Սիրելի հայրենակից ընկերներ:
Ամիսներ առաջ բոլորիս շատ սիրելի Նոնինոն մի քանի անգամ արծարծել է ազատագրված տարածքների բնակչությանը նվազագույն կերպով աջակցելու հնարավորությունների մասին հարցը: Քաջ գիտակցելով հավաքագրվելիք սակավաչափ միջոցների նպատակային կերպով ուղորդելու և վերջինիս հարատև բնույթ հաղորդելու կարևորությունը` առաջարկում եմ ուսումնասիրել «Մենք» գյուղացիական փոխօգնության միությանն անդամագրվելու նպատակահարմարությունը`որպես ժամանակով փորձված և նկատելի արդյունքներ արձանագրած տարբերակ:
Տիգրան Կյուրեղյանն անմիջական կազմակերպական ներդրում ունի Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածի և Քարվաճառի տարածքի հարավային մասի վերաբնակեցմանը: Տիգրանը Քաշաթաղում ու Քարվաճառում համընդհանուր հարգանքն ու սերը վայելող ազնվագույն հայ է: (Բարեբախտաբար նա բլոգեր չէ և գրածս չի կարդում)
Եթե ձեզ կհետաքրքրեն մանրամասները, ապա Տիգրանի հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով` 093 36 13 75:
Ցանկության դեպքում նրա հետ կարելի է կազմակերպել նաև հանդիպում: Նույնպես` սքանչելի գաղափար:
Կարդացե՛ք ստորև «Բարև հայեր» նամակը:
«Մենք» գյուղացիական փոխօգնության միությունը հասել է մի շատ կարևոր հանգրվանի: Արդեն ավելի քան երկու տարի առանց լուրջ լրացուցիչ ներդրումների «Մենք»-ը կարողանում է գոյատևել և կատարել իր առաքելությունը Քաշաթաղի շրջանում: Անցած երկու տարիների ընթացքում «Մենք»-ը բացառապես իր միջոցներով իրականացնում է «Ապագա» ծրագիրը, որն իր էությամբ բարեգործական, այլ ոչ թե ներդրումային ծրագիր է: «Ապագա» ծրագրով Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերում արդեն հատկացվել է 1.3 միլիոն դրամ գումար: Վերջին երկու տարիների արդյունքները միայն ու միայն «Մենք» գյուղացիական փոխօգնության միության անդամների և այդ տարիներին միությանը իր ներդրումներով աջակցող Մեխակ Գաբրիելյանի շնորհիվ է: Այս տարին դեռևս չի ավարտվել, բայց արդեն կարող ենք արձանագրել, որ միության ծրագրերը տարվա ընթացքում շուրջ 3 միլիոն դրամի չափով աճել են:
Միևնույն ժամանակ «Մենք»-ը խնդիրներ ունի որոշ ներդրողների կատարած ներդրումները հետ վերադարձնելու հետ կապված: Իմ կարծիքով դա կարելի է անել միայն լրացուցիչ ներդրումների, կամ էլ համարժեք այլ ծրագրերի առկայության դեպքում: Առայժմ «Մենք»-ի ներդրողները համաձայնվում են այդ կարծիքին:
Կարծում եմ, որ «Մենք» գյուղացիական փոխօգնության միությունը կարող է իր ծրագրերն իրականացնել և զարգացնել նաև իր անդամության բազան Քաշաթաղում չբնակվող, բայց և այդ տարածքի ճակատագրով մտահոգ հայերով ընդլայնելու հաշվին:
Այսպիսով կոչ եմ անում «Մենք» գյուղացիական փոխօգնության միության գործունեությանը քիչ թե շատ ծանոթ մարդկանց անդամագրվել «Մենք»-ին, դառնալ «Մենք»-ի ծրագրերի մասնակիցը և թեկուզև անդամավճարի չափով համաֆինանսավորողը: «Մենք» գյուղացիական փոխօգնության միությանը անդամագրվելու համար անհրաժեշտ է մուծել մուտքի վճար 12 հազար դրամի չափով: «Մենք»-ի անդամը պարտավոր է մուծել անդամավճար` տարեկան 12 հազար դրամի չափով:
Բոլոր հետաքրքրվողներին պատրաստ եմ ներկայացնել «Մենք»-ի մասին ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև աջակցել տեղում` Քաշաթաղի շրջանում, ծանոթանալու «Մենք»-ի ծրագրերի ընթացքին:
«Մենք» գյուղացիական
փոխօգնության միության
նախագահ Տիգրան Կյուրեղյան