Տատս

Jul 27, 2009 23:26


Ապրեց կարոտով ու զարմացած` երեխայի պես: Այսօր հարցնում են` տատդ ինչպիսին էր՞: Տատս` կարոտ, սեր ու նվիրում:
Ու միշտ հիացած մեզնով:

Ամեն անգամ ներս մտնելիս, եթե անգամ իր տանն էի ապրում, պիտի ուրախանար` եկա՞ր, ձագս: Ու ամեն ներսուդուրսի հետ աշխարհը դառնում էր իմը` տաաաք ու ապահով: Որքան էլ ձագ լինեի, այդքան սիրո մեջ միշտ ապահով էի… համ ձագ էի ու համ` տերով:

…Երբ ինձ գյուղ էին տարել տատիս մոտ, 6 ամսեկան էի /մայրս պիտի աշխատեր/, հիվանդացել էի` 41 աստիճան տաքություն ու ոչ մի ճար… Մի քանի օր ու մտածել էին, որ չեմ փրկվի…Կարոտախտ: Հետո մոռացել էի մորս ու առողջացել /Հիմա էդ պաշտպանականը էլ չի աշխատում:Ճ/ : Մայրս միշտ լացելով է հիշում, բայց իմ հազիվ փրկվելը չէ, իրեն մոռանալս: Ինչքան ինձ հիշում եմ` կարոտում էի բոլորին, ում սիրում եմ… եթե նույնիսկ մոտս են` կարող եմ կարոտից լացել: Ես գիտեմ կարոտն ինչ է: Տատս էլ գիտեր, որ գիտեմ…

«Դու ուրիշ ես»,- ասում էր, ու մյուս թոռները չէին նեղանում: Երբ մտնեի ներս, պիտի սուրճ եփեր անպայման ինձ համար. Իմ եփածը ես չեմ սիրում: Պիտի գովեր անպայման իմ թխած-գործած-եփածը, ձեռքերս պաչեր, գլուխս դներ գոգը ու մազերս շոյեր: Ու լուռ նստեր, որ ես քնեի… Ծնկներս էր տատս, երբ մեռավ, ծնկներս ծալվեցին… Ասում էին` քանի՞ տարեկան էր, 84՞, հա, բա էլ ինչ… Նայում էի անզոր ու անտեր` տատս է:

Տատս ապրեց կարոտով ու զարմացած`երեխայի պես: Զարմացած` բառով, մարդկանցով, ծաղիկներով, համերով, երկնքով.. Ու կարոտով հիշելով իրենը` մերն ուրիշ էր… Զարմացած, որ կարող էր իր 3 երեխաների մահը տեսնել, կարոտից ու կսկծից խեղդվելով… Ասում էր, երազում էր «ոտքուձեռքով» մեռնել… Չեղավ, նույնիսկ անգիտակից չմեռավ. Չէր խոսում, փնտրում էր ինձ հայացքով… Հորաքույրս, որ փոքրն ու միակ աղջիկը լինելով` սովոր էր միակն ու սիրելին լինել, ասում էր. Թողեք, իրենք իրենցն ունեն, կհասկանան… Չգիտեմ, հասկացա՞, բայց երբ տատս նայում էր ինձ ու կուրծքը շոյում, զգում էի, որ արդեն կարոտում է մեզ… Համ ուրախ էր, որ վերջապես գնում է մյուս երեխաների մոտ կարոտն առնելու, համ դեռ չգնացած կարոտում էր մեզ…

Մինչև վերջ սերն ու կարոտն աչքերում պահեց, լույսի պես աչքեր: Երբ մահացավ, աչքերից դեռ երկար արցունքներ էին հոսում…

Ապրած կարոտը արցունքներով ներծծեց աշխարհ ու գնաց աշխարհի ներսում հիմա էլ մեզ կարոտելու:   

ՏՈՒՆ, anna

Previous post Next post
Up