Բանակը սկսվում է զինկոմիսարիատից (ն.ի` վայենկամատ): Բանակի նկատմամբ տրամադրվածությունը սկսվում է զինկոմիսարիատից: Ինչպիսի՞ն է մեր զինկոմիսարիատը:
Անցաց շաբաթ կանչվել էի մեր (Մաշտոցի) զինկոմիսարիատ` զննման: Վերջին անգամ այդտեղ էի եղել 3 տարի առաջ, այդքան տարով էլ տարկետում էի ստացել: Բավականին շատ բան է փոխվել այդ 3 տարիների ընթացքում (չհաշված, որ մեր կոմիսարիատի և Հանրապետության գլխավոր զինկոմիսարներն էլ են փոխվել): Երբ հասա (իսկ ես Քանաքեռում եմ հիմա բնակվում), արդեն որոշ ժամանակ առաջ սկսվել էր կոմիսիան: Իմ թղթերը գտան, թարմացրին բացակայող տեղեկությունները: Քարտուղարներն ու իմ անվանակից ենթասպան բավականին սիրալիր էին: Ինձ խնդրեցին սպասասրահում սպասել: Ու հենց այդտեղից սկսվեց նեգատիվը: Սպասասրահում խոնավ էր ու ցուրտ, զուգարանն էլ (որի դուռը փակվելու հետ սէր չուներ) բուրում էր (կլռեմ դրա բույրի մասին) և ընդհանուր առմամբ խավար ու ճնշող էր:
Ես սպասում էի, երբ մաշկաբանը դուրս եկավ ընդունարանից (զննման սենյակը ներսից միանում է դրան), բողոքելով, որ իրենք պէտք է 30 հոգուց ավել չստուգեն, սակայն արդեն 50-ն էլ են անցել: Քիչ անց սպիտակխալաթավոր մեկը (ինչպէս հետո պարզվեց` օթոլարինգոլոգը, ն.ի` քիթ-կոկորդ) եկավ սպասասրահ և սկսեց հաշվել մեզ: Գնաց: Քիչ անց նորից եկավ և սկսեց հաշվել: Վերջապէս, երկար սպասելուց հետո ես էլ մտա: Զննումը կպատմեմ հնարավորինս մանրամասն (բայց և առանց ավելորդ մանրամասնությունների): Սկզբից չափեցին բարձրությունս և լայնությունս քաշս ևն, հետո ընտրելով ազատ բժիշկներին, հերթով մոտեցա:
Ստոմատոլոգ - "բողոքներ, փչացած ատամներ ունե՞ս", ես` "չէ", առանց ստուգելու ստորագրեց, անցա հաջորդին: Ակնաբույժը միակն էր, որ տեղը տեղին ստուգեց, ինչի համար նրա գործընկերները նրան հեգնանքով հարցրին` "հիմա քո համար ի՞նչն ա կարևոր" (կարծես ինչ-որ տեղ էին շտապում, որովհետև շուտ պրծնել, գնալու խոսակցությունն անընդհատ կար): Մեր հին ծանոթ օթոլարինգլոգը, կամ առաջվա պէս` քիթ-կոկորդը հարցրեց "ունե՞ս գանգատներ, թարախ ևն ևն", ես` "չէ, մենակ մեկ-մեկ արյունահոսում է քիթս", նա` "լավ, կգնաս բժշկի", ստորագրեց, դրանից մի քիչ հետո հավաքվեց ու գնաց: Նյարդաբանը և հոգեբույժը ձևի համար հարց էլ չտվեցին, ստորագրեցին, գնացի: Ես եմ, կարող է գիշերները հնդիկ ուսանողուհիներին սպանում եմ, տանում եմ քաղաքից դուրս թաղում եմ, մարդ ես, էլի: Վիրաբույժ, մաշկաբան (իրար հետ էին)` "վիրահատություննե՞ր, վերքե՞ր ևն ևն", ես` "չէ", վերջը, անկետաս տարան կողքի սենյակ, մի քիչ հետո կանչեցին, ձրի ստրիպտիզ, զննեցին, թուղթ տվեցին, ուղարկեցին "Արմենիա" (ն.ի` "Հանրապետական"): Այդ օրը չգնացի, որովհետև ներսի ցրտից բավականին սառել էի, համ էլ` հոգնած էի:
Վերջապէս, այսօր, պրակտիկայիցս հետո գնացի "Արմենիա": Էն, որ հիվանդանոցի առաջին հարկում կոշկակարանոց, հիվանդանոցի ներսում էլ ծխախոտի ու կոսմետիկայի վաճառք կա, էդ հլը հեչ, էն, որ "զինակոչիկների ընդունարան" (զինակոչիկը նա է, ով հավաքագրվել է մարտի համար, բանակ տանում են զորակոչիկներին) կար, էդ էլ: Հիվանդանոցին մոտենալուց, արդեն հեռվից նկատելի էր սևափայլուն մի պարս, ինչը միանգամից հանգեցնում էր այն եզրակացությանը, որ ես պէտք է գնամ այդտեղ: Զգալով, որ ինչ-որ թվերով են կանչում, գտա, մոտեցա հաշվառողին, ով էլի զորակոչիկ էր, հերթագրվեցի` 303-րդ... Ժամն ուղիղ 12:00 էր... Տենց ժամը 16:00-ից քիչ անց ընդունող բուժքույրերից մեկը, որը դուրս էր եկել ընդունարանից, զորակոչիկներից մեկի հետ զրույցում նշեց, որ աշխատում է մինչև 17:00... հերթն այդ պահի դրությամբ հասել էր 220-ին... Չէ, նենց չի, որ ես բողոքում եմ, ես վերջապէս անցա հեռասոխիս մէջի խաղերի բոլոր աշխարհները:
Ես, որ սիրում եմ Հայաստանը, ռազմական գործի հանդէպ էլ անտարբեր չեմ հլը ջահնամ, բայց "էթամ մասկվա կաֆել խփեմ" եեչիստական դեմքով մարդն այդքան բանից հետո հաստատ վերջնականապէս կհիասթափվի բանակից (նենց չի, որ բոլոր զորակոչիկները հրեշտակներ են, բայց դե):
Նեռվայնացած գնացի զինկոմիսարիատ: Մտա ընդունարան, ասում եմ` ձև չկա՞ Դուք էս թուղթն ուղարկեք, ֆաքսով, կամ ցանցով, կամ` մի դաստա հավաքվի մեկը տանի: Ասում են` չէ, հենա քեզ տվել ենք տար: Ասում եմ` արդեն 4 ժամ ա ընտեղ կանգնած սպասում եմ (բնականաբար նստարան չկար), ողնաշարս տրաքում ա, սաղ Հայաստանն ընտեղ ա: Քարտուղարներն ուղարկեցին ենթասպաների մոտ, նրանք էլ` բաժնի պետի: Տենց մի կեսժամ էլ այդտեղ սպասելուց հետո, վերջապէս հանդիպեսցի նրան, նույն պատմությունը:
Լավ, գլուխներդ չցավացնեմ: Ասածս այն է, որ եթե ամեն մարզում մի հատ խելքը գլխին հիվանդանոց լինի, որտեղ նորմալ ռենտգեն կամ սոնոգրաֆիա ևն կանեն, ու էդ մարդիկ չեն ելնի տնով-տեղով հասնի Երևան (երբեք չեմ հասկացել` ինչու՞ են մարդիկ ողջ ընտանիքով գալիս զինկոմիսարիատ ու բժշկի մոտ), ավելորդ հերթեր և լարվածություն ստեղծելով: Միաժամանակ հարց է առաջանում` ե՞րբ պիտի մեր բանակը հրաժարվի էդ սովետառուսական հոտած համակարգից, այդ թվում` բյուրոկրատիայից:
Այստեղ ամենազավեշտալին ու անհասկանալին այն է, որ 3 տարի առաջ այս տխմարագույն ընթացակարգը չկար, ուղղակի թղթով գնում էի նշված բժշկի մոտ և վերջ: