Արմեն Աղայան` Բանավեճ պետության և Հայրենիքի մասին

Jan 29, 2010 14:32

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խումբը ս.թ. հունվար ամսին սկսել է ներքին քննարկումները` կուսակցության ապագա ծրագրի ընդարձակ տարբերակի մշակման ուղղությամբ: Ստորև ներկայացնում եմ խմբի անդամ Ա. Աղայանի հեղինակած գրություններից մի քանիսը, որոնք կրում են «բանավեճ» խորագիրը

Արևմտյան քաղաքական պատկերացումներում պետություններն  ազգային բովանդակությունից անկախ, վերացական միավորներ են` որոշակի տարածքում, դրա բնակչության կառավարման համակարգեր: Ավելին, ըստ այդ ընկալման ազգ է համարվում տվյալ պետության բնակչությունը, անկախ իր իրական ազգային պատկանելությունից: Հայրենիք է համարվում պետության տարածքը` անկախ տվյալ ժողովրդի բնօրրանը լինելու հանգամանքից: Դա պետություններին դարձնում է միջազգային հարաբերությունների առաջնային դերակատարներ, հետին դիրք մղելով իրական դերակատարներին` ազգերին: Հող է նախապատրաստում պետությունների հետագա խոշորացման և վերջնական համաշխարհայնացման համար:

Ոմանց այս մոտեցումը ավելի հարմար է թվում մի քանի պատճառներով: Նախ պետական մարմիններին ավելի հեշտ է ընկալել որպես հավաքական գործող անձեր, քան ազգերին, որոնք առաջին հայացքից չունեն համազգային որոշումներ կայացնելու և գործադրելու կազմակերպական միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ ունեն սեփական պետություն: Բացի այդ, այսօր մեծ թիվ են կազմում բազմազգ և ապազգային երկրները: Ազգային ինքնագիտակցության բացակայությունը կամ ազգային փոքրամասնությունների մոտ այն ճնշելու անհրաժեշտությունը պետության ապազգային կաղապարը ավելի շահավետ է դարձնում: Վերջապես միջպետական տարածքային վեճերի զգալի մասը ազգային-պատմական պատճառներ ունեն և թվում է, թե պատերազմներից կարելի կլինի խուսափել, եթե հայրենիք հասկացությունը պայմանական և անորոշ որակվի, նույնացվի պետության փաստացի տարածքի հետ, և հռչակվի դրա ամբողջականության սկզբունքը:

Հայ ժողովրդին դժվար է հաշտեցնել նման աշխարհընկալման հետ, ոչ միայն մեր հայրենիքի մեծ մասի օտար տիրապետության ներքո գտնվելու, այլև այն պատճառով, որ մենք, տևական ժամանակ պետություն չունենալով հանդերձ, զուտ ազգային գործունեության հարուստ փորձ ենք կուտակել: Մեր պատմության տևական մի փուլում ազգային կազմակերպության դեր է կատարել Եկեղեցին, հետագայում իր տեղը զիջելով քաղաքական կազմակերպություններին, այդ թվում Սփյուռքում: Անկախ պետությունը ազգային կազմակերպությունների այս շարքում ամենաարդյունավետ, սակայն ոչ միակ կաղապարն է:

Մենք շարունակում ենք հավատալ, որ համաշխարհային պատմությունն առաջին հերթին ազգերի և նրանց փոխհարաբերությունների պատմությունն է: Ազգերն են մարդկային համակեցության բնական, հետևաբար հիմնական և առաջնային գործող անձերը, որ օժտված են սեփական հոգևոր արժեհամակարգով, պատմական չափում ունեցող միասնական մտագործունեության կարողությամբ, և որպես մարմին ունեն ազգային գենը սերնդից սերունդ փոխանցող իրենց ժողովրդին:

Ծնվելով որոշ առաքելությամբ նրանք շարունակում են պատմական ընթացքն այնքան ժամանակ, որքան որ համապատասխանում են իրենց կոչմանը: Մենք միշտ չէ որ գիտակցում ենք մեր ազգային առաքելությունը կամ բավարար պատկերացում ունենք նրա մասին: Սակայն կամքի ազատությամբ և ազգային պատասխանատվությամբ գործելու դեպքում, իբրև առանձին անհատներ կամ իբրև սերունդ, որպես կանոն, համապատասխանում ենք այդ առաքելությանը և նպաստում ազգային հարատևմանը: Եվ հակառակը, մերժում ենք ազգային առաքելությունը և սպանում ենք մեր ինքնությունը, երբ գտնվում ենք օտար, ինչպես նաև անձնական կամ հատվածական շահերի գերակա ազդեցության ներքո:
Եթե ժողովուրդը ազգի մարմինն է, ապա հայրենիքը նրա տունն է: Հայրենի բնության հետ շփման մեջ է ծնվում և զարգանում մարդկային յուրաքանյուր տեսակ, ձևավորվում են նրա ազգային առանձնահատկությունները, բնավորությունը, մշակույթը, ավանդույթը և կենսաձևը: Հայրենիքում են ժողովուրդները իրենց անվտանգ զգում, այնտեղ են միայն նրանք կարողանում պահպանել իրենց ազգային ինքնությունը: Հայրենիք կորցրած և այդ հայրենիքի համար այլևս չպայքարող ժողովուրդները դատապարտվում են չգոյության: Միաժամանակ Հայրենիքը կամ նրա հատվածը երբեք վերջնականապես կորած չէ, քանի դեռ մենք այն հայրենիք ենք համարում, քանի դեռ չի մարել այն ազատագրելու հույսը և կամքը: Ազգերի բնական պահանջն է տեսնել իրենց հայրենիքը ամբողջական, որպես մեկ անկախ պետություն:

Ի տարբերություն ազգի կամ հայրենիքի, պետությունները մարդու կողմից ստեղծված արհեստական կառույցներ են: Դրանք կարող են ծառայել և որպես ժողովուրդներին իշխելու կամ կառավարելու գործիքներ, և որպես արդյունավետ ազգային ինքնավարություն: Պետության այս երկու նշանակությունները հակասում են միմյանց հատկապես ազգայնորեն միատարր երկրներում: Դրանք ենթադրում են բոլորովին տարբեր և միմյանց հետ անհամատեղելի պետական կառույցներ և ներքին փոխհարաբերություններ: Պետությունների ազգայնացման շարունակվող միտումը` պետական կազմակերպության նշանակության մասին առկա պատկերացումները փոխելու, պետականության նոր մշակույթ ձևավորելու անհարժեշտություն է ծնում առնվազն ազգ-պետությունների համար: Այն անխուսափելիորեն բախվելու է պետությունների ապագային վերաբերող մյուս մոտեցման հետ, որը բխում է համաշխարհայնացման այն տեսություններից, որտեղ ազգերը, հետևաբար նաև ազգային պետությունները ապագա չունեն, ենթակա են լուծարման կամ միավորման:

Պետության բնույթի մասին այս հակադիր պատկերացումները այսօր հատկապես սուր են բախվում Հայաստանում, որտեղ արդեն ներդրվել և հիմա փորձ է արվում վերջնականապես ամրագրել պետության արևմտյան` ապազգային կաղապարը: Դրանում հակադրվում են հայն ու հայաստանցին, անհատն ու ընտանիքը, ազգային նպատակադրմանը փոխարինում է պետության վերացական շահը, կորցված հայրենիքը այլևս չպետք է նպատակ լինի, այլ մնա սոսկ պատմական հիշողություն: Հաջորդ փուլում ենթադրվում է վերջնականապես լուծարել անգամ այսպիսի պետությունը և կցել այն ավելի խոշոր, համաշխարհային կառավարման տեսակետից ավելի հարմար, տարածաշրջանային, վերազգային պետական կազմավորումների, ինչպիսին Եվրամիությունն է:

Հակառակ արևմտյան պետական մշակույթի զորավոր թափանցմանը, Հայ ժողովրդի մոտ գերակայում է ազգային պետականակենտրոն մտածողությունը: Մենք շարունակելու ենք ընկալել պետությունը որպես սեփական հայրենիքում ազգային ինքնակազմակերպման համակարգ, ձգտելով պետական հաստատությունների կառուցվածքը և դրանց փոխհարաբերությունների հիմքում դրված սկզբունքները առավելագույնս համապատասխանեցնել ազգային բնական կառույցին և ներքին փոխհարաբերությունների առանձնահատկություններին:

Политика, "Армянский выбор", Армянский мир, Армения

Previous post Next post
Up