Արշավ դեպի Վարդենիս լեռ, 3521 մ (2021․08.11)

Jan 18, 2022 16:12

Վարդենիս լեռը հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր սարերից մեկը (3521 մ) և միաԺամանակ նույնանուն լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Տարօրինակ է, բայց համացանցում լեռան և վերելքների մասին տեղեկություն գրեթե չկա։ Միայն ֆեյսբուքում հարցում կատարելիս իմացա, որ սարը կարելի է բարձրանալ Վայոց Ձորի կողմերից (շնորհակալություն Արթուր Դավթյանին տեղեկության համար)։
Մեքենայով գնացի դեպի Վարդահովիտ, այնտեղից հասա ինչ-որ կիսալքված գյուղ, որը Գուգլում ներկայացված է որպես Գետիկվանք։ Այդտեղից էլ որոշեցի գնամ մինչև ուր մեքենան կտանի։ Բարեբախտաբար մեքենան ամենագնաց էր և հասա մինչև մի անանուն թամբ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի միջև։ Ճիշտն ասած չափից մոտ հասա լեռանը, և ինչպես տղաս է ասում դաղալություն արեցի, բայց շատ ուժեղ մեջքի ցավ ունեի և մտածեցի, որ դա լավ պատճառ է մի քանի կիլոմետր տնտեսելու համար։
Թամբից արդեն երևում էր Վարդենիսը իր ողջ վեհությամբ։


Թամբը գտնվում է 3060 մետրի վրա։ Այստեղից լեռան գագաթը որպես թիրախ պետք է վերցնել և քայլել կատարով իր ուղղությամբ։ Առանձնապես դժվարություն այստեղ չկա՝ քայլարշավը շատ թեթև և հաճելի է։ Միակ "դժվարությունը" ինչ որ անհասկանալի, Կաֆկաի ոճով, գրառումներն էին։ Ենթադրում եմ արված են, որ տեղացի անասնապահներին հեռու պահեն սահմանից։



Մեկ ու կես ժամից արդեն գագաթում էի։



Առաջ այստեղ մետաղյա տրիանգուլյատոր (եռանյունավորիչ) է եղել, բայց ինչ-որ վայրենիներ քանդել-ավիրել են։



Ինչպես միշտ գագաթից բացվող տեսարանները ապշեցուցիչ են։


Ներկայացնեմ որոշ շքեղ տեսարաններ և վեհաշուգ հայկական սարեր։
Ներքևի նկարում Սևանն է։ Այդ ուղղությամբ ամպերը շատ էին և չէին թողնում Սևանը լավ երևար։



Այստեղ ներքևում հանգչած հրաբուխ Վայոց սարն է (2577)։



Նույնպես հանգչած հրաբուխ Փորակն է (3048), առջևի պլանում Սանդուխտասարի գագաթն է (3454)։ Սանդուխտասարը ցավոք փակում էր Ալ լճի տեսարանը, որը գտնվում է Փորակի ձախ կողմը։



Կարո՞ղ եք գուշակել որ սարերն են։ Թեև շատ մշուշոտ են, բայց վստահ եմ, որ ճանաչեցիք Գեղամա աժդահաներին՝ Սպիտակասարը (3555) և Աժդահակը (3597)։ Վարդենիսից գտնվում են 45 և 50 կմ հեռավորության վրա, համապատասխանաբար։



Ներքևի նկարում հեռվում Ծռասարն է (3616), այստեղից նույնպես մոտ 45 կմ հեռավորության վրա։



Ներքևի նկարի սարը գտնվում է մոտիկ՝ 25 կմ, տեղացիները կճանաչեն Սառցալի լեռը (3433) Ջերմուկի կողմերում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։


Ի դեպ այստեղից մինչև սահմանը, որը անցնում է Սանդուխտասարի գագաթով 5․5 կմ է։ Չեմ կարծում, որ իրական վտանգ կա ադրբեջանցիների կողմից (ավելի շատ վախենում էի մեր կողմի տավարներից, վերևի ցուցանակը վկա), բայց այնուամենայնիվ մի քիչ զգոն պետք է լինել։
Ճանապարհին տեսած հետաքրքիր բույսերին ու կենդանիներին ներկայացրել եմ Այնաթուրալիստում, ում հետաքրքիր է կարող է տեսնել այդտեղ։
Վերելքը տևեց չորս ժամ ընդհանուր։ Հեռավորությունը ընդհանուր՝ 11 կմ, ուղղահայաց գումարային վերելքը՝ 750 մ։



Նմանատիպ գրառումներ՝
Արագած, 4095 մ
Գոմշասար, 3724 մ
Արշավ դեպի Ծռասար, 3616 մ (2014.07.30)
Ավետիք Իսահակյանի 1904 թվականին Արագած բարձրանալու նկարագրությունը

Հայաստանի լեռները, Հայաստանի բնություն

Previous post Next post
Up