Արշավ դեպի Սալին Վոլի (Saline Valley), 2020.05.23-25

Aug 02, 2020 23:43

Այս տարի մայիսին կատարեցի բավականին հետաքրքիր շրջայց Քելսո անապատով (Kelso Dunes) և Սալին Վոլիով (Saline Valley) ինչի մասին և կլինի այս գրառումս: Հիմնական նպատակը Սալին Վոլիի անապատն ու տաք ջրերն էին, բայց ճանապարհին այցելեցի նաև Քելսո ավազուտները:
Ներքևի նկարում Սալին Վոլիի ավազուտներն են:


Saline Valley Dunes, aerial view, 2020.05.25

Սկզբից լցրեցի մեքենայիս բեռնախցիկը հազար ու մի մանրուքով և մայիսի 23-ի ուղիղ կեսօրին ընկա ճանապարհ:



Առաջին հերթին գնացի Քելսոի ավազուտների մոտ։ Այս ավազուտները հետաքրքիր են նրանով որ իբր թե "երգող" են, այսինքն քամուց ինչ-որ ձայներ են արձակում, ինչի մասին ես այդ պահին չգիտեի։ Միգուցե դրանով է բացատրվում որ երգը ես չլսեցի։ Բարձրացա ավազուտների ամենաբարձր կետին, ինչը հաշվի առնելով ավազի հոսողականությունը և օդի բարձր ջերմաստիճանը բավականին դժվար գործ էր։ Տեսքը ավազուտների գագաթից։


Kelso Dunes, 2020.05.23

Իջնելուց բախտս լավ բերեց և տեսա միայն այստեղ հանդիպող հազվագյուտ բզեզին՝ Պոլիֆիլա էոլուսին (Polyphylla aeolus)


Polyphylla aeolus, Kelso Dunes, 2020.05.23

Գիշերը լույս վառեցի, բայց առանձնապես հետաքրքիր կենդանություն չմոտեցավ։ Գիշերեցի ավազուտներում և առավոտ շարունակեցի ճամփաս։ Անապատից ոչ հեռու առաջին անգամ Ամերիկայում տեսա կրիա՝ Gopherus agassizii, որն ի դեպ ևս համարվում է հազվագյուտ և գրանցված է Կալիֆորնիայի Կարմիր գրքում։


Gopherus agassizii, Kelso Dunes, 2020.05.24

Ճանապարհս անցնում էր հայտնի Մահվան դաշտով (Death Valley): Կանգ առա Թեքոպա տաք ջրերի մոտ, մի քիչ բզեզներ բռնեցի։ Տաք աղբյուրների տեսքը։ Ափսոս ժամանակ չկար լողանալու։


Tecopa Hot Springs, 2020.05.24

Մահվան դաշտի համարյա թե կենտրոնում գտնվում է մի հետաքրքիր շինություն՝ Ամարգոզա Օպերայի Տունը (Amargosa Opera House)։ Այստեղ, մարդկությունից հեռու իր ժամանակին անշլագներ եր տալիս հայտնի բալերինա Մարթա Բեքեթը (Marta Becket)։ Ներկայումս շինությունը լքված է։


Death Valley, Amargosa Opera House, 2020.05.24

Գնացինք առաջ։ Մի երկու ժամից հասա դեպի Սալին Վալի տանող ճանապարհին։ Ընդհանրապես ԱՄՆում բոլոր կարևոր ճանապարհները ասֆալտապատած են, բայց այս մեկը ոչ, երևի որ շատ ելումուտ չանեն մարդիկ։


Saline Valley Road, South Entrance, 2020.05.25
Այստեղի չափորոշիչներով "Ծառայություններ չկան" (No services available) գրառումը նշանակում է համարյա թե մահվան դատավճիռ ինքդ քեզ :)))


Saline Valley Road, South Entrance, 2020.05.25

Սկզբից բարձրացա Սանթա Ռոզա Հիլլզ (Santa Rosa Hills)։ Ճանապարհի տեսքը պատկերացում ունենալու համար։ Ճիշտն ասած սովորական մեքենաներն էլ կգնան, բայց խորհուրդ է տրվում ամենագնացով երթևեկել։


Saline Valley, Santa Rosa Hills, 2020.05.25
Հետո իջնում ես Գրեյփվայն Քէնյոն (Grapevine Canyon), որը թարգմանվում է որպես Խաղաղի Կիրճ։ Այստեղ լիքը վայրի խաղող է աճում, ինչից էլ առաջացել է կիրճի անունը։ Թե ճիշտ եմ որոշել այն պատկանում է Vitis girdiana տեսակին։


Vitis girdiana, Saline Valley, Grapevine Canyon, 2020.05.25
Կիրճից հետո մտնում ես բուն դաշտը։ Բացի պաշտոնական Սալին Վալի որը թարգմանվում է որպես Աղոտ դաշտ անունից, տարածված է նաև Հիդըն Վալի (Hidden Valley, Թաքնված դաշտ) անունը։ Բանն նրանում է որ դաշտը չորս կողմից շրջապատված է` թաքնված է լեռներով և այստեղ հասնելը հաշվի առնելով հեռու լինելը և նորմալ ճանապարհի բացակայությունը բավականին դժվար գործ է։ Այս քարքրոտ չխկչխկան ճանապարհը տևում է միջինը երեք ժամ։
Մենք արդեն Սալին Վոլիում ենք։ Հեռուստացույցերը պարզ է որ չեն աշխատում, երևի թե հիշեցում, որ այստեղի մարդիք մի քիչ խելքը թռցրած են։



Աղի լիճը դաշտի մեջ։ Սպիտակ գույնը դա աղի բյուրեղներն են։


Saline Valley, Salt Lake, 2020.05.25

Կենդանիներից Թաքնված դաշտում ինձ առաջինը ողջունեցին տեղի վայրիացած ավանակները՝ բուրրոները։ Մտքովս երբեք չեր անցնի որ այստեղ ավանակներ կտեսնեմ։ Տո հազար բարև բուրրո ջան։


Equus asinus, Saline Valley, 2020.05.24
Այստեղի հպարտ բուրրոները ոսկի որոնողներն են ժամանակին բերել։ Վերջիններս շուտվանից լքել են տեղայնքը, բայց ավանակները մնացել են։
Սալին Վալիի ավազուտներին հասա արդեն մայրամուտին։ Ինչպես կարգն է հիացա գեղեցկությամբ։


Սկսեցի փնտրել մի ուրիշ հետաքրքիր բզեզի, որն ամբողջ մոլորակում հանդիպում է միայն այստեղ՝ Պոլիֆիլա առաջնաձնային (Polyphylla anteronivea) թե ճիշտ թարգմանեցի։ Գործը հասավ մինչև սնդիկային լամպին, բայց դա էլ էր ապարդյուն։ Կամ տեղն էր վատ, կամ ժամանակը․․․
Ինչ-որ մի էլեգանտ մորեխ եկավ այցելության (Insara elegans).


Insara elegans, Saline Valley Dunes, 2020.05.24

Մայրամուտից հետո լուսնամուտը տեսա և պարկեցի քնելու։


Moonset, Saline Valley, 2020.05.24

Առավոտյան դռոնով մի քիչ թռա։ Ավազուտների տեսքը վերևից։


Saline Valley Dunes, aerial view, 2020.05.25



Saline Valley Dunes, aerial view, 2020.05.25

Շարժվեցի դեպի Սալին Վոլիի տաք աղբյուրները (Saline Valley Hot Springs): Հա, մոռացա ասեմ, որ Քովիդի կապակցությամբ բոլոր ազգային պարկերը, այդ թվում Սալին Վոլին փակված էին։ Մի կողմից լավ էր որ մի 50 կիլոմետր շառավիղով մարդ չկար, մյուս կողմից՝ մի քիչ վախենալու։ Ճիշտ է պարզվեց, որ ինձնից բացի այստեղ ևս մեկ հոգի կա՝ ռեյնջերը որի մասին շուտով կպատմեմ։ Մի ուրիշ համգամանք, որի մասին մոռացա ասեմ՝ այստեղի տաք ջրերը համարվում են նուդիստների մեկկան և սովորական մահկանացուներին մուտքն այստեղ արգելված է (շորերով իհարկե) :)
Մի ուրիշ ստեղծագործություն հիշեցնելու համար որ այստեղի մարդիկ մի քիչ խելքները թռցրած են։ Կամ էլ հիշեցում, որ մարդիկ զգոն լինեն։ Դե ես միշտ զգոն եմ։ )


Saline Valley, Monument on road to hot springs, 2020.05.25

Սա Վերին, կամ Արմավային աղբյուրն է (Saline Valley Hot Springs, Palm Springs)։


Saline Valley Hot Springs, Palm Springs, 2020.05.25

Վայելելով միայնությունը և մտածելով որ մենակ եմ պատրաստվեցի սրբապիղծ արարք կատարել, մտնել տաք ջրի մեջ լողազգեստով, այլ ոչ թե մերկ ինչպես տեղի կանոներն են պահանջում, մեկ էլ թե որտեղից ռեյնջերը հայտնվեց (լավ է շորերով էր գոնե)։ Թե բա այս պարկը փակ է, պետք է հեռանաք այստեղից։ Բավականին բարեկիրթ էր, թույլ տվեց ծանոթանալ Ներքին աղբյուրների հետ (Saline Valley Hot Springs, Lower Spring)։ Ներքինները մի քանի աղբյուրներից են բաղկացած։ Այս մեկի ջուրը շատ տաք չէր և խմելու էր։


Saline Valley Hot Springs, Lower Spring, 2020.05.25

Քվարցի գեղեցիկ բյուրեղները։ Ռեյնջերն ասաց որ նուդիստներն են գտել մոտակա սարերից և բերել այստեղ երևի թե ինչ-որ թաքնված էներգիա կուտակելու կամ ուղղակի գեղագիտական հաճույքի համար։


Saline Valley Hot Springs, Lower Spring, 2020.05.25

Այստեղ նույնիս մինի գրադարան կա։ Այո, ժողովուրդն Ամերիկայում սիրում է կարդալ և շատ գրագետ է։



Շնորհակալություն հայտնեցի մեր ռեյնջերին և հեռացա։
Ինյո սարի (Mount Inyo) տեսքը աղբյուրներից։


Mount Inyo, view from Saline Valley

Արդեն պետք եր ուղևորվել դեպի տուն։ Շնորհակալություն հայտնեցի և հաջողություն մաղթեցի Թաքնված դաշտին և ընկա ճանապարհ։



Հետդարձի ճանապարհին բավականին հոգնած էի և շատ կանգառներ չարեցի։ Մի երկու անգամ կանգ առա տեղի Կալոխորտուսներին նկարելու։ Ներքևի նկարում հիասքանք Քենեդիի կալոխորտուսներն են (Calochortus kennedyi) պատկերված։



Եվս մեկ կանգառ Օվենս աղի լճի մոտ (Owens Lake) հիանալու վարդագույն լճի տեսարանով։


Դե ոնց-որ թե այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։

արշավներ, Կալիֆորնիայի լեռները, բնության հուշարձաններ, Կալիֆորնիայի բնությունը

Previous post Next post
Up