Գյուղի լճափին մի քանի տղա արևի տակ խաղում էին: Այդ միջոցին մի մեծ և հուժկու արծիվ, որ սավառնում էր նրանց վրայով, շեշտակի իջավ դեպի նրանց, վերցրեց հզոր ճիրաններով մի երեք-չորս տարեկան երեխայի և սեղմելով իր երկաթե կրծքին, բարձրացավ վեր և տարավ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ...
Տարավ նա բարձր լեռները և մի ժայռագագաթի վրա, իր բնի մեջ գցեց նրան. արծվիկները, որ երեխային տեսան՝ ուրախությունից կտուցները չխկչխկացրին՝ ախորժակները սրելով, բայց մայրը հասկացրեց նրանց, որ ձեռք չտան:
Արծիվը հափշտակել էր երեխային հոշոտելու համար, բայց երբ նկատել էր նրա աչքերի աղերսող հայացքը՝ խղճահարվել էր և խնայել նրա կյանքը:
Երեխան մնաց բնի մեջ, արծվիկների հետ. հայր ու մայր արծիվները գնում, որս էին բերում և բոլորին գթառատությամբ կերակրում. իսկ գիշերը բոլորին, երեխային նույնպես, պատսպարում էին իրենց մեծ թևերի տակ ու ծվարում էին մինչև լույս:
Այդպես ապրեց մանուկը արծիվների ընտանիքում և սիրեց բոլորին ու բոլորից սիրվեց:
Տարիներ էին անցնում. հին ձագերը թևավորվում էին ու թռնում ծնողներից հեռու. նոր ձագեր էին աշխարհ գալիս, բայց մանուկը մնում էր արծիվների մոտ:
Սկզբում, երբ մանուկը փոքր էր, բնի մոտից հեռու չէր գնում, բայց երբ մի քիչ մեծացավ, նա ավելի և ավելի հեռու էր գնում բնից. որս էր անում՝ նապաստակ, թռչուններ, և բերում բույնը, ու կերակրում արծվի ձագերին:
Մանուկը չէր մոռացել, որ իրեն այստեղ բերել են հեռո՜ւ, հեռո՜ւ տեղից, ինչ-որ իր նմանների մոտից, որոնց անունները չէր մոռացել անգամ. նա միշտ նստում էր մի բարձր ժայռի վրա և նայում էր դեպի հեռաստանները՝ այն ուղղությամբ, որտեղից իրեն բերել էին:
Նրա հիշողության մեջ պատկերներով անցնում էին գյուղը. մայրը՝ փայփայանքներով, հայրը, մեծ եղբայրները, խաղընկերները, նրանց հետ ունեցած ախորժ խաղերը. հիշում էր և ուրիշ շատ բաներ:
Նա երբեմն և արտասանում էր մարդկային բառեր և նրա հոգին շարունակ ձգտում էր դեպի այնտեղ- հեռո՜ւ, հեռո՜ւ, այն վայրեր, դաշտերը, բայց չեր կարող գնալ, թևեր չուներ, ճամփա չգիտեր...
Անցավ մի-երկու տարի, և նա, ավելի քան առաջ, սովորել էր արծիվների կյանքին և սիրում էր սուր, վեր վազող ժայռերն ու հզոր լեռնագագաթները:
Նա արշալույսի հեռ միասին զարթնում էր և թռչում ժայռերից ժայռեր, եղնիկների հետևներից. նրա գլխի շուրջը միշտ շառաչելով հզոր թևերը, պտտվում էիր իր խանամատար արծիվները և նրանց ժառանգները:
Եվ նայում էր նա նրանց, ժպտում, ձեռները թափահարում նրանց թևերի նման և թռնում էր ժայռակատարներից ժայռեր. նրան ոգևորում էին արծիվների բարձր ճախրը դեպի արևը և թևերի շառաչը:
Եվ իրեն թվում էր, որ ինքն էլ է թռնում, և սիրտ առած թռնում էր անդունդների վրայից դեպի լեռնագագաթները, դեպի արևը:
Եվ լեռնագագաթներում, արծիվների թևերի շառաչների տակ, վառ արևի ոսկե շողերի ներքո և բյուրեղային լազուրի միջից նա վեհությամբ նայում էր հեռո՜ւ, հեռո՜ւ, իր անհայտ, անորոշ խոհերով վառ ծննդավայրը, և հոգով սավառնում էր այնտե՛ղ, այնտե՛ղ:
Եվ երբ երեկո էր գալիս, արևը մայր մտնում, ձորերը մշուշով լսվում, և աստղերի քարավանը շարժվում էր լեռնագագաթների վրայով, նա հոգնած քուն էր մտնում արծիվների թևերի տակ և երազում տեսնում էր՝ ընդարձակ երկիրը, իր ծննդավայրը, և որ ինքը ճաճանչափայլ լեռներից թռնում էր դեպի այնտե՜ղ, դեպի այնտե՜ղ...
***
Անցան էլի մի քանի տարի. մանուկը բավական հասունացել եւ խելահաս էր դառել. մեծանալով արծիվների հետ, թռնելով նրանց հետ լեռնային բարձունքները, մարզվել էր, դառել էր հաղթանդամ, հզոր և վիթխարի:
Վայրենի այծյամների արագ էր մագլցում ժայռերը և ո՛չ մի գայլ չէր խուսափում նրա հարվածից և ո՛չ մի եղջերու չէր հասնում նրան:
Նա արծվի պես թագավորում էր լեռների վրա, բոլոր կենդանիները վախենում և պատկառում էին նրանից:
Իսկ նա հաճախ նստում էր ամենաբարձր ժայռեղեն մի գահի վերա և խորհում ու խորասուզվում էր:
Բայց նա ամենից շատ սիրում էր իր լեռնային խրոխտ բարձունքները, ահեղ փոթորկի միջոցին. երբ մռայլ և ահադղորդ ամպերը փաթաթվում ու գալարվում էին գագաթների շուրջը ու խառնվում ձորերի մեջ, երբ հրեղեն ու որոտընդոստ կայծակները ճեղքում էին ամպերն ու պայթում ժայռերի գլխին՝ նա այդ միջոցին ոգևորված թռնում էր ամենաբարձր ժայռի գագաթին և հիասքանչ դիտում տարերային կռիվը:
Որոտում էին լեռներն ու ձորերը: Եվ որոտում էր նրա առնական կուրծքը ու աչքերը կայծակտում...
Բայց նա առհասարակ տխուր էր միշտ, և մռայլ այն մրրկային ամպերի պես. նրա հոգում ամպրոպ կար՝ փոթորիկ ու կայծակ դարբնող... Նա պայթել էր ուզում...
Նրան չէին բավականացնում այն անսահման ազատությունը. նրան հովիտը, դաշտը քաշում էին ցած, ներքև. նրա հոգում ամպրոպ կար՝ փոթորիկ ու կայծակ դարբնող. նա պայթել էր ուզում:
Եվ արդեն վերջերը նա շատ էր բացակայում բնից. օրերով թափառում էր լեռներում գագաթներից գագաթներ. իջնում էր ձորերը, բայց էլի ձգտում էր վեր. բարձրանում էր վեր և էլի ձգտում ներքև...
Եվ մի օր էլ նա իջավ լեռներից, շատ ներքև իջավ, մտավ լեռան լանջերի անտառները, կտրեց կաղնի մի մատաղ ճյուղ, դրեց ուսին ու դուրս եկավ անտառի մյուս կողմ:
Եվ տեսավ այն, ինչ որ նա մանկությունից երազել էր՝ տեսավ մի տնակ, որտեղից ծուխ էր բարձրանում, դռան առաջ կային երեխաներ, հասակով մարդիկ, որոնք փայտ էին կոտրում:
Նա մոտեցավ նրանց, բայց որովհետև չգիտեր բարև տալու սովորությունը լուռ կանգնեց նրանց մոտ. սկզբում վախեցան այդ լուռ մարդուց, բայց նկատելով մեղմ արտահայտությունը, սիրտ առած հարցեր տվեցին, բայց նա չկարողացավ պատասխանել:
Նրանք համրի տեղ ընդունեցին նրան, և տեսնելով նրա առողջ ու գեղեցիկ կազմվածքը՝ շատ ափսոսացին, ներս տարան, հաց տվեցին և պահեցին իրենց մոտ:
Նա կամաց-կամաց սովորեց խոսել և հասկացնել իր ով լինելը. բոլորը զարմանում էին ու նրան սիրում՝ պատկառելով ու հրաշք համարելով. նա էլ օգնում էր նրանց փայտ կոտրելու մեջ և անտառից մենակ բերում էր ահագին գերաններ:
Երբ նա բավական խոսել սովորեց մնաց բարով ասեց այդ հյուրընկալ խրճիթին և ճամփա ընկավ՝ գտնելու իր ծնողներին, որոնց մտապատկերները վառ էին իր հոգում, որոնց ձգտում էր սլաքի պես՝ կարոտատենչ:
Եվ նա սկսեց թափառել ամեն ճանապարհներով և ամեն տեղ. հաց գտնելու համար աշխատում էր ծանր ու քրտնաթոր:
Եվ նա շա՜տ թափառեց և շա՜տ աշխատեց չարադատ գյուղացիների հետ դաշտերում, շոգի ու ցրտի տակ, դարբինների հետ՝ ծանր մուրճերով, կրակի առաջ, և ուրիշ դաժան ու ծանր աշխատանքներ: Նա իր ուսերի վրա զգաց ժողովրդի սև աշխատանքի ամբողջ ծանրությունը և գոյության կռվի գերությունը:
Նրա արծվային հոգին, որ լիքն էր արծվի թևերի շառաչներով և փոթորկի որոտումներով՝ չէր կարող տանել այդ ստրուկ կյանքը, և հայացքը սևեռած դեպի լեռները՝ երազում էր իր անսահման ազատությունն ու իշխանությունը:
Բայց նա այնտեղ մենակ էր և ոչ մարդու պես, իսկ այստեղ նա իր նմանների հետ է, նրանց պես կապված ու շղթայված:
Եվ նա ապրելով կյանքում, հասկացավ, որ մի ինչ որ ահավոր անարդարություն է կատարվում մարդկանց մեջ՝ ամենուրեք...
Նա տեսնում էր, որ մարդկանց մեծ մասը անասունի պես զոր ու գիշեր աշխատում է ու չարքաշորեն տանջվում, իսկ մի փոքր մասը ապրում է վայելքների ծովում՝ ուրախ ու պարապ, շվայտ ու հպարտ:
Եվ որ նա նստել է ծառերի ծանրությամբ աշխատավորների վզին, որոնց խեղդում է իր երկաթե օրենքներով, և որոնք - այդ աշխատավորները - դարերի շարքի ստրկորեն համր գործիքի պես՝ տանում են նրանց... և իրենց արյունն ու քրտինքը զոհ բերում նրան, և չեն զգում, չեն գիտակցում՝ խավար են ու քարացած...
Բայց նա զգում էր, նրա արծվային հոգին սնված ազատորեն, սավառնող ու հպարտ, իշխող ու ըմբոստ, նրա լեռնաբարձունքների բնակիչ հոգին չէր կարող կրել աշխատանքի, կեղեքման լուծը...
Եվ արնոտվեց նրա սիրտը:
Եվ նա թողեց աշխատնքը ու շտապեց գտնելու իր հայրենիքը. նրան թվում էր, որ իր հայրենիքը ազատ է ու անկաշկանդ. այդպես էր նրա հոգում մանկուց վառած երազը:
Բայց ուր գնում էր, լսում էր նա հեծեանքի ձայները ու շղթաների շառաչյունը՝ օր ու գիշեր, գիշեր ու ցերեկ:
Բայց ուր գնում էր, լսում էր նա իր գլխի վերև շառաչյունը արծիվների թևերի, որը նրան խանդավառում ու թևավորում էր՝ օր ու գիշեր, գիշեր ու ցերեկ...
Եվ երկար թափառումից հետո վերջապես գտավ իր ծննդավայրը, ծանոթ լիճը իր ծնողների տնակը:
Նա իրբև հյուր մտավ իր հայրենական օջախը, և սրտի խորունկ կսկիծով տեսավ իր մորը՝ մեջքը կոր. չարքաշ հայրը՝ հոգնած ու խոշոմած, եղբայրները՝ ծանրության տակ բեռնավորված և ամբողջ գյուղը հեծծում էր իշխող, կեղեքով բռունցքի տակ:
Եվ նա խորապես համոզվեց, որ մարդկանց մեծ մասի վրա իշխում էր ու ճմլում բռնակալությունը իր ճիրաններով, որ ծծում էր ժողովրդի հյութն ու նյութը... Եվ որ սոսկալին ու նոխկալին է բոլորից՝ ժողովուրդը համբուրում է արյունոտ ճիրանները հարստահարության ու գիշատումի...
Թշվառ ժողովուրդը, ստրուկ, գերի, մեծ բանտի մեջ, բարի ու չարի սուտ օրենքներով շահագործված, հյուծող շղթանների տակ, բայց կույր ու խուլ, բայց խավար ու անլույս...
Ամբողջ աշխարհի վրա կեղեքման հսկա ու վիթխարի բռունցքն է ծանրանում, բայց չեն տեսնում, բայց չեն զգում...
Եվ հուզվեց ու ալեկոծվոց նրա արծվային և լեռնագագաթային հոգին. լեռների բոլոր փոթորիկները որոտացին նրա մեջ, և բոլոր կայծակները փայլատակեցին նրա մեջ:
Նրա հոգին, որ պայթել էր ուզում, զգաց, որ հասել է պայթման գերագույն հատուցման ժամը, և նա ուխտեց վրեժխնդիր լինել բոլոր հարստահարողներից ու բռունցքների և ամբողջ աշխարհը դարձնել ազատ, և մարդկանց՝ արծիվների պես հպարտ ու սավառնող:
Եվ երբ նա մի օր, այրվող արևի տակ, մտազբաղ թափառում էր և խորհում ելք գտնելու աշխարհը փրկելու համար, նրա հոգնած քայլերը մոտեցան մի աղբյուրի, որ զանգի պես զնգում էր, նշխուն քարերի մեջ:
Նա նայեց աղբյուրին, որի արտասուքի պես հստակ կաթիլները փայլփլում էին նշխուն քարերի վրա՝ նստեց նրա մոտ ու ասաց.
- Երանի՜ քեզ, ա՛յ զանգակ աղբյուր, որ ուրախ ու պայծառ զրնգում ես կայլակում, չես տեսնում մարդկանց տառապանքն ու արյունը:
Երանի՜ քեզ, ա՛յ զանգակ աղբյուր, որ քո անուշ խոխոջը չի այլանդակվել լաց ու անեծքի ձայներով, և զուլալ ջրերդ չեն պղտորվել իշխողների աղտեղությամբ...
Եվ երբ նա վշտահար ու լռիկ նայում էր աղբյուրին՝ իր ազատասեր ճակատը խոժոռած ու մտատանջ գլուխը կախած վիթխարի կրծքի վրա, նրա առաջ կանգնեցին երկու քնքուշ ու նազելի հավերժահարսներ և բարևեցին...
Նա աչքերը վեր բարձրացրեց և տեսավ նրանց. մեկը ձեռքը սուր ուներ բռնած, մյուսը՝ ճրագ լուսավառ:
- Ո՞վ եք դուք և ի՞նչ եք ուզում ինձնից,- հարցրեց նա:
- Մենք հավերժահարսներ ենք. եկել ենք քո վիշտը ամոքելու. ի՛նչ որ ուզենաս, քեզ կտանք...
- Դուք, որ այնքան միամիտ ենք, բարի՛ ոգիներ, ասացե՛ք՝ ո՞վ կարող է ամոքել իմ մեծ վիշտը. նա աշխարհի հսկա վիշտն է. ո՞վ կարող է փրկել տառապող աշխարհը:
- Մենք ցույց կտանք քեզ փրկության միջոցը:
- Ո՛վ դուք միամիտ, բարի ոգիներ, գիտե՞ք, որ աշխարհը արյան ծով է, և մարդիկ՝ ստրուկներ ու զոհեր. ինչո՞վ կարող եմ ազատել նրանց. ցույց տվեք ինձ փրկության ուղին, եթե գիտեք. ո՞վ կարող է՝ ասացե՛ք:
- Ե՛ս,- պատասխանեց ճրագակալ հավերժահարսը,- ա՛ռ իմ ճրագը - դա գիտակցությունն է ինքը. իմ ճրագով շրջիր մարդկանց մեջ ու լուսավորիր նրանց խավար հոգին. հասկացրու նրանց, որ մարդը ազատ պիտի լինի, որ ո՛չ ոք իրավունք չունի ուրիշի իրավունքը ջնջելու, որ ամեն մարդ ինքն է իր տերը, որ արդարությունը իրավունքի մեջ է, և իրավունքը՝ ազատություն:
- Ո՛չ, ե՛ս,- պատասխանեց մյուսը,- դա շա՜տ ձանձրալի գործ է՝ ասել, հասկացնել այս հազար-հազար մարդկանց. ո՞վ կլսե քեզ, կհանգցնեն քո ճրագը, որովհետև, ով ուժ ունի՝ իրավունքը նրանն է:
Ահա՛ միակ ուժը և ուղին -սո՛ւրը. վերցրո՛ւ և դեպի կռիվ. ընկի՛ր աշխարհ, կոտորի՛ր ու ջնջիր բոլոր չարերին ու բռնակալներին, չարը պիտի մեռնի և բարին ապրի. գնա՛ և մեռցրո՛ւ չարին. ապա բարին կզորանա և արդարությունը կիշխե միահեծան:
Կռվով միայն ձեռք կբերես իրավունք:
Բոցավառվեց նրա արծվային հոգին, փայլատակեց սիրտը վրեժի կայծակներով, դղրդաց կուրծքը լեռնաբարձունքների որոտներով, լսեց շառաչումը արծվի թևերի իր գլխի վերև, խլեց հավերժահարսի ձեռքից հրեղեն սուրը և նետվեց դեպի աշխարհ՝ մարդկանց մոտ...
***
Մտավ նա մարդաշատ ամբոխի մեջ, որ մեջքակոր աշխատում էր հարստի և կեղեքողի դարպասների առաջ, շարժեց սուրը ր գոչեց.
- Արծիվների ազատությունն եմ բերում ձեզ և լեռնագագաթների վեհությունը. հրեղեն է իմ սուրը և արդարություն բերող. հերի՛ք է տանջվեք չարքաշ. հետևեցե՛ք ինձ. ես ձեզ դեպի կռիվ եմ տանում՝ արդար և ազատարար կռիվ. ջախջախեցեք մեր տերերին և մենք լինենք մեր ազատ տերերը...
Եվ որովհետև նա խոսում էր հրեղեն ու անկեղծորեն՝ ամբոխը հուզվեց ծովի պես. ալիքներով փռվեց նրա ոտների շուրջը և մռնչաց.
- Տա՛ր մեզ դեպի կռիվ, դեպի մա՛հ, դեպի կյա՛նք:
Եվ նա նորից դարձավ դեպի ամբոխն ու ասաց.
- Դուք գերի եք ու ստրուկ իրավազուրկ. ձեզ հարստահարում են ու մորթում, ձեզ վայելում են ու հոշոտում. ես ձեզ ասում եմ՝ միացե՛ք, բոլոր աշխարհների չարադատ ամբոխներ. միացե՛ք, ձեր գիշատիչների դեմ. շարժվի՛ր, ստրուկ ամբոխ, մի անգամ կռվի ե՛լ. դու ոչինչ չունես կորցնելու՝ միայն քո շղթաներից բացի, իսկ գտնելու՝ ամբողջ աշխարհը կգտնես...
Եվ որովհետև նա խոսում էր հրեղեն և անկեղծորեն - ամբոխը հուզվեց ծովի պես. ալիքներով փռվեց նրա ոտների ներքև և մռնչաց.
- Տա՛ր մեզ դեպի կռիվ, դեպի ազատությո՛ւն, դեպի մա՛հ...
Եվ ծովածավալ ամբոխը հետևեց նրան՝ զինավառ և սուսերավառ հարձակվեցին բոլոր իշխողների ու տերերի վրա, բոլոր հարուստների և կեղեքողների վրա, բոլոր չարերի և բռնակալերի վրա: Եվ սպանեցին նրանց, մորթեցին, սրածեցին, գնդակահարեցին. ավերեցին գյուղեր ու քաղաքներ, տներ ու պալատներ, այրեցին, հրդեհեցին, հափշտակեցին նրանց գույքն ու ինչքը, տիրեցին նրանց անսահման հարստությունները:
Եվ հաղթական ամբոխը դառավ երկրի տերը. այլևս չկային իշխողներ ևստրուկներ, կեղեքողներ և կեղեքվողներ. թվում էր, որ հավասարությունն է տիրողը միակ, որովհետև հափշտակած հարստությունները հավասար էին բաժանել իրար մեջ:
Եվ Արծվամանուկին թվաց, որ ահա թագավորեց արդարության ու իրավունքի երազած կյանքը:
Բայց երբ անցավ մի փոքր ժամանակ, և երբ նա ուշով լարեց իր աչքն ու ականջը դեպի կյանքը, նա տեսավ դարձյալ անարդարություն և ստրկություն, նա լսեց դարձյալ հառաչանքներ և անեծքներ...
Նա տեսավ, որ ուժեղը նորից ճնշում է թույլին և հարստահարում. նորից կազմվում է իշխողների և բռնակալների տիրական դասը և բանվորների ու հարստահարվողների գործի հլու դասը...
Նա տեսավ, որ հին, ավեր կյանքի վրա աճում է նույն տեսակ կյանքը՝ կաթիլ կաթիլի նման անձրևի. նա, արյունոտված սրտով, համոզվեց, որ ինքը չկարողացավ չարիքը արմատախիլ անել:
Այդ մեծ չարիքի արմատը մարդկանց հոգու մեջն է՝ հազար-հազար տարիների սերունդների մեջ թաղված, և ահա այդ արմատի վերա բարձրանում է նույն չարիքի բազմաճյուղ ծառը:
Եվ նա համոզվեց, որ ծառը կտրեց միայն, և այս անգամ խորապես հուսահատվեց նա. թևերի կախեց. լքման մռայլ կնճիռները ակոսեցին նրա արևավառ ճակատը. ազատասեր և մրրկային գլուխը կախեց խորտակված կրծքի վերա և նզովեց մարդկանց երեք անգամ...
Ապա վերցրեց սուրը, կոտրեց ու շպրտեց հեռու. թոթափեց աշխարհի չորս հողմերի դիմաց ոտների փոշին, ու քայլերն ուղղեց դեպի լեռները, արծիվների մոտ, դեպի լեռնագագաթների լազուրը...
Եվ նա գնումէր լուռ, հոգնած, ստվերի նման. հասավ այն աղբյուրի մոտ. նստեց, նայեց զուլալ ջրերին, լսեց զանգակ ձայնին, և լացեց. առաջին անգամ նա լացեց...
Այդ ժամանակ դուրս եկավ ճրագակալ հավերժահարսը՝ ճաճանչագեղ ու պայծառ. քնքուշ ձեռքերով գրկեց նրա գլուխը և ասաց.
- Մի՛ լար, մի՛ լքիր. դեռ կորած չէ մարդը. գնա՛ լույսի հետ և խավարի մեջ որոնի՛ր, գտի՛ր մարդուն: Խավարի դեմ սրով չեն կռվիլ, այլ լույսով, և տգիտության դեմ՝ գիտությամբ:
Մի՛ լար, մի՛ լքիր, ա՛ռ լույսը և գնա՛ մարդկանց մոտ. լուսավորիր մարդու գլուխը, վանի՛ր նրա միջից խավարը. փշրի՛ր նրա մտքի սնապաշտ, ստրկային շղթաները. ամենից առաջ ազատիր մարդու հոգին, մարդու միտքը՝ ապա ինքը մարդը իրեն կարող է ազատել:
Տո՛ւր գիտակցություն իր կոչման, իր նպտակի, իր արժեքի, իսկ գիտակցությունը ազատության աղբյուրն է և ստրկության մահը. թո՛ղ մարդը հասկանա, որ իրավունք ունի, և նա իրավունք ձեռք կբերե:
Արդարության, ազատության և ճշմարտության լուսավոր գիտակցությունը վառիր ամենքի հոգու մեջ, և ամենքի խրճիթում, և ապա դու կտեսնես, որ շուտով երկրի վրա կբարձրանա գերագույն կյանքի համատարած, անմահ արևը...
Նա, որ ծարավի լսում էր հավերժահարսին, ալեկոծվեց նորից. փայլեցին ու շողշողացին աչքերը հույսի և ոգեվառման արևներով, նորից խրոխտաց ճակատը, ծովի նման ուռեց կուրծքը:
Եվ նորից, ավելի ևս ուժգին լսեց կայծակնափայլ լեռնագագաթների որոտմունքը և շառաչումը ազատասեր արծվի թևերի, նա լսեց այդ ամենը իր շուրջը, իր գլխի վերև, իր սրտի մեջ...
Եվ վեհագույն լռությամբ շնորհակալ եղավ հավերժահարսից, առավ լույսը նրա ձեռքից և ճառագայթի նման արագ ու շողշողուն, ու անընկճելի՝ նետվեց ու մեխվեց. ու սուզվեց խավարների և ամբոխների մեջ...
Ավետիք Իսահակյան