Արդեն երեք շաբաթ շարունակ հետևում եմ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությանը, որին (որքան էլ որ տարօրինակ է) միացել են նաև երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ, այլ բարձրաստիճան անձինք: Հարց է առաջանում` ու՞մ ենք կոչ անում, եթե բոլորն էլ համաձայն են: Դուք երբևէ լսե՞լ եք, որ որևէ ղեկավար` այդ թվում նաև երկրի նախագահը, բացասական խոսի գիտության մասին: Ընդհակառակը, խոսվում է «գիտելիքահեն» հասարակության մասին, գիտության` որպես գերակա ուղղության մասին: ՈՒրեմն ի՞նչն է պատճառը, ինչու՞ է գիտության ֆինանսավորումն այդքան ցածր, իսկ ավելի ընդհանուր ձևով կասեի` ինչու՞ է մեր երկրում գիտության նկատմամբ հարգանքն ու վերաբերմունքն այդքան ցածր: Ըստ իս, պատճառները մի քանիսն են, այդ թվում մենք ինքներս` գիտնականները, որոնցից շատ քչերն են պատրաստ ջանքեր գործադրել, որ դրական տեղաշարժեր լինեն գիտության մեջ:
Մեր կողմից Գիտական լրագրության խմբի ստեղծման պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ գիտության նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար բավարար չէ միայն լավ գիտական հետազոտություններ կատարել. անհրաժեշտ է դրանք հասցնել հասարակությանը: Մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ լավ գաղափարներ շատ ունենք, բայց չենք կարողանում դրանք խելամիտ ձևով իրականացնել կամ տեղ հասցնել: Սա դեռ խորհրդային ժամանակներից եկող արատ է. եկեք ընդունենք, որ կատարելով բազմաթիվ լավ գիտական աշխատանքներ, մենք` գիտնականներս, այնուամենայնիվ սովոր չէինք իսկապես կազմակերպել և իրականացնել որևէ ծրագիր, չվախենանք ասել` պրոյեկտ, ներառյալ բոլոր տեխնիկական և գործնական իրականացման, կիրառությունների, ֆինանսական հաշվարկների, մարդկային և նյութական միջոցների ներգրավման, ժամանակացույցի կազմակերպման հարցերը: Լավ գաղափարներ շատ ունենք, միշտ հետաքրքիր խնդիրներ ենք առաջ քաշում, սակայն շատ քիչ բան է ավարտին հասցվում, հատկապես` ճիշտ ձևով: ՈՒշադրություն դարձրեք արտասահմանյան` հատկապես զարգացած երկրների, գիտությանը. ամեն ինչ արվում է մանրակրկիտ կերպով մշակված պրոյեկտների տեսքով: Ի դեպ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» կոչը նույնպես մի պրոյեկտ պետք է լինի և հստակ ձևակերպում պետք է ունենա, այլապես ղեկավարությունն էլ կստանա տպավորություն, որ գիտնականներն էլ չգիտեն, թե ինչ են ուզում (գոնե այս պահին միայն քննարկման մակարդակով է, և դեռ շատ վաղ է ներգրավել պետական պաշտոնյաների):
Նրանց արձագանքն էլ այն է, որ` իհարկե, բոլորն էլ կուզեին ֆինանսավորման ավելացում, բայց երկրում ֆինանսներ չկան: Հենց այնպես պահանջել ֆինանսների ավելացում, ինչպես հաճախ կոչ է արվում` անհապաղ և առանց նախապայմանների, պարզապես մատնված է անհաջողության: Հիշենք նաև, որ սա նոր «գաղափար» չէ, որ այս ուղղությամբ գիտնականները պայքարում են արդեն 20 տարի, ընդհուպ մինչև ցույցերը, և այժմյան տարբերությունը ըստ էության միայն սոցիալական ցանցերի հայտնվելն է, ինչն իհարկե նպաստում է ցանկացած նախաձեռնության ակտիվացման: Հենց հիմա էլ, ներկայիս ֆինանսավորման պայմաններում մենք շատ հարցեր ճիշտ չենք կազմակերպում. հիշենք թեկուզ վերջին` թեմատիկ ֆինանսավորման բաշխման շուրջ առաջացած բազմաթիվ դժգոհությունները, ցանկացած գիտական հիմնարկի ներսում լավ և վատ գիտնականների նկատմամբ նույն` հավասար, մոտեցումը, ակադեմիկոսների և «ոչ ակադեմիկոսների» վարձատրման միջև կտրուկ թռիչքը և այլն: Տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ խոսվում է միայն երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերի մասին, որը կարծես «վաստակաշատ» (լավ վարձատրվող) ակադեմիկոսների և երիտասարդների միջև «խաղից դուրս» վիճակում է թողնում միջին սերնդին, մինչդեռ հենց վերջինս է եղել և մնում է գիտության շարժիչ ուժը: Այսպիսով, համոզված չեմ, որ գիտության ֆինանսավորման ավելացման դեպքում չեն առաջանա նոր խնդիրներ:
Ուրեմն նախ և առաջ փորձենք վերակազմակերպել ներկայիս վիճակը, վարել ճիշտ կադրային քաղաքականություն, աջակցել հատկապես լավ գիտնականներին, որոնք իրենց շուրջը կարող են համախմբել նաև երիտասարդների, վերջապես նաև հետին պլան մղենք նախանձը, որ համատարած իշխում է գիտության մեջ և խանգարում է հենց մեզ: Հիմա պատրաստում եմ առաջարկություններ, թե ինչ քայլերով կարելի է հասնել գիտության հեղինակության և նրա նկատմամբ պետական վերաբերմունքի բարձրացմանը և վերջին հաշվով նաև` ֆինանսավորման ավելացմանը:
Աստղագետ Արեգ Միքայելյան
Աղբյուրը Իսկապես: Այդպես էլ չսովորեցինք ծրագրային աշխատելավոճ: Միայն կանգնում-գոռում ենք...է հա, հետո, ո՞վ է մեզ ''շան տեղ դնում'':