Jan 20, 2010 21:39
Ինձ համար անցյալն արժեքավոր դաս է, իսկ պատմությունն` անկողմնակալ ու խստապահանջ ուսուցիչ: Սակայն պատմությունը միշտ գրում է մարդը, ով կարևորում է պատմական այն իրադարձությունները, որոնք համահունչ են իր ներքին ընկալումներին: Հասարակությունը նույնպես պատմության մեջ արժևորում է այն, ինչն իր համար արժեք է և չի նկատում բազմաթիվ իրադարձություններ, որոնք կարող են շատ հաճախ անտեսված լինել միայն այն պատճառով, որ տվյալ հասարակության համար դա արժեք չէ:
Պատմությունը մշտապես վերաշարադրվում է մարդկության զարգացմանը զուգահեռ, որովհետև շատ հաճախ պատմական այս կամ այն իրադարձությունը մենք սխալ ենք մեկնաբանում, պատճառահետևանքային կապերը սխալ ենք տեսնում, քանզի մեր գիտելիքները իրականության մասին թերի են: Որքան հարստանում են մեր գիտելիքները, մեր պատկերացումները, այնքանով ավելի ճիշտ ենք մենք շարադրում պատմությունը:
Էական նշանակություն ունի արժեքային համակարգը, իսկ այն միշտ միտված է դեպի ապագան, որովհետև այդ արժեքային համակարգով եք դուք դաստիարակում ձեր երեխաներին, ձևավորում ձեզ համարժեք մթնոլորտ և հասարակություն, մշակում ապագայի ծրագրեր: Այդ ամենը բխում է լավի ու վատի մասին ձեր պատկերացումներից:
Պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում վերաիմաստավորել պատմությունը և ստեղծել հուսալի հիմքեր ապագա սերունդների դաստիարակության համար:
Արդյո՞ք մենք միասին մտածում ենք ապագայի մասին:
Եթե մենք ապագայի մասին չենք մտածում, չենք երազում, շատ դժվար է հասկանալ, թե ինչպիսի հասարակություն ենք ուզում այսօր կառուցել: Եթե մենք, չունենալով պատկերացումներ ապագայի մասին, անդրադառնում ենք անցյալին, ապա սխալ դաս ենք քաղում, ավելի ճիշտ` մենք չենք կարողանում դասեր քաղել ընդհանրապես:
Այսօրվա կյանքին պետք է նայել ապագայից: Այդ է պատճառը, որ առաջին հերթին պետք է խոսել ապագայի, մեր երազանքների վերաբերյալ պատկերացումների մասին: Դա հնարավորություն կտա համաձայնության գալ այսօրվա բոլոր պրոբլեմների շուրջ: (Սա նաև ընդդիմախոսների հետ համաձայնության գալու բանաձևն է):
Եթե մենք նրանց հետ սկսենք քննարկել իրենց կատարած սխալները, բացթողումները, ապա երբեք ընդդիմության հետ համաձայնության չենք գա: Իսկ եթե մենք ուզում ենք մեր ընդդիմախոսների հետ համաձայնության գալ` դա հնարավոր կլինի միայն ապագայի տեսլականի շուրջ խոսակցության միջոցով:
Բարեկամներ, ես արդեն գրել եմ, որ բլոգն ինձ անհրաժեշտ է հետադարձ կապի համար, և ես կցանկանայի իմանալ` ի՞նչ է ձեզ սովորեցրել 2009 թվականը և ինչպե՞ս է այն ազդել 2010թ. ձեր ծրագերի ու առաջնահերթությունների վրա: