Հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը կրճատվելու են` իրենց տեղը զիջելով վրացերենին
2010-2011 թթ. ուսումնական տարին Ջավախքի հայկական դպրոցների կրթական համակարգում մի շարք փոփոխություններ է նախատեսում: Ինչպես պարզվեց, գալիք ուսումնական տարում հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը կրճատվելու են` իրենց տեղը զիջելով վրացերենին: Ընդ որում, հայերենով տարվող բոլոր դասընթացներն այսուհետ կանցկացվեն երկլեզու համակարգով. դասերի առաջին կեսը մասնագետները կվարեն հայերենով, երկրորդ կեսը` վրացերենով: Ասվածը վերաբերվում է նաեւ աշակերտներին, ովքեր համապատասխան թեման ներկայացնելիս նույնպես պետք է «օգտվեն» երկլեզու համակարգի ընձեռած «երկկողմանի շահավետ» հնարավորությունից:
Պարզվում է դպրոցներում մինչ այս գործող լաբորատորիաները, բուժկետերը, երգի-պարի խմբակները, նախնական տվյալներով, նաեւ գրադարաններն այլեւս պետք չեն ու չեն գործի, ինչը, համապատասխանաբար ազդում է նաեւ հաստիքների վրա:
Հայոց պատմության դասաժամերն, ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում, ֆակուլտատիվ հիմունքներով են անցկացվելու, կրճատվել են նաեւ կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի դասաժամերը:
Չնայածայն տեղական իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ հայազգի ոչ մի ուսուցիչ չի զրկվելու հետագա մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունից, սակայն դասաժամերի զգալի կրճատումներն, ակնհայտորեն, այլ բանի մասին են վկայում:
Արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ պակաս կարեւոր խնդիր է դարձել նաեւ դասագրքերի ձեռքբերման հարցը: Հայաստանում հրատարակվող եւ անվճար տրամադրվող հայալեզու դասագրքերն արդեն մի քանի տարի է, ինչ անհասանելի են ջավախահայ աշակերտներին: Փոխարենը, նրանք ստիպված են Վրաստանում լույս ընծայվող Մեսրոպատառ դասագրքերը ձեռք բերել բավականին թանկ գնով եւ նման պայմաններում կազմակերպել ուսումնառության գործընթացը:
Սակայն խնդիրը միայն սա չէ. այդ դասագրքերը առանձնանում են անհաջող թարգմանությամբ, բազում տառասխալներով, խրթին շարադասությամբ, շատ դեպքերում նաեւ աղավաղված բովանդակությամբ: Խոսքը հատկապես վերաբերում է Վրաստանի պատմությունը ներկայացնող դասագրքերին , որոնք հայ աշակերտին ներկայացնում են հայոց պատմությանն առնչվող աղավաղված քարտեզագրություն, պատմական իրադարձություններ եւ այլն:
Ահա թե ինչպիսի պայմաններում է ջավախահայ աշակերտը կրթություն ստանում, թեեւ յուրաքանչյուր քայլափոխի անընդհատ խոստումներ են շռայլվում ազգային փոքրամասնությունների իրավունքների, այդ թվում` մայրենի լեզվով մատչելի ուսումնառության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ա-ինֆո» գործակալությունը:
2010/07/02 | 17:03
http://hetq.am/am/politics/javakhk-34/