C2C (Cactus To Clouds Trail) Կակտուսներից մինչև ամպերը
Սան Հասինթո (San Jacinto Mount) սարը հանդիսանում է Հարավային Կալիֆորնիայի երկրորդ ամենաբարձր գագաթը: Սարի բարձրությունն է՝ 3302 մ: Սարը պատկանում է նույնանուն Սան Հասինթո լեռնաշղթային (San Jacinto Mountains)։ Սարի անունը տրված է քրիստոնյա նահատակ Սուրբ Հակինթի (Saint Hyacinth, իսպաներեն` San Jacinto) անունով։ Ես
անցած տարի բարձրացել եմ այս սարը Դիր Սփրինգ (Deer Spring Trail) արահետով։ Արշավի տվյալներն էին. սկիզբը՝ 1710 մ, գագաթը՝ 3302 մ, բարձրության գումարային ավելացումը՝ 1770 մ, ընդհանուր հեռավորությունը՝ 29 կմ։
Բացի այդ ճանապարհը կա մի ուրիշ արահետ, որը առանց չափազանցության հանդիսանում է ԱՄՆ-ի ամենադժվար մեկօրյա արահետը։ Ճանապարհի անունը շատ ռոմանտիկ է, այն կոչվում է՝ Կակտուսներից մինչև ամպերը։ Այստեղ բարձրության ավելացումը կազմում է 3500 մ (!), միջին թեքությունը՝ 15 աստիճան։ Կա երկու տարբերակ։ Առաջինը՝ բուն C2C (Cactus To Clouds), բարձրանում են մինչև գագաթ, հետո իջնում են մինչև սարի վրա գտնվող ճոպանուղու վերին կանգառը, և այդտեղից արդեն իջնում ցած ճոպանուղով։ Դա անում է 30 կմ։ Մյուս տարբերակը՝ C2C2C (Cactus to Clouds to Cactus), այսինքն Կակտուսներից մինչև ամպերը և էլի մինչև կակտուսներ։ Ստեղ արդեն հետդարձի լրիվ ճանապարհը անում են ոտքով, ինչը կազմում է 44 կմ։ Բայց սա արդեն լրիվ գերմազոխիզմ է...Մենք արեցինք միայն C2C-ն։
Լավ, ներկայացնեմ մեր արշավը։ Արահետի սկիզբը գտնվում է Փալմ Սփրինգզում (
Palm Springs), տեղական արվեստի թանգարանի մոտ, 140 մետր բարձրության վրա։ Որոշված էր երեկոյան գնալ այնտեղ, գիշերել թամգարանի մոտ, և գիշերը ժամը երկուսին ընկնել ճամփա։ Մեր խումբը կազմված էր յոթ հոգուց։ Ներքևի նկարում մեր փառապանձ խումբն է :)
Սկզբում արահետը ոչ այնքան լավ էր նշանավորված, և մեկ-մեկ կորում էր։ Բայց ինչն էր լավ դա եղանակը։ Գեղեցիկ լիալուսինը մեզ ապահովում էր իր լույսով, օդն էլ շատ շոգ չէր։ Ընդհանրապես ամենալավ ժամանակը Սիթուսիյի համար դա մայիս և հոկտեմբեր ամիսներն են։ Այդ ամիսներին դեռ շատ շոգ չի ներքևում և չկան ձյուն և սառույց վերևում։ Դրանք են արշավի գլխավոր վտանգները։ Համարյա ամեն տարի այս արահետի վրա մարդիկ են մահանում, գլխավորապես ջերմային հարվածից։ Այնպես որ պետք է լավ զգույշ լինել։
Ճանապարհի սկզբում հաճախ են հանդիպում այն կակտուսները, որոնցից էլ առաջացել է արահետի անունը :Ճ
Այստեղ նկարում պատկերված է գիշերային Փալմ Սփրինգզը։
Որոշէլ էինք ամեն երկու ժամ քայլելուց հետո անել քսան րոպեանոց ընդմիջումներ։
Արևածագը շատ տպավորիչ էր։ Նկարեցի երկրորդ ընդմիջման ժամանակ։
Ճանապարհի կեսից խումբը բաժանվեց երկու խմբերի, մեկը՝ արագ քայլողների, մյուսը՝ ոչ այնքան արագների :) Ես կպա արագներին։
Ճոպանուղու վերևի գագաթում մեզ սպասվում եր չորրորդ, ամենաերկար, դադարը մեկ ժամ տևողությամբ։ Մեր խմբից մեկը, ամենախելացին, որոշեց, որ այսքան տանջանքը իր համար բավարար է, և իջավ ցած ճոպանուղով։ Արդեն վերջացնում էինք մեր հանգիստը, երբ դանդաղները հասան։ Արագներով ընկանք ճամփա։ Այստեղ կա նաև ռեյնջերների կայան, որտեղ պետք է գրանցվել, ինչը և արեցինք։
Հինգերորդ, վերջին ընդմիջումը արեցինք այսպես կոչված Wellman divide-ում։ Այստեղ են միանում Deer Spring Trail և C2C արահետները։ Ցուցանիշը հայտնում է, որ մինչև գագաթ մնացել է 2.3 մղոն։ Ի դեպ համացանցում շատ իրար հակասող տեղեկություն կա հեռավորությունների մասին։ Ներքևում ես իմ տվյալներն եմ ներկայացրել, որոնք գրանցել եմ GPS լոգերով։
Խոսքեր չկան նկարագրելու թե ինչքան հոգնած էինք։ Բայց... վերջապես 13 ու կես ժամ քայլելուց հետո մենք հասանք ԳԱԳԱ՛Թ։
Ձեր խոնարհ ծառան գագաթի վրա։ Դեմքիս ժպիտին չխաբնվեք, ահավոր հոգնած էի։ Ավելի նկարներ կարելի է տեսնել
իմ դիմագրքում:
Հեռվում Հարավային Կալիֆորնիայի ամենաբարձր սարն է՝ Սան Գորգոնիոն, 3506 մ, Սան Հասինթոյի գագաթից։
Գագաթից մինչև ճոպանուղու կայան քայլեցինք գրեթե առանց կանգառի։ Մի կողմից այնքան հոգնած էինք, որ հազիվ էինք քայլում, մյուս կողմից ուզում էինք շուտ հասնել, որ համ մութը չընկնի, համ էլ կանգնելը մեկ է օգուտ չէր տա՝ գերհոգնած էինք։ Մենակ Սիթուսի անողը կպատկերացնի թե ինչ դժվար են վերջին մեկ-երկու կիլոմետրները, էլ չեմ ասում վերջին հարյուր մետրի մասին... Իսկական էն որ ասում են. "Մեռած էինք, թաղած չէինք" մեր մասին էր։ Բայց դե հասանք մինչև կայան և այսօր կարող եմ գլուխ գովալ թե Սիթուսին կատարել եմ :Ճ
Դե վերջում էլ ներկայացնեմ քիչ-թե շատ մանրակրկիտ տեղեկություններ արշավի մասին։ Ներքևում Գուգլ Երկրից սքրինշոթ է։ Կապույտ գիծը արահետն է, նշանները մեր դադարների տեղերն են։
Այս աղյուսակն էլ հուսով եմ պարզ եմ սարքել։ Առաջին սյունում կարևոր կետերն են (սկիզբը, ընդմիջումները, ավարտը)։ Երկրորդում՝ այդ կետերի բարձրությունները։ Երրորդում՝ հեռավորությունները (մասնավոր և գումարային)։ Չորրորդում՝ ժամանակացույցն է, հինգ ու վեցում էլ՝ քայլելու և ընդմիջման տևողությունները:
Main points
Elevation
Distance
Timing
Walking duration
Rest duration
Start point
140 m (460 ft)
0 km
02:00
1st break
760 m (2500 ft)
3 km (total 3.0 km)
04:00-04:20
2:00
0:20
2nd break
1300 m (4270 ft)
3 km (total 6.0 km)
06:10-06:30
1:50
0:20
3rd break
1800 m (5900 ft)
4.8 km (total 10.8 km)
08:30-08:50
2:00
0:20
Tram Station, 4th break
2590 m (8490 ft)
3.5 km (total 14.3 km)
11:00-12:00
2:10
1:00
Wellman divide
2950 m (9730 ft)
4.7 km (total 19.0 km)
14:00-14:10
2:00
0:10
Summit
3302 m (10834 ft)
3.2 km (total 22.2 km)
15:30-15:50
1:20
0:20
Wellman divide
2950 m (9730 ft)
3.2 km (total 25.4 km)
17:00
1:10
-
Tram Station, finish point
2590 m (8490 ft)
4.7 km (total 30.1 km)
18:30
1:30
-
Total distance 30.1 km (18.7 mi)
Total time 16:30
Walking time 14:00
Rest time 2:30
Այսպիսով ընդհանուր հեռավորությունը - 30.1 կիլոմետր է (18.7 մղոն)։ Գումարային բարձրության ավելացումը 3500 մետր (11507 ոտնաչափ), գումարային բարձրության անկումը - 1060 մ (3480 ոտնաչափ)։ Բարձրանալու միջին անկյունը - 15 աստիճան է, բարձրանալու միջին արագությունը - 2.0 կմ/ժ։ Ինձ թվում է սա ամենաօպտիմալ տարբերակն է Սիթուսի անելու։ Միջինը երկու ժամ քայլել և քսան րոպե հանգստանալ, մեկ ժամ էլ կայանի հանգիստը։
Ինչպես արդեն ասեցի ամենավտանգավորը արշավի ժամանակ դա օդի բարձր ջերմաստիճանն է։ Ամեն մարդ իր հետ պետք է վերցնի ամենաքիչը 4 լիտր ջուր, որ հերիքի մինչև ճոպանուղու վերին կանգառը, այնտեղից արդեն կարելի է ջուր վերցնել։ Անհրաժեշտ պարագաներից է նաև արևից պաշտպանվելու իրերը (գլխարկ, ակնոց, պաշտպանիչ քսուք), անձրևանոց (մեզ պետք չեկավ, բայց պարտադիր է), լապտեր, և իհարկե սնունդ (ստեղ ամեն մեկը իր ճաշակով)։ Հիշեցնեմ, որ վերևի կանգառում կա խորտկարան, որտեղ կարելի է նորմալ հաց ուտել։
Դե ոնց որ թե վերջ, հետո բան հիշեմ, կավելացնեմ։