Թող պատահականությունները միայն կյանք փրկեն…

Jan 10, 2011 04:07


 mushetsi բլոգում կարդացի "Почему выжила я?" գրառումը 17  ամյա Ջուլիան Կյոպկեյի մասին, որը 1971 թ. Նոր տարվա նախօրեին, մոր հետ միասին, Լանսա ինքնաթիռով  Պերուի մայարաքաղաք թռչելիս.  ինքնաթիռն ընկնում է փոթորիկի մեջ  և վթարի ենթարկվում: Ինքնաթիռի 92 ուղևորներից միայն  Ջուլիանն է մնում կենդանի, որի մարմինը գտնում են ջունգլիներում միայն 11-րդ օրը: Հիմա նրա  մասին  «Հույսի թևերը» (Крылья надежды) կինոֆիլմ է նկարահանված:
 Երբ ընթերցում էի այդ տողերը, սկսեցի ընկնել մտքերի մեջ, թե ինչ դեր են խաղում պատահականությունները մարդկանց կյանքում: Մեկը պատահականորեն մահից է փրկվում, մեկ ուրիշը` պատահականորեն հերոս դառնում,  մյուսը` պատահակորեն, դեպքերի բերումով արքա դառնում, չորրորդը`պատահականորեն, անիմաստ զոհվում… Իզուր չէ, որ փիլիսոփայոթյան մեջ պատահականությունը համարվում է անհրաժեշտության հետ սերտորեն առնչվող կատեգորիաներից մեկը, որը հանդես է գալիս բազմաթիվ հնարավորություններից մեկը իրականություն դարձնելու եղանակով:
 Հարց կարող է առաջանալ ` ինչու՞ եմ այս մասին  ես գրում: Որովհետև իմ երկարամյա կյանքում բախտ եմ ունեցել փրկվել պատահականությունների շնորհիվ: Ահա այդ դեպքերից մեկը, որի մասին գրել եմ իմ «ՈՒր են տանում կածանները» գրքում:

1943 թ.ապրիլի սկզբներին արդեն Հայրենական պատերազմի  առաջավոր գծում էի: Մեր բանակը,  Կալինինի ռազմաճակատի մյուս բանակների հետ միասին, վճռական հարձակողական գործողություններով ոչնչացրեցին գերմանացիների Ռժևսկ-Վյազեմսկայա հենակետը և ֆաշիստներին  Մոսկվայից հետ շպրտեցին  130-160 կմ.:
         Ռազմաճակատի առաջավոր գծի խրամատներում,  սեփական մաշկի վրա      միայն, ինչպես հարկն է, զգացինք, թե ինչ է պատերազմը: Երբ տարբեր կողմերից ականջ ծակող չարագուշակ սուլոցով, կարկուտի պես գլխիդ են մաղվում արկերն ու գնդակները, երկնքում գայլանգղների նման վխտում են թշնամու սև խաչակրաց ինքնաթիռները,   վերևից մահատարած ռումբեր թափելով, դիմացից հեքիաթային հրեշների նման դեպի քեզ են սլանում  տանկերն ու զրահապատ ինքնագնացները, անհնար է սոսկանք չզգալ:  Սարսափաբեր այս թոհուբոհի մեջ մի պահ դու մոռանում ես քո գոյությունը ու դառնում այդ դժոխային իրավիճակի գործող անձերից մեկը: Իհարկե, հատկապես սարսափելի է առաջին անգամ: Պատահական չէ, որ շատերը հենց այդ պարագայում են կոնտուզիա ստանում: Աստիճանաբար մարդիկ ընտելանում են իրավիճակին և այդ ամենը նրանց համար դառնում է սովորական երևույթ: Թեև զոհվելու վտանգն ու վախը այս կամ այն չափով միշտ էլ պահպանվում է: Ով որ ասի, թե վախ չի ունենում, նա կեղծում է: Վախը կա: Սակայն վախ ունենալը բոլորովին էլ չի նշանակում վախկոտ լինել: Չափազանց երկչոտությունը մարդուն դարձնում է վախի գերի, ինչը վախկոտների առանձնահատկությունն է: Իզուր չի ասված, որ վախկոտները մեռնում են ամեն օր, իսկ անվախները մեկ անգամ: Բոլորը չեն կարող ճանաչված հերոսներ լինել: Սակայն հերոս պետք է համարել նաև նրանց, ովքեր վտանգն աչքի առաջ ունենալով, չեն երկնչում կատարել իրենց պարտքը Հայրենիքի նկատմամբ:
   Պատերազմը լի է պատահականություններով, որոնք շարունակ ուղեկցում են յուրաքանչյուր սպայի ու զինվորի:Հաճախ հերոս են դառնում նաև դեպքերի բերումով, նախապես այդ մասին նույնիսկ չմտածելով: Պատահականության արդյունք չէ՞ արդյոք, որ մեկը զոհվում է ռազմաճակատում  լինելու հենց առաջին շաբաթում, նույնիսկ առաջին օրը, իսկ մյուսը` 3-4 տարի անընդհատ գտնվելով ռազմաճակատի առաջավոր գծում և մշտապես ակտիվորեն մասնակցելով ահեղ մարտերին, մնում է կենդանի,  ողջ և առողջ, կամ թեթև վիրավորված, տուն վերադառնում: Այո, պատահականություն է: Եվ ահա, այդպիսի մի ճակատագրական պատահականություն էլ, մարտական գործողությունների առաջավոր գծում գտնվելու հենց առաջին օրերին փրկեց նաև իմ կյանքը...
   1943 թ. ապրիլի 27-ին էր: Այդ օրը երբեք չեմ մոռանում: Գարնանային մութ գիշեր էր, թանձր խավարը նստած էր չորս կողմը: Բնությունը խոր քուն էր մտել: Չէին լսվում գիշերային թռչունների և կենդանիների ձայներ, ասես նրանք էլ տագնապահար էին ու չէին ուզում իրենց գտնվելու տեղը հայտնաբերել: Խաղաղ էր: Խրամատներում գտնվող հոգնած ու տանջված զինվորները` կանգնած կամ նստած, այդ ցանկալի խաղաղությունից օգտվելով, գլուխներն իրենց հրացաններին կամ ավտոմատներին հենած, ննջում էին, ամեն մի փոքրիկ շշուկից կամ թխկոցից վեր թռչելով: Չէին ննջում միայն ժամպահները, որոնց աչալրջությունից էր երբեմն կախված զորամասի ճակատագիրը: Առաջավոր գծի այս կամ այն հատվածից, թե գերմանացիների, թե մեր կողմից, գիշերային անթափանց խավարը երիզում էին գնդացիրների կարճատև անկանոն կրակահերթերը կամ հրացանային հատուկենտ կրակոցները` լուսածրող գնդակներով: Դա երբեմն անում էին հենց այնպես, առանց որևէ որոշակի նպատակակետ ունենալու: Դժվար է ասել` դա նախազգուշական քայլ էր, թե կրակողն ուզում էր փախցնել իր անզուսպ քունը և թշնամուն զգացնել տալ, որ ինքն արթուն է, քնած չէ:   
    Գիշերվա կեսին, մոտավորապես ժամը 1-2 արանքում, մեր դասակին հրաման տրվեց գաղտնի ու անաղմուկ առաջ շարժվել և չեզոք գոտում գտնվող մի ոչ մեծ բարձունքի վրա, որը մեր առաջավոր գծից հեռու էր երևի 40-  50 մետր, խրամատներ փորել: Նախապես խիստ զգուշացրին, որ ֆաշիստները բարձունքին շատ մոտիկ են գտնվում և ամենաչնչին ձայնը կարող է հայտնաբերել մեզ: Իսկ թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, հայտնի էր բոլորին: Չափազանց զգույշ, տեղ-տեղ կուզեկուզ, տեղ-տեղ փորսող, ինչպես Թումանյանի սուտլիկ որսկանը կասեր, շունչներս պահած հասանք մացառապատված բարձունքին: Յուրաքանչյուր զինվորին տվեցին 2 մետր տարածություն խրամատ փորելու և զգուշացրին` որքան արագ փորենք, այնքան լավ: Եթե ֆաշիստները կրակ բացեն, կպաշտպանվենք փորած խրամատներում: Զանգվածային կրակի տակ ընկնելու ահը սրտներումս սկսեցինք քրտնաթաթավ  արագ-արագ, բայց զգուշորեն քանդել հողը: Բարեբախտաբար գետինը փափուկ էր, քարեր չկային: Ես արդեն փորել էի մոտավորապես 50-60 սանտիմետր խորությամբ, երբ դասակի հրամանատարը կռացած մոտեցավ ինձ, թևիցս բռնեց, հանեց խրամատից, տարավ դասակի ծայրամասը, նոր տեղ տվեց և ասաց` դու փորիր այստեղ: Իսկ իմ տեղը բերեց մի տարիքավոր զինվորի: Ես այնքան վատ զգացի,որ քիչ էր մնում լաց լինեի ու հավասարակշռությունից դուրս գայի և մի որևէ անթյուլատրելի քայլ թույլ տայի: Ախր ինչու՞ է ինձ, արդեն փորածս խրամատից, տեղափոխում նոր, ավելի վտանգավոր տեղ: Բայց ինչ կարող էի անել, անգամ առարկել չէի կարող: Հրամանը հրաման է: ՙ"Молчать, и все": Դա էր պատասխանը: Տեղափոխվեցի նոր տեղը և սկսեցի, գազազած, արագ-արագ փորել, դասակի հրամանատարին քթիս տակ տասհարկանի հայհոյանքներ տալով: Ինձ հատկապես զայրացնում էր այն միտքը, թե նա ինձ հետ այդպես վարվեց երևի այն պատճառով, որ ես հայ եմ և դասակում միակ հայը: Գուցե և ճիշտ էր իմ ենթադրությունը, գուցե  ինձ որպես երիտասարդ տեղափոխեց, խղճալով տարիքավոր զինվորին... Գուցե... Չգիտեմ,  դժվար է ասել:
   Նոր տեղում արդեն մի 30-40 սմ խորությամբ փորել էի, երբ ֆաշիստները մեզ հայտնաբերեցին և սկսեցին ականանետաին զանգվածային սարսափելի կրակ բացել: Պարզվեց, որ գիշերային այդ խաղաղությունը խաբուսիկ էր: Անհրաժեշտություն չկա անվախ  հերոս ձևանալ: Առաջին անգամ ռազմաճակատում անփորձ մի երիտասարդի համար այդպիսի ահավոր, հրեշային կրակի տակ ընկնելը սարսափելի էր: Կարկուտի նման թափվում էին ականներն ու արկերը, որոնք պայթում էին այնքան մոտ տարածության վրա, որ նրանց առաջացրած ձագարների հողը թափվում էր գլխներիս: Կես ժամից ավելի տևեց այդ զարհուրելի մեթոդական ռմբակոծությունը: Խլացուցիչ պայթյուններն աջից ու ձախից, հետևում և գլխավերևում, ականջ ծակող վայրենի սուլոցները դժոխային մթնոլորտ էին ստեղծում և  թվում էր, թե յուրաքանչյուր ռումբ ուղիղ քեզ վրա է գալիս:
Պառկել էի իմ փորած կիսավարտ խրամատում, գլուխս կախելով հարևանիս ավելի խոր խրամատի մեջ: Ձեռքերովս ծածկել էի գլուխս, թեև գլխիս սաղավարտ կար: Այդ ահասարսուռ գնդակոծության կես ժամվա ընթացքում, ինչեր ասես, որ չանցան մտքովս: Հիշեցի ծնողներիս, պատկերացրի նրանց վիճակը, եթե հանկարծ նրանք ստանային գուժաթուղթը, հիշեցի եկեղեցու պատի տակ միտինգում արտասանած իմ բառերը` գրիչը հրացանով փոխարինելու մասին, և տարեց գյուղացու խոսքերը` պատերազը հարսանիք չէ և այլն, և այլն... Ինձ թվում էր, թե  գտնվում եմ դժոխքում և դիվային սուլոցներին ու մղձավանջային վիճակին վերջ չկա: Բայց դա միայն թվում էր,ամեն ինչին էլ վերջ է լինում: Մեր թիկուքից սկսեցին ուժգին որոտալ մեր հրանոթները և նրանց հուժկու հարվածների տակ ֆաշիստներն ստիպված եղան դադարեցնել կրակը: Շղթայաձև հաղորդեցին հրամանը` հետ քաշվել ելակետային դիրքերը: Հաշվեցին մեր կորուստները` 3-ը սպանված, 5-ը վիրավորված: Սպանվածներից մեկը հենց այն զինվորն էր, որ դասակի հրամանատարը բերեց ինձ փոխարինելու: Ականը ուղիղ հարվածով խփել էր նրան և կտոր-կտոր արել: Ահազարհուր էր այդ տեսարանը: Դասակի հրամանատարը թևիցս քաշեց և ասաց` ՙտեսնում ես, ես փրկեցի քո կյանքը: Իսկ դու, դեռ դժգոհում էիր՚: Իհարկե, ես հասկանում էի, որ ոչ թե հրամանատարը, այլ պատահականությունը փրկեց իմ կյանքը: Սակայն դա չէր խանգարում, որ  ամեն անգամ  նա հիշացներ ինձ այդ մասին և ես նրան շնորհակալություն հայտնեի: Երկար ժամանակ գտնվում էի այդ դեպքի ծանր տպավորության տակ և մտածում էի, որ երևի մի ինչ-որ աներևույթ ձեռք հովանավորում է ինձ: Հետաքրքիր է,որ ամեն անգամ և’ ծանր, և’ ուրախության պահերին ես դիմում էի աստծուն, ինքս լինելով համոզված աթեիստ:
Ելակետային դիրքերը վերադառնալուց հետո, պարզվեց, որ կորցրել եմ  կաթսայիկս, որի համար հրամանատարից դիտողություն ստացա` ՙ«այսօր կորցրել ես կաթսայիկը, վաղը կարող է հրացանը կորցնես»՚:
  Այդ ծանր մկրտությունից հետո աստիճանաբար ընտելացանք նման դեպքերին և գնդակոծությունների կամ ռմբակոծությունների տակ ընկնելը դարձավ սովորական երևույթ: Մարտերում կոփված ու կյանքի մեծ փորձ ուեցող, մի տարեց զինվոր` ազգանունը Ավդեև, որի հետ հենց առաջին օրվանից բարեկամացանք և որը միշտ աշխատում էր բարի խորհուրդներ տալ երիտասարդներին, ասաց ՙ«տղաս, դու լավ բախտ ունես, երբեք չմտածես զոհվելու մասին, միշտ մտածիր, որ դու ողջ առողջ կվերադառնաս քո արևոտ Հայաստանը:  Ինձ թվում է  այդ դեպքից հետո քեզ  ոչ մի բան չի պատահի՚»:

Այդպես սկսվեց իմ ռազմաճակատային ոդիսականը, որն առանց ընդմիջումների տևեց մինչև 1945 թ. մայիսի 9-ը` Հաղթանակի օրը: Պատերազմը պատերազմ է, ՙ«փլավ չեն բաժանում՚»: Ռազմաճակատի առաջավոր գծում փորձություններն անխուսափելիորեն ուղեկցում են յուրաքանչյուրին: Ապագան մոտենում է մութ ճանապարհներով ու ոչ ոք չգիտի ինչ է սպասում իրեն վաղը: Այդ օրերին, մարտադաշտից առաջին եռանկյունի նամակն ուղարկեցի տուն` հայտնելով, որ ողջ և առողջ եմ:

Եվ իսկապես 1942-1947 թթ. ահեղ ու ծանր տարիներին ծառայելով բանակում, ողջ-առողջ վերադարձա հայրենիք`կապիտանի կոչումով ու միայն թեթև վիրավորվածություններով :
Previous post Next post
Up