Հայաստանի ամենաբարձր լեռները

Jan 25, 2014 01:25

Հայաստանի լեռնաշղթաների ցուցակ կազմելուց հետո, որոշեցի կազմել ցանկ Հայաստանի ամենաբարձր լեռների։ Չնայած, որ Հայաստանը համարվում է բարձրլեռնային շրջան (քանի որ մակերեսի կեսից ավելին գտնվում է 2000 մետրից բարձր բարձրության վրա) իսկապես բարձր լեռներ մեր մոտ չկան։ Հայաստանը ունի ընդհամենը մեկ "չորսհազարանոց" լեռ, դա հանգած հրաբուխ Արագածն է` 4090 մ բարձրությամբ։ Արագածից հետո գալիս են "երեքհազարանոցները", որոնք բավականին շատ են, ես հաշվել եմ մոտ հարյուր լեռ, չնայած նրանցից մի քանիսը չեն հանդիսանում ինքնուրույն գագաթներ։
Լեռնագագաթի ինքնուրույնությունը որոշելու համար օգտագործում են տեղագրական (տոպոգրաֆիական) գերազանցում հասկացողությունը։ Ճիշտն ասած ես մինչև վերջ չընկալեցի ինչ է դա նշանակում։ Օրինակ Արագածի համար նշված է, որ իր երկրագիտական թամբը գտնվում է Թուրքիայում 2000 մետր բարձրության վրա։ Բայց որն է իր ծնողական լեռը նշված չի... Կամ ոնց են որոշել որտեղ է գտնվում թամբը...
Մի լեռնաշղթայի մեջ լեռների ինքնուրույնությունը որոշել քչից-շատից հեշտ է։ Չնայած այստեղ էլ կան տարբեր չափորոշիչներ գնահատման համար։ Ես օգտագործել եմ 7 տոկոսանոց ինքնուրույնության չափորոշիչը։
Ժանամակս չի հերիքում բոլոր երեքհազարանոց լեռների ցանկը կազմեմ, սկզբի համար կազմեցի ամենաբարձր լեռների ցուցակը մինչև 3500 մետր բարձրությունը ներառյալ։ Ցուցակում տեղ գտան 14 լեռներ։


1. Արագած, 4090, Արագածի զանգված
2. Կապուտջուղ, 3905, Զանգեզուրի լեռնաշղթա
3. Գազանասար, 3841, Զանգեզուրի լեռնաշղթա (տես` ծանոթություն 1)
4. Սիսակապար, 3826, Զանգեզուրի լեռնաշղթա
5. Փառական, 3825, Զանգեզուրի լեռնաշղթա
6. Գոմշասար, 3725, Գոմշասարի լեռնաշղթա
7. Ծռասար, 3616, Ծռասարի լեռնաշղթա
8. Աժդահակ, 3597, Գեղամա լեռնաշղթա
9. Թրասար, 3594, Սյունիքի լեռնաշղթա
10. Ծղուկ, 3584,  Սյունիքի լեռնաշղթա

11. Բստասար, 3563, Զանգեզուրի լեռնաշղթա
12. Սպիտակասար, 3555, Գեղամա լեռնաշղթա
13. Մեծ Իշխանասար, 3550, Սյունիքի լեռնաշղթա
14. Վարդենիս, 3521, Վարդենիսի լեռնաշղթա

Ծանոթություն 1. 2007 թ. ժամանակակից երկու կիլոմետրանոց քարտեզում կան գծագրված իրար կողքի երկու լեռնագագաթներ, մեկը, որը հին գենշտաբի քարտեզի վրա նշված է որպես Գազանգյոլդագ, ստեղ նշված է որպես Նավասար (Տապանասար) 3829 մ, իսկ կողքի անանուն լեռը` 3841 մ բարձրությամբ` որպես Գազանասար։ Իմ կարծիքով էլ ճիշտ է օգտագործել 3841 բարձրության լեռան համար Գազանասար անունը, իսկ 3829 մ. լեռան համար` Նավասար անունը։ 1953 թվականի 250 մետրանոց քարտեզով Հայաստանի և Նախիջևանի սահմանը անցնում է Նավասար-Գազանգյոլդագ լեռան գագաթով, սակայն հետագայում թողարկված քարտեզներով սահմանը արդեն անցնում էր այնպես, որ գագաթը լիովին ընկնում է Նախիջևանի տարածքում։ Դրա համար այս գագաթը իմ ցուցակում չեմ նեռարել, չնայած, որ բավարարում է 7 % ինքնուրույնության գերազանցումը Կապույտջուղ մայրական գագաթից։

Զանգեզուրի լեռնաշղթայում կան ևս մի քանի լեռնագագաթներ, որոնք չեն բավարարում ինքնուրույնության պահանջին, և ըստ էության համարվում են Փառական լեռան գագաթներ, բայց քանի որ բավականին բարձր են և հետաքրքիր, իրանց էլ ներկայացնեմ լրացուցիչ ցանկով, համարակալելով 5 կետ և թիվ։

5.1 Հայ Չինգիլ (նույնանուն լեռնանցքի մոտ), 3810, Զանգեզուրի լեռնաշղթա, ծնողական լեռը` Փառական 3825 մ, թամբը 3680 մ, գերազանցումը` 4%
5.2 Կապույտ, 3751, Զանգեզուրի լեռնաշղթա, ծնողական լեռը` Փառական 3825 մ, թամբը 3680 մ, գերազանցումը` 2%
5.3 Ծակքար, 3729, Զանգեզուրի լեռնաշղթա, ծնողական լեռը` Փառական 3825 մ, թամբը 3650 մ, գերազանցումը` 2% (տես` ծանոթություն 2)
5.4 Ալուն (Աղուն), 3703, Զանգեզուրի լեռնաշղթա, ծնողական լեռը` Փառական 3825 մ, թամբը 3650 մ, գերազանցումը` 1.5%

Ծանոթություն 2. Ալուն և Ծակքար գագաթների հետ էլ կա տարակուսանք։ Գենշտաբի քարտեզներով 3703 գագաթը նշված է, որպես Ալուն, իսկ 3729 գագաթը, որը նախորդից բարձր է անուն չունի։ Նպատակահարմար եմ գտնում այդ անանուն լեռը անվանել Ծակքար անունով` մոտակա նույնանուն լճի և գետի անունով։


բնության հուշարձաններ, Հայաստանի լեռները, Հայաստանի բնություն

Previous post Next post
Up