Արմեն Աղայան` Բանավեճ իրավունքի և պարտականության մասին

Jan 29, 2010 15:07

Իրավունքը և պարտականությունը նույն երևույթի հակառակ երեսներն են: Մեկի իրավունքը պարտականություն է առաջացնում ուրիշի համար և հակառակը: Սակայն շատ էական է, թե մենք հանրային փոխհարաբերությունների «իրավունք-պարտականություն» զույգի որ կողմն ենք կարևորում պետական համակարգում:

Արևմտյան քաղաքական մշակույթը, մարդուն հայտարարելով գլխավոր արժեք, կուռքի է վերածել նրա իրավունքներն ու ազատությունները, որոնք ենթադրաբար սահմանափակված են միայն ուրիշ մարդու համանման իրավունքներով: Փոխարենը պետական մարմինները հիմնականում պարտականություններ ունեն և լիազորություններ` ապահովելու համար քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Այս համակարգը ակնհայտ առավելություններ ունի ինչպես ստրկատիրության հին ու նոր ձևերի, այնպես էլ իրավունքների ոտնահարման ժամանակակից դրսևորումների համեմատ: Սակայն այն վտանգավոր կերպով իմաստափոխում է մարդու հանրային գործառույթը, քանի որ մերժում է նրա պարտականությունների առաջնային բնույթը, ընդհանրապես շրջանցում է դրանք, փոխարինելով արհեստածին կեղծ իրավունքներով:

Մենք, ընդհակառակը, համոզված ենք, որ մարդը չունի ի վերուստ տրված ի ծնե իրավունքներ, այլ ունի միայն պարտականություններ` անկախ նրանից գիտակցում է դրանք, թե ոչ: Մենք չունենք ապրելու իրավունք, այլ միայն պարտականություն` ապրելու և կյանքը պաշտպանելու: Մենք չունենք խոսքի ազատություն, այլ ունենք միշտ ճշմարտությունը բարձրաձայնելու պարտականություն: Մենք չունենք ընտրելու կամ ընտրվելու իրավունք, այլ պարտավոր ենք մասնակցել մեր համայնքի և պետության ինքնակառավարմանը: Մեր երեխաները չունեն կրթության իրավունք, այլ մենք, իբրև ծնողներ ունենք նրանց կրթելու պարտականություն: Մեր ծերերը և հաշմանդամները չունեն խնամքի իրավունք, այլ մենք, իբրև զավակներ և հարազատներ, ունենք նրանց խնամելու պարտականություն: Մենք չունենք ամուսնանալու իրավունք, այլ պարտավոր ենք ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, խնամել և դաստիարակել նրանց, ապահովել մեր տեսակի շարունակականությունը:

Բոլոր այս պարտականությունները բարոյական են, չկատարվելու դեպքում պատժելի չեն, քանի որ դրանից առաջին հերթին տուժում է մարդն ինքը, նրա ընտանիքը և հայրենակիցները: Ամեն տեսակի իրավունք ծնվում է մեր պարտականություններից: Դրանք ստանձնելով մենք` նախ գոյության, հետո ազատության, վերջապես երջանկության իրավունք ենք շնորհում մեր ընտանիքներին, համայնքներին, ազգին, և նույնիսկ մարդկությանը: Ինքներս էլ ապրելու, գործելու և հոգևոր խաղաղության իրավունք ենք ձեռք բերում, եթե տեր ենք կանգնում մեր պարտականություններին: Մնացած բոլոր իրավունքները, որ հանրային կյանքում ճանաչում ենք որպես արդար, ածանցվում են վերոհիշյալ երեքից:

Միայն անհատները չէ, որ պարտականություններ ունեն: Նրանց ազգային պարտականությունները գումարվելով վերածվում են տվյալ ազգի միասնական պարտականության` ինչպես իր համայնքների և ընտանիքների, այնպես էլ համայն մարդկության նկատմամբ: Նույնպիսի պարտականություններ ունեն նաև ընտանիքները և համայնքները: Ազգային պետությունում քաղաքացի-պետություն իրավահարաբերություններին փոխարինելու է գալիս ընտանիքների, համայնքների և ազգի փոխադարձ պարտականությունների համակարգը: Այսպիսով անչափ կարևորվում է ՙիրավազուրկ՚, բայց պատասխանատու անհատի դերը, առանց որի ընտանիքները, համայնքները կամ ազգերը չեն ունենա ոչ մի իրավունք և ոչ էլ կկատարեն միմյանց նկատմամբ ունեցած իրենց պարտականությունները:
Շեշտադրման տեղափոխումը իրավունքից դեպի պարտականություն փոխում է հանրային փոխհարաբերությունների ողջ բնույթը: Գործող համակարգում մարդիկ իրենց բնական պարտականությունները փորձում են կատարել կամ պետությունից բոլորովին անկախ կամ նրանից պահանջելով սահմանադրությամբ խոստացված արհեստածին և երբեմն էլ անարդար իրավունքները: Սակայն, անգամ բավարարվելու դեպքում, այդ իրավունքները անհրաժեշտ հնարավորությունը չեն ընձեռում ազգային կամ համայնքային պարտականությունները կատարելու համար: Ավելին, օրենսդրությամբ ուղղակի խրախուսվում է մարդու` իր պարտականություններին հակառակ, անբարո և անարդար վարքագիծը:

Մենք վստահ ենք, որ անբնական իրավունքներ հորինելու և խոստանալու փոխարեն, ազգային օրենսդրության շնորհիվ, կարող են և պետք է ընդլայնվեն քաղաքացիների կողմից իրենց բնական պարտականությունները կատարելու հնարավորությունները: Մասնավորապես, այդ դեպքում սեփական իրավունքների թմբկահարմանը, դրանց միջոցով այլոց շահերին հակադրվելուն, ազատությունների կամայական և հաճախ անբարո մեկնաբանություններին կփոխարինի սեփական քայլերի արդարությունը և հանրային նշանակությունը հիմնավորելու անհրաժեշտությունը: Տնտեսությունում` առանձին հաջողակների հարստանալու իրավունքին կփոխարինի շնորհալի կառավարիչների և ներդնող ընտանիքների ազգային և համայնքային տնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը և կառավարմանը մասնակցելու հնարավորությունը: Արմատապես կփոխվի արդարադատության համակարգը: Օրենքի ձևական հավասարությանը և այն կիրառողների ենթադրյալ անաչառությանը կփոխարինեն ներքին սպառնալիքներից պաշտպանվելու, դրանց կոնկրետ բնույթին և չափերին համեմատ հակազդելու ազգային և համայնքային կառույցների պարտականությունները, ինչպես նաև սպառնացողների նկատմամբ արդարության հաստատման գործում նրանց ընտանիքների, հետո համայնքների առաջնահերթ մասնակցությանը:

Իրենց պարտականությունների զգալի մասը քաղաքացիները պետք է կարողանան իրականացնել մասնագիտացված կազմակերպությունների կամ պետական հաստատությունների միջոցով: Դրա համար նրանք պետք է այլընտրանքային ընտրության հնարավորություն ունենան, իսկ ընտրութունից հետո այդ հաստատությունների անդամ լինեն, հնարավորություն ունենան մասնակցելու յուրաքանչյուրի ընթացիկ ինքնավարությանը և վերահսկողությանը, վերակազմավորմանը և արդիականացմանը: Ազգային պետությունը կոչված է կանոնակարգելու այդպիսի հաստատությունների գործունեությունը և ինքն էլ պետք է հանդես գա որպես նման հաստատությունների ամբողջություն:
Այսպիսով, մենք համոզված ենք, որ մարդու ներկայիս բազմապիսի և մտացածին իրավունքները և ազատությունները պետք է փոխարինվեն միայն մեկով` անձնական պարտականությունները ստանձնելու և իրականացնելու իրավունքով: Իսկ պարտականությունների կատարման օրենսդրորեն ամրագրված, իրական և լայն հնարավորությունների առկայությունը մարդուն կզրկի անձնական պատասխանատվությունից խուսափելու, սեփական անզորությունը վկայակոչելով և ուրիշներին մեղադրելով արդարանալու հնարավորությունից, կվերադարձնի նրան ազգային և համայնքային կյանք: Իսկ պետությունը մարդկանց իրավահարաբերությունների կարգավորող համակարգից կվերաճի համազգային, ինչպես նաև համայնքային մտագործունեության կազմակերպչի:

Политика, "Армянский выбор", Армянский мир, Армения

Previous post Next post
Up