Երեկ Երեխաների պաշտպանության օրն էր: Մեր սիրելի
lady_dilemma -ն և մի շարք բլոգերներ լավ գաղափար ունեին, որն էլ իրականացրեցինք՝ գումար հավաքեցինք, տորթ պատվիրեցինք և գնացինք «Զանգակատուն» ԲՀԿ՝ շնորհավորելու կյանքի և մարդկանց (ցավալի է՝ նաև որոշ դեպքերում ծնողների) կողմից պատճառած վերքերը այնտեղ ապաքինող և ժպտալ ու ապրել սովորող երեխաներին:
«Զանգակատան» երեխաները սոցիալապես անապահով, ինչպես նաև «ծանր» ընտանիքներից են: Կան դեպքեր, որ երեխան ընտանիքում տեսել է բռնություն, սեռական ոտնձգություն, ծնողներից մեկը բանտում է կամ մարմնավաճառությամբ է զբաղվել, կամ էլ հարբեցող է և այլն … Երեխաներ, որոնք շրջապատված են ոչ թե ծնողների և պետության հոգատարությամբ, այլ արհամարհված են … Ահա նրանցով է զբաղվում «Զանգակատունը». օրական մեկ անգամ տաք ճաշ, դասապատրաստում, տարբեր հմտությունների դասեր (ձեռագործ, նկարչություն, խեցեգործություն, երգ, պար), հոգեբանական օգնություն, աշխատանք ծնողների հետ: Շուրջ 60 երեխա է այցելում և օգնություն ստանում Զանգակատանը:
Իսկ թե ինչ միջոցներով է գոյատևում երեխաների համար փրկություն դարձած այս օրրանը, մի այլ հարց է …ցավալի հարց է: Ֆինանսավորմամբ ու օգնությամբ զբաղվել և զբաղվում են միջազգային կառույցները (Սորոսի հիմնադրամը օրինակ) .. Իսկ մե՞նք, իսկ մեր պետությո՞ւնը, մեր «բարեգործ-գործարարնե՞րը» … ՈՉ: Ֆինանսավորումը շատ քիչ է, հազիվ բավականացնում է ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸ վճարելուն՝ 500 000 դրամ ամսական (Շենգավիթ համայնք): 3-հարկանի շինության առաջին և 2-րդ հարկը կողպած են (1 հարկը Հրանտ Վարդանյանինն է, երկրոդը` մի կնոջ), երրորդում՝ Զանգակատունն է …
Երևանում իրականացվում է բակային տարածքներում խաղահրապարակների կառուցման ծրագիր: ԱՅՍ երեխաները չունեն բարեկարգ բակ: Չկա նաև սպորտդահլիճ կամ գոնե սպորտային կահավորանքով սենյակ: Երեխաները և ծնողները տառապում են տարբեր` նաև շատ ծանր հիվանդություններով, սակայն գումար չունեն դեղորայքի և առհասարակ բժիշկի դիմելու:
Զանգակատանը կա պատին փակցված տախտակ, որի վրա նշված են երեխաների անուններ, ում ծննդյան օրը տվյալ ամսին է: Ամսվա վերջում նշում են բոլորինը միասին: Արդեն երկու ամիս է երեխաների ցուցակները «կախված են» մնացել: Գումար չկա ծնունդները նշելու: Դոնորը այլևս չի օգնում..
Պարոնայք ղեկավարներ, նախարարներ, գործարարներ … կոչ եմ անում ձեզ այցելել Զանգակատուն, ծանոթանալ այս կազմակերպության խնդիրներին, օգնության ձեռք մեկնել: Չէ որ այդ երեխաներին չի կարելի անտեսել… Ի՞նչ կդառնան այդ երեխաները վաղը, եթե այսօր թիկունք չլինենք նրանց համար …
Ավելի շատ լուսանկարներ` այստեղ
http://hovulik.livejournal.com/396247.html Զանգակատան հասցեն է` Երևան, Ֆրունզե 13
Հետո չասեք, թե տեղը չգիտեիք…