Ընդհանրապես, ամուսնությունը բարդ բան է....
Անագմ եթե չես էլ սիրում, էն միտքը, որ էս կինը կամ տղամարդը քոնն է՝ առանց զագսի դառնում է կարծես քո սեփականությունը: Էն պատի տակի երկաթե մահճակալը վկա, էդ մահճակալի վրայի ցանցը վկա, որի վրա դոշակը երբ դնում ես ու պառկում, էնքան օգտագործվել է, որ թուլացել, հասնում է հատակին, վերջապես ընդհանուր երեխաները վկա...էսքան վկաների առկայության դեպքում, զագսը էլ ու՞մ շունն է...
Էսպես էր մտածում Համեստը, ում իսկական անունը Ռոհունդ էին դրել ծնվելիս, իր ռոհունդ ու քոլ հավաքող ու դրանով տունը պահող լոռեցի պապի պատվին...
Համեստը ամուսնական երկար տարիների ընդացքում ութ անգամ էր սեփական մարդու հետ քնել, ու էդ ութ անգամն էլ հղիացել էր: Բայց վերջին ութերերդ քնելը ամուսինը թարսի պես չէր հիշում, որովհետև, ոնց Համեստն էր ասում սկեսուրին՝
- Ի՝ նչ տի հիշիլ...Լակած, ոռից - գլխից ընկած էր...
Բարխուդարը, որ իրոք շան պես լակած է եղել էդ օրը, ոչինչ չհիշեց ու կնոջը էդպես հղի հորանց տուն ուղարկեց, որպես անբարայական մեկին ու երեխաներն էլ չտվեց, թե ես իմ րյեխեքին վստահիլ չեմ էդ դուրս ընկածին....
Համեստը, քանի որ ապրելու միջոց չուներ, երեխաների պահով չպայքարեց, մտածեց, թե հերը, տատ ու պապն են, թող պահեն, ոնց կարում են, հո դուշմանի ձեռին չե՞ն, համ էլ թող ղադրս իմանան, մինչև ես էս մեկին ունենամ, նոր նրանց բերեմ մոտս....
Բարխուդարը, ով գլուխը բարձր պիտի ման գար գեղամիջում, որպես թասիբով տղա, ով պիտի ապացուցեր, որ ինքն էն տղեն ա,ով անբարոյական կնոջ հետ մի օր էլ չի ապրի, մի երկու օր կարողացավ էդպես ինքնավստահ ֆռֆռալ:
Առաջին օրը ժամերով խոսեց թասիբից, բարոյականությունից,
բայց արդեն երկրորդ օրը պարզվեց, որ հաց պիտի թխվի, երեխաները առանց ցամաք հաց չեն դիմանում, քախհանը ելել, լցվել էր մարգերի մեջ, բայց ինքը հո էն տղեն չի՛, որ մտնի մարգերի արանքը, քախհան անի, երեխեքը սոված էին, լոբին քաղող չկար, որ կարտոշկի հետ խառնես, շատացնես, մի պղինձ ճաշ եփես: Հենց երկրորդ օրը պարզվեց, որ երեխաները մաքուր շոր չունեն, ու եթե մի օր չես լվանում, փոխնորդ չունենալու պատճառով տկլոր են մնում:
Եկավ անօգնական կանգնեց կեղտոտ հագուստների բլուրի առջև ու մոլորվեց, մտքերի ետևից ընկավ, թե էս շան աղջիկը էսքանը ո՞նց ա ձեռքով լվացել, էսքան գործը ո՛նց ա արել, անկողնային հոր տակը ո՞նց ա փոխել, որ տնից մի կտոր կեղտի հոտ չէր գալիս... ՛՛Բա լավ, ես ո՞նց անեմ հիմա...Սաղ գեղին ասել եմ, որ անբարոյական ա՝ էդ իրա յեդի րյեխեն ինձանից չի...Բա հիմա ես ո՞նց գնամ Ռոհունդին հետ բերեմ՝ բացառվում ա, հո ծիծաղատեղի չե՛մ դառնալու...՛՛
Երկար-բարակ մտածեց, վերջը ելքը գտավ, կանգ առավ իրենց հարևան, որբեվայրի Զեփյուռի վրա: Հա, ի՞նչ ... ջահել, ժիր կին ա, էս սաղ մի օրում թափով կմաքրի, կիստակի, համ իրան լավ՝ կողքը տղամարդ կլինի, համ ինձ:
Երեկոյան ոտքը Զեփյուռի դռան այգու ծայրին էնքան կախ գցեց, մինչև Զեփյուռը դուրս եկավ, խանութ գնա, կանգնեցրեց, թե Զեփյուռ ջան, դե գիտես, կնգանս դուրս եմ արել, անբարոյական էր, հմի ասում եմ, չամուսնանա՞ք, միասին ապրենք:
Զեփյուռը ծիծաղեց, թե ի՞նչս ա պակաս, որ գամ քեզ ուզեմ ու մտնեմ էդքան հոգսի տակ: Դու գիտե՞ս, թե ինչ ա նշանակում 7 երեխա խնամելը;Դա մեծ պատասխանատվություն ա: Այ որ երեխեքը չլինեին, կարող ա և մտածեի էդ ուղղությամբ:
Բարխուդարը փոր ու փոշման ետ դարձավ, թե ճիշտ ա ասում էլի, ո՛վ կգա 7 երեխա կպահի, էն էլ երբ իրենը չեն...Մտամոլոր, գնաց տուն, նստեց պոպոքի ծառի տակ դրված թախտին, մութաքին հենվեց, նայեց վազվզող, կեղտոտ, կիսասոված երեխեքին, աչքը գցեց հիվանդ, հազիվ ոտքի վրա կանգնող մոր վրա, միտք արեց, միակ ելքը էն գտավ, որ երեխաներին հանձնի կնոջը ու ինքը Զեփյուռի հետ ամուսնանա:
Ոտքերը արագ տարան դեպի կնոջ հոր տուն: Կինը որ տեսավ, ուրախացավ, թե այ էդպես հետ կգաս, երկու օր էլ չես դիմանա էդքան հոգսի մեջ, ու իրոք կինը ճիշտ էր: Միայն չգիտեր, որ Բարխուդարը որոշել ա երեխաներին էլ հանի տանից: Էդ որ լսեց, կինը կարկամեց, թե
- Ես հղի, ուր որ ա ութերորդրդ երեխադ կծնվի, անգամ շարժվել չեմ կարող, ես ո՞նց բերեմ էդքան երեխուն էստեղ, պահեմ, ուտացնեմ, խմացնեմ: Մոռացի, ոնց դուրս ես արել, էդպես էլ գլուխ հանիր, կթողնեմ էնպես կփախնեմ, տեղս էլ չես իմանա, որ երեխեքին բերես մոտս...
Բարխուդարը գլխիկոր գնաց տուն, ճամփին ելք փնտրելով, էս խայտառակ վիճակից....Ոչ կնոջը տուն կարող էր հետ բերեր՝ ինքը էդ տղեն չի, գյուղում կծիծաղեն իր վրա, ոչ էլ երեխեքին է հետ վերցնելու էս շան աղջիկը, հաստատ ինադ ա ընկել....
Մեկ էլ Բարխուդարի գլխում մի միտք լուսարձակեց՝ ելքը կա, ինքը ոչ զագս ունի իր կնոջ հետ, ոչ էլ հայրություն ա ճանաչել: Դա որվել է, որպեսզի նպաստ ստանա կինը, որպես միայնակ մայր....
Դե որ ոչ զագս ունի, ոչ էլ հայրություն ա ճանաչել, բա էլ ի՛նչ իրավունքով են երեխաները օտար մարդու մո՞տ ապրում: Հաջորդ օրը, առավոտ շուտ երեխաներին հավաքեց, հագուստներից մի բողջա կապեց ու տարավ կնոջ հորանց տուն, ասելով, որ նաև սրանց հայրը լինելու մեջ չի վստահ, ոչ էլ կինը իրավունք ունի էսքան երեխուն իր մոտ թողնի, որովհետև հայրությունը չի ճանաչել, օրենքը իր կողմն ա:
Ռոհունդը, ում Համեստ էին ասում մտերիմները, ասաց՝ լավ, դու ճիշտ ես, ուրեմն սրանից հետո, էս կողմը չթեքվես:
Բարխուդարը, ով սպասում էր արցունքների, սկանդալի, շփոթվեց հարցի էսքան հեշտ լուծվելուց: Թեթևացած, կարծես ուսերից մի բեռ էր ընկել, արագ շուռ եկավ, փախնելու նման հեռացավ
կնոջ ու երեխաների մոտից;
Խանութից բան-ման վերցրեց վերջի կոպեկներով, մի հատ էլ կոնյակ ու ու ուղիղ այրի Զարուհու տուն գնաց: Զարուհին ներս հրավիրեց, սուրճ դրեց, Բարխուդարը մի բոլ բողոքեց իր կնոջից, ուրախ հայտնեց, որ վերջնական ազատվել է նրանից, անգամ ալիմենտ չի կարողանա պահանջել երեխաների համար, իրավունք չունի, օրենքով՝ ինքը սիրուհու նման մի բան ա եղել իր կյանքում, թող էդ պահով Զարուհու խիղճը հանգիստ լինի, հաց պանիր կերան, պոմիդորով ձվածեղ, վրայից կոնյակը խմեցին, սերը պատեց երկուսի ուղեղն էլ, որպես ազատ մարդիկ, սիրեցին իրար՝ Զարուհու մեծ մահճակալի վրա:
Ու երբ արդեն խաղաղվեեցին, հանդարտվեցին, սիրտները սուրճ էր ուզում, Զարուհին սուրճի ու պեսոկի տեղն ասաց, Բարխուդարս խելոք գնաց սուրճ եփելու՝ կյանում առաջին անգամ....Ճիշտ ա սուրճ եփելը հեչ իր սրտով չէր, ինքը էդ տղեն չէր, ամբողջ կյանքում իրեն են մատուցել սկուտեղի վրա, բայց մնացածը լրիվ երջանկություն էր:
Երբ սուրճը պատրաստեց, բերեց վայելում էին, Զարուհին մեղմիկ ասաց....Տեսա՞ր էսօր ինչ եղավ;
Բարխուդարը ասաց՝ տեսա....
Զարունհին էլ, թե՝
- Էն իչն եղավ էսօր, էլի կարող ա կրկնվի, եթե էս սուրճը որ հիմա խմում ես, դու բերած լինես, էն հացը որ կերար, դու առած լինես, էն գազը որ վառեցիր, որ դու վճարես, էս կնկան որ սիրեցիր, որ դու լինես իր տերը, ապահովես ամեն ինչով, հոգ տանես.... Ձմռանը՝ փետը բերես, տունը տաք պահես: Ամռանը մրգերն ու բանջարեղենը բերես, ես բեջարեմ, դու բանկաները պտտես, փակես, ձմռանը ուտելու բան ունենանք: Ու ամենակարևորը, երբ ուզենամ՝ գաս, երբ չուզենամ՝ երբեք չանհանգստացնես:
Ու մի հատ քեզ դիր իմ տեղը, ես ինչու՞ պիտի իմ անդարդ գլուխը դարդի տակ դնեմ, անկողնային հորդ տակը փոխեմ, հիվանդ մորդ դարդը քաշեմ, գուցե երեխա էլ ունենամ, հիմա էլ դնեմ ապացուցեմ, որ քոնն ա, թե քոնը չի...
Կարող ես երբեմն գալ, բայց իմացիր, էս սիրուն աղջկա՝ ու մատով ցույց ա տալիս ինքն իրեն, բոլոր հոգսերը պիտի հոգաս...Ես քո կնոջ նման չեմ, որ երբ ուզենաս, քնես հետս, չուզենաս, չքնես, սաղ գործերը ես անեմ, դու ազատ ֆռֆռաս...Տես, Բարխուդար, ես քեզանից իսկական տղամարդ կարող եմ սարքել, էնքան ա, դու ուզենաս:
Բարխուդարիս քեֆը թողեց, խմած կոնյակը օրգանիզմից կարծես ցնդեց վայրկյանական, օյաղացավ, լսածից շոկի մեջ ընկավ, բայց սասաց՝ հա, խնդիր չի, ես բա էդ տղեն ե՞մ, որ քեզ անտեր թողնեմ...
Ու՝ գլխապատառ փախավ Զեփյուռից, դեպի իր տուն:
Տունը դատարկ էր, ծեր ծնողները ամեն մեկը մի անկյունում ծվարած, տխուր, անխոս, դարդի մեջ կորած ու անխնամ...
Բարխուդարը գլուխն առավ ափերի մեջ, տեսավ, որ ինքը ոչ մեկն է առանց իր Ռոհունդի, ում Համեստ էին միշտ ասում, դե արդեն իր արածի համար փոշմանել էր, բայց շատ դժվար էր թքածը լիզել....
Կինն էլ հորանց տանը գիշեր ու ցերեկ իր ու երեխաների ապագայի մասին էր մտորում:
Ու եկավ այն եզրակացության, որ Բարխուդարը եթե իրեն բանի տեղ չի դնում, չի գնահատում, ապա դրա մեղավորը միայն ինքն է;
-Էնքան ասել եմ՝ ես հեչ, ես հեչ, թող մնացածին լավ լինի, որ տանը բոլորը ինձ ՛՛հեչի՛՛ տեղ են դրել, չեն հարգել:
Ծնողների տանը նեղվածք էր, բայց զգում էր, հետ դառնալ բոլորովին չի ուզում; Զարմանում էր, թե ինչու՞ է տարիներով, , փաստացի լրիվ նեմակ, առանց ամուսին, առանց հարգանք ու սեր մտել էդքան լծի տակ: Ու հիմա էլ, որպես վերջին մի անբարոյականի, դուրս են գցել , ամբողջ գյուղը իրենից է խոսում...
Անքուն գիշերներ անց կացրեց Ռոհունդը, գցեց, բռնեց, տառապեց ու տապակվեց, բայց արդեն վստահ գիտեր, որ չի ցանկանում վերադառնալ հին կյանքին....
Ու անհամբեր սպասում էր, որ Բարխուդարը գար իր ետևից, սրտի եղածը ասեր, հանգստանար: Նաև մերժեր ու դուրս գցեր տանից, որպես վերջին մի դավաճանի:
Ու Բարխուդարը չուշացավ.....