Սա դեռ նախանախագիծ է: Համահեղինակները ողջունվում են իրենց բարեփոխման առաջարկներով և նույնիսկ այլընտրանքային տարբերակներով:
ԲԱՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Առաջարկում ենք արդեն 2011թ.-ի աշնանը, քաղաքացիական հանրության ջանքերով, ընտրել ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, գուցե նաև ձևավորել ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ:
Առաջարկությունը հասցեագրված է քաղաքացիական ողջ հանրությանը, սակայն հատկապես այն քաղաքական միավորներին, որոնք իրավամբ դժգոհում են, որ ժողովրդավարությունը Հայաստանում ոտնհարված է և ընտրությունների կեղծման ձևավորված ավանդույթը անարդյունավետ և նույնիսկ անիմաստ է դարձնում իրենց մասնակցությունը պաշտոնական ընտրություններին:
Ակնհայտ է, որ նման առաջարկությունը չի վերաբերում իշխանական ճամբարի միավորներին, որոնք, մեծ ցանկության դեպքում, դյուրությամբ կարող են իմաստազրկել այն` ընդունելով արդար ընտրական օրենսգիրք և չկեղծելով հերթական պաշտոնական ընտրությունները:
Կասկածում ենք, որ մեր առաջարկությանը անտարբեր կամ նույնիսկ դեմ կլինեն այն քաղաքական միավորները, որոնք, իրենց կարծիքով, գերիշխող դիրք ունեն ընդդիմադիր դաշտում կամ դրա որևէ հատվածում և հակված են խուսափել բաց քաղաքական մրցակցությունից` չվտանգելու համար իրենց ներկայիս դիրքը:
Փոխարենը, առաջարկությունը որոշ հնարավորություններ է ստեղծում մյուս ընդդիմադիր քաղաքական միավորների, ինչպես նաև քաղաքացիական խմբերի և անհատների համար: Դրանք բազմաթիվ են և յուրաքանչյուրը կարող է տեսնել հատկապես իրեն հետաքրքրողը, սակայն հատուկ ուշադրության են արժանի Այլընտրանքային խորհրդարանի հետևյալ ընդհանրական հնարավորությունները.
• Այլընտրանքային խորհրդարանում տարբեր գաղափարներ ունեցող քաղաքական միավորները և քաղաքացիական խմբերը կարող են միաժամանակ թե մրցակցել, թե համագործակցել` զարգացնելով Հայաստանի քաղաքական դաշտում, այդ թվում ընդդիմադիր բևեռում խիստ պակասող ժողովրդավարական մշակույթը:
• Այլընտրանքային խորհրդարանը կարող է դրսևորման ասպարեզ հանդիսանալ նոր գաղափարների և դրանց նոր կրողների համար` պայմաններ ստեղծելով քաղաքական դաշտի վաղուց պահանջված գաղափարական և անվանական սերնդափոխության համար, և վերջ տալով բոլոր ժամանակների հայաստանյան ընդդիմության պատեհապաշտական, ռևանշիստական, կռապաշտական և ամբոխվարական ավանդույթին:
• Այլընտրանքային խորհրդարանը կարող է ծառայել որպես ընդդիմության միավորման իսկապես ժողովրդավարական հարթակ: Պաշտոնական ընտրություններին համատեղ մասնակցելու անհրաժեշտության դեպքում, Այլընտրանքային խորհրդարանի ընտրությունները կարող են ծառայել որպես միասնական ցուցակի ձևավորման առարկայական հիմք, իսկ դրանց ընթացքը` որպես հավելյալ քարոզչության և համակիրների զորաշարժի միջոց:
• Իշխանության ճգնաժամի դեպքում Այլընտրանքային խորհրդարանը և նրա ձևավորած Ստվերային կառավարությունը կարող են հանդես գալ, որպես ճգնաժամի հաղթահարման կազմակերպական կենտրոններ և ժամանակավոր իշխանության պատրաստի մարմիններ:
• Վերջապես, Այլընտրանքային խորհրդարանը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ կձևավորվի, որպես այդպիսին կճանաչվի և հանրությանը կներկայացվի Հայոց պետականաշինության հաջորդ փուլի գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը:
Այլընտրանքային խորհրդարանը` այս առաջարկությունը պաշտպանողների կազմից և խնդիրներից կախված, կարող է ունենալ տարբեր կառուցվածք և ընտրության կարգ, սակայն խիստ ցանկալի է, որպեսզի դրանց հիմքում դրված լինեն հետևյալ սկզբունքները:
• Այլընտրանքային խորհրդարանի ընտրություններին մասնակցելու իրավունք և հնարավորություն պետք է ունենան բոլորը: Այն կարող է ծառայել իր նպատակին միայն ընտրողների զանգվածային մասնակցության և թեկնածուների բազմազանության պայմաններում:
• Միաժամանակ այդ մասնակցությունը պետք է լինի պատասխանատու: Դրա լավագույն միջոցը ինքնաֆինանսավորումն է: Այլընտրանքային խորհրդարանի ֆինանսավորումը հիմնականում պետք է իրականացվի դրան ընտրող քաղաքացիների մասնակցության վճարներից: Թեկնածուների, նրանց սատարող քաղաքական միավորների և քաղաքացիական խմբերի ֆինանսական մասնակցությունը, ինչպես նաև կողմնակի նվիրատվությունները, պետք է սահմանափակվեն, որպեսզի չազդեն մյուսների մասնակցելու հնարավորության և քվեարկությունների արդյունքների վրա:
• Ընտրողները պետք է միանգամից բազմաթիվ թեկնածուներ ընտրելու և թեկնածուներին վարկանշելու հնարավորություն ունենան:
• Ընտրությունը պետք է լինի պակաս կուսակցականացված: Կուսակցությունների մասնակցությունը պետք է ողջունվի, սակայն դա չպետք է սահմանափակի անհատ թեկնածուների հնարավորությունները: Ընտրողները չպետք է ստիպված լինեն ընտրել կուսակցությունների միջև, պետք է հնարավորություն ունենան ընտրել ինչպես տարբեր ցուցակների պատկանող թեկնածուներ, այնպես էլ միևնույն ցուցակի իրենց նախընտրած թեկնածուներին:
• Քվեարկությանը պետք է նախորդի նախընտրական քարոզչությունը: Ընտրողները պետք է ստանան բոլոր թեկնածուների տրամադրած նյութերը, հնարավորություն ունենան հետևելու բանավեճերին, հարցեր տալու: Միայն դրանից հետո նրանք պետք է ընտրություն կատարեն:
• Քարոզչության, ինչպես նաև ընտրողների գրանցման և քվեարկության կազմակերպման նպատակով լայնորեն պետք է օգտագործվեն համացանցի հնարավորությունները
• Այլընտրանքային խորհրդարանում կարող են գործել ինչպես կուսակցական խմբակցություններ, այնպես էլ խմբեր ըստ նախասիրությունների:
• Այլընտրանքային խորհրդարանի ընտրությունը և ընթացիկ գործունեությունը պետք է լինեն բացարձակ հրապարակային:
• Այլընտրանքային խորհրդարանի որոշումները հիմնականում հավաքական դիրքորոշումներ են, որոնք արտահայտվում են հայտարարությունների և այլընտրանքային ծրագրերի տեսքով: Դրանք պետք է կայացվեն որակյալ մեծամասնությամբ: Փոքրամասնությունը այդ որոշման համար պատասխանատվություն չի կրում և անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել, որոշմանը զուգահեռ, իր հատուկ կարծիքի հրապարակումը:
• Այլընտրանքային խորհրդարանի անդամները պաշտոնական ընտրություններին կարող են մասնակցել Այլընտրանքային խորհրդարանի անունով: Պաշտոնական ընտրություններին մասնակցելու, չմասնակցելու կամ դրանք բոյկոտելու հարցը որոշվում է պատեհ պահին, ղեկավարվելով քաղաքական նպատակահարմարությամբ: Թեկնածուների ցուցակը ձևավորվում է կամ Այլընտրանքային խորհրդարանի վերջին ընտրության արդյունքների հիման վրա կամ կազմակերպվում է հատուկ քվեարկություն: Պաշտոնական ընտրություններին մասնակցելու որոշմանը դեմ, դրանք բոյկոտող թեկնածուների կամ խմբակցությունների քվեները հանվում են ընդհանուր հաշվարկից:
• Ստվերային կառավարությունը պետք է ձևավորվի Այլընտրանքային խորհրդարանի որակյալ մեծամասնության հավանությամբ և միշտ վայելի այդպիսի մեծամասնության աջակցությունը: