Մտավորականություն

Jun 22, 2010 02:13

Այդ բառը միշտ չեմ սիրել, քանզի այն զրկում է մյուսներին մտավոր ունակություններից. այսպես ասած արհեստական` դասակարգային հասկացություն է` ստեղծված ու տարածված ագիտացիոն նպատակներով: Ամեն դեպքում, քանի որ Սովետական արվեստագետները դեռ կան ու իրենց այս դասին են կարգում, հաճախ լսում ենք մեր «մտավորականության» լռությունը ու զայրանում, կամ էլ լսում ենք նրանց կողմից արտահայտված քաղաքական պատվեր ու բարկանում:
«Մտավորականության» նեղ իմաստը մի կողմ գցած, արվեստի մարդկանց միշտ ընկալել եմ որպես անհատներ, որոնք ունեն կուռ արժեքներ ու սեփական աշխարհայացք ու անկախ ամեն ինչից նրանց դատողությունները հիմնվում են այդ արժեքների վրա: Նայեք Սերժ Թանկյանին, կամ Թոմ Քրուզին, կամ էլ սկանդալային Շինեյդ Օու Քոներին, ու կարող եմ շատ-շատերին թվարկել:
Մեր բլոգային աշխարհում մտածող բլոգերներն անթիվ են, ու ես շատ եմ ուրախանում սույն փաստով: Սակայն չունենք իրոք արվեստագետ բլոգեր: Չունենք այն, ինչ նեղ իմաստով ընկալվում է «մտավորականի կարծիքը շուրջբոլորի մասին»: Այս առումով միակ բլոգերը, որ մշտապես կարդում եմ Ստանիսլավ Սադալսկին է: Նրա նման եմ ես պատկերացնում ազատ, սեփական ու խորը աշխարհայացքով արվեստագետ բլոգերին, որը առաջին հայացքից անբռնազբոս, ցինիկ ու մակերեսային է գրում, սակայն ընթերցելուց հետո հասկանում ես արժեքների խորության աստիճանը:
Խորհուրդ եմ տալիս ամեն օր նրան կարդալ: Իսկ հայկական բլոգոսֆերայում, իրոք կան արժանի բլոգերներ, զորօրինակ Գիլանցը, սակայն քանի՞սն են ծանոթ նրանց արվեստին ռեալ` ոչ վիրտուալ աշխարհում ու արդյո՞ք նրանց խոսքը կարձագանքի զանգվածների ուղեղում ու կգտնվեն հետևորդներ:

Արվեստ, Սովետական տերմիններ, Քաղաքականություն

Previous post Next post
Up