Զգացմունքներ ու Բնազդներ-1

Jun 09, 2009 23:16

Ձուկ եմ բռնում: Վերջ` գարեջուր, ուտելիք բաժանել եմ, որդեր, զանգեր, և այլն վազվզել եմ... Հիմա իմ պահն է: Կանգնում եմ ափին մոտ, մեջքով մյուսներին, որ չխանգարեն, աչքիս չերևան. ես եմ ու լիճը:

Դանդաղ ու ուշադիր որդը «քաշում եմ» կարթով մեկ, տեղը տեղին` որ մի մասը միայն կախված մնա. այնքանը, որ չկարողանա պոկել ու առաջ նետվի... Որս:

Ուղղվում եմ, լարը հանում տեղից, պահում մատով, մի ակնթարթ սպասում եմ, որ քամին զգամ, շնչում եմ այն ու...
«Տեսնո՞ւմ ես սրան»,-լսում եմ թիկունքիցս։  
Սպասում էի, գիտեի:
Ժպտում եմ. առաջինը դրա համար եմ միշտ հատուկ հեռու նետում:
«Սրան»։  
Որսի ժամանակ հիացմունքը քիչ է, նախանձ էլ պիտի լինի:
Կա:
Վերջ:
Որս:
Ես ու լիճն ենք: Ու քամին: Զգացի ուր ընկավ կշռաքարը: Սպասում եմ: Զանգ չեմ կախում, չեմ հեռանում: Ես կանգնած եմ որսում, մատս լարին, որ թեթև զարկն անգամ զգամ: Սպասում եմ... դանդաաաաղ: Ձկանը չէ: Սպասում եմ, որ ալիքները գան ինձ, քամին ջրի հոտն ու գույնը խառնի աչքերիս, միանա ինձ ու ... թեթեեեեեվ ձգում եմ լարը: Թեթև. Որովհետև եկավ այն, ինչի համար գնում եմ ձկան որսի. Զգում եմ, այ հիմա, որ.. այ հիմաաաա եթե թափով քաշեմ` ամբողջ լիճը կարթիս կպած քաշելու եմ վրաս....
Աաաաաա. Թռաաավ ձիս...   

anna, fizi-logus, ԵՍ, Աննա

Previous post Next post
Up