայ, թարգի, հա՛, նյարդերս իրարով մի տալ:
- Չէ, բեր խոստովանի ու ես դրանից եդնը թե խոսամ, ասա մոթ քեզ, Օհան....
- Օհան, թող գնամ գործերս պրծնեմ, նոր կգամ խոստովանության: Թե չէ էսօր սոված կմնանք, հաց չեմ կարող պատրաստել:
- Դե մտքերդ դրսըմ ձևակերպի, որ գաս, խոստովանես:
- Եղավ տեր հայր, կգամ կխոստովանեմ:
Շարմաղը համ դրսի օջախի վրա ճաշ էր դրել, համ էլ տնամերձում գործ էր անում, մտքում պատկերացնելով, թե ի՜նչ հանգստություն կլինի, երբ Օհանը մեռնի...Ասենք, էլ բան չի մնացել, հայհայը գնացել, վայվայն ա մնացել....Գոնե մի երկու տարի, կամ Աստծու հաջողությամբ, երեք տարի ականջը դինջ կապրի ամուսնուց հետո....
Էսպես երազանքների ու մտածմունքների գրկում գործ էր անում, մեկ էլ աչքը ընկավ տան դռանը, որտեղից Օհանը փետը ձեռքին դանդաղ, օրօրվելով դուրս եկավ....
Շարմաղը լեղաճաք եղավ, թե էս ի՞նչ տեսիլք էր, հեսա կընկնի, ոտ ու ձեռքը կկոտրի...
Արբանյակի արագությամբ հասավ, բռնեց Օհանին, թե այ մարդ, էս ո՞նց վեր կացար...
-Շարմաղ, մի օր վեր տեի կենալ, չէ՞, հո հավերժ չպետք ա պառկեյի....
Չերկարացնեմ՝ էդ օրվանից Օհանը համ պառկում էր, համ վեր կենում, կամաց-կամաց սկսեց այգու մեջ ֆռֆռալ,լոբու սարուների արանքները ստուգել՝ ՛՛չլնի թե հարևան Բաղդասարը էն կռնից էս կուռն անցած ըլնի՛՛
Մինչ Օհանը օր օրի լավանում էր, անգամ գեղամեջ էր դուրս գալիս, իր թայ տղերքի հետ պատի տակի իշոտնուկին նստում ,Շարմաղը վերջնականապես հույսը կտրեց, թե մի երկու տարի վաստակած հանգստի կանցնի, նոր հոգին կփչի...
Մի օր էլ Օհանի շալվարի գրպանից հարևան մոլոկան Օլգայի նկարը գտավ:
Գտավ՝ ու ուղեղի ապահովիչները թռան , նկարը ձեռքին կանգնել մնացել է, չգիտի ի՞նչ մտածի:
Շատ էր կանգնել, թե քիչ, ժամանակի զգացողությունը կորցրել էր, մեկ էլ Օհանի ձայնը կողքից սթափեցրեց:
- Շարմաղ, դե որ նկարը գտել ես, մեծ աղջիկ ես, հաստատ ամեն բան հասկացել ես:Ես տեղափոխվում եմ Օլգայի տուն, մենակ շորերս կտանեմ, թե կուզես, մին-մին էլ կգամ քեզ տեսակցության....
Շարմաղը, որ մինչ այդ Օհանից ազատվել էր ուզում, արյունը խփեց գլխին: Հա՛, ասենք ուզում էի ազատվել, բայց էսպե՞ս...Պահեմ, պահպանեմ պոպոքի միջուկի պես, ոտքի կանգնացնեմ ու օրը ցերեկով, աչքերս բաց նայեմ, թե ոնց ա Օլգան Շարմաղից Օհան փախցնու՞մ: Միայն դիակիս վրայով...
Մինչ Շարմաղը դես դեն ընկավ, ձեռքերը ծնկներին խփեց, հողերը գլխին լցրեց, ձեռքի նկարը պատռոտեց, Օհանը արդեն ծլկել էր Օլգայի տուն:
Շարմաղը չգիտեր իր անելիքը, մտածում էր, պիտի որ ուրախանար, վերջապես ազատվել է Օհանի ծանր շնչից, բայց չէ....Օրերով տեղը չէր գտնում;
Մի օր էլ վերցրեց Օլգայի նկարի պատռտված կտորները, ճամփա ընկավ դեպի հարևան գյուղ, թուղթ ու գիր անողի մոտ:
Ասաց՝ էս ղանջըղը մարդիս տարել ա, հարկավոր ա հետ բերել: Թուղթ ու գիր անողը նախ հարցրեց, Օհանը դեռ կա՞, հետո էլ հավաստիանալով, որ դեռ կենդանի է, կլորիկ գումար ուզեց, ասաց՝ չար ուժը ջահել ա, դժվար պիտի լինի հետ բերելը, բայց անհնարին բան չի, շատ տաս՝ շուտ կգա հետ, քիչ տաս, ուշ կգա.... Որոշումը քոնն ա..
Շարմաղը խնայողությունների մեծ մասը տեղում հանձնեց գրբացին, նկարի կտորների վրա գիլու յուղ քսել տվեց, հավաքեց, լցրեց գրպանը ու ճամփա ընկավ դեպի իր գյուղը, լրիվ վստահ, որ Օհանը մի քանի օրից հետ կգա՝
- Որտեղ քոնը կասես, էնտեղ էլ իմը, Օհան տղա....
Հասավ տուն, ու ի՞նչ տեսավ՝ Օհանը փակ դարպասների մոտ , կատաղած դես ու դեն ա գնում: Կնոջը տեսնելով, Օհանը ձեռքի չալիկը թափահարելով առաջ եկավ, թե
- Աղջի, Շարմաղ, հըմի էլ կասե՞ս, որ չես դավաճանը՞մ: Արի տուն անցիր ու խոստովանիր, թե որդիան ես գալիս, ում հետ էիր: Կամ էլ ի՞նչ եմ երկարացնում՝ համ մեր կողպեքն ա կախ, համ Բարխուդարինը....Էշ պըտի լինես, որ չհասկանաս...
Ու՝ ով կուտի, Շարմաղս կուտի: Չալիկի մի քանի հարված ստացավ կատաղած Օհանից:
Շարմաղը հեչ վստահ չէր, թե ուզում էր էսքան արագ լիներ Օհանի վերադարձը....Իզուր էլ շատ վճարեց, պետք ա գործընդացը դանդաղացրած աներ....Բայց արդեն ուշ էր, մինչ Շար🤔մաղը թուղթ ու գիր էր անում, Օլգան Օհանի խանդի տեսարաններին չդիմանալով, նրան դուրս էր արել....
Շարմաղը մի կողմից նեղված էր, որ քիչ վայելեց ազատությունը, մյուս կողմից էլ սիրտը մի տեսակ զարմանալիորեն հանգիստ էր:
Կարծես ամեն ինչ դզվեց, իր տեղն ընկավ:
Կարևորը՝ Օհանը տանն ա, մնում ա համբերատար խնամի իր ամուսնուն ու խոնարհ սպասի, թե ե՞րբ պետք ա մեռնի, էս սրտամեռը, որ մի երկու տարի ազատություն վայելի , մահվանից առաջ...