http://photofile.ru/users/rudik66777999/2888656/69708963
Դիլիջանուհի
Խորանի մեջ`
Աչքեր` լուսին արտասանող,
Եվ աստեր են
Թևում ղողանջներով մոմե:
Խորանից դուրս`
Ծաղկած կարոտի պես անհողմ`
Ասուպներ են
Բուրում` որպես կենսակայմեր...
Աստղաժպիտներ են
Պարում կանաչն ի վար`
Վերադարձի նման արցունքորեն
Խնդուն,
Եվ կանաչում եմ նիրհող
Վարսանդներից օրվա-
Ինքն իրեն հերքում է
Մի
Կու՛յս
Ցտեսություն...
* * *
Եկեք ծանոթանանք:
Ազգանունս Սեր է,
Իսկ անունս` Համբույր,
Ունեմ աչքեր կանաչ
Ու կապուտակ լուսին
Ու տիեզերք-երակ`
Լուսայգերգանք արյամբ:
Ու ծնվել եմ ահա Հավերժ դարասկզբին`
Կենսաժպիտ տարվա
Ակնթարթներ ամսում`
Առասպելերորդ օրվա`
լույս Գաղտնիքի գիշերը`
Կարոտի ու Վերադարձի սիրուց,
Առեղծվածի մարմնով...
Հա, մի բան էլ ասեմ.
Ես սիրում եմ նրանց ,
Ում անունը Սեր է,
Ազգանունը` Համբույր...
Եկեք ծանոթանանք
Շարական
Նա ժպտում է `
Որպես ջրվեժ` թարթիչների կողերն ի վար,
Թարթիչների կողերից
Կու՛յս կարապներ են շատրվանում:
Օվկիաններ են փոթորկածուփ
Խայտանքները կարոտուհու,
Օվկիաններում աչքեր կան որբ,
Որոնք բախտի բախտն են ներկում:
Ջրվեժների ձայների մեջ
Պիթիանե՛ր են զարթնում կյանքից,
Նրանց կոպից
Երազի լու՛յս աղավնիներ են ճառագում:
Ֆլեյտաահար ցավի ուսից
Վարսանդներ են ծափահարվում
Ու պոետի լանդշաֆտներին
Աճում` որպես նեկտարություն…
* * *
Ես եղա’ հանուն կարոտի, դարձի:
Իմ արցունքերորդ տառատեսակով-
Անվանդ կոպին ի’նձ տպագրեցի`
քո թարթիչների տպաքանակով…
Բայց հավատիդ պի’թան, որ մեղրամիսներ էր
խոստացել քո կեսօրներին,
Բախտիս բնավորության կույս արնոտում էր
Էջերը իմ աղոթքների`
քո թարթիչների տպաքանակով…
* * *
Կարմիր,
կարմիր,
կարմիր երդումներիդ միջև
Հրեշտակի գույներն
անձրևում են դժկամ,
Անձրևն հոգուս մայթին
կետադրում է ճիչեր,
Ու շնչում ես
հիմա`
իբրև
աքլորականչ…
* * *
Այսօր,
ավելի քան երբևէ
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ:
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքերը
պահել ոտքի տակ…
Քանզի
այս էլ քանի տարի է, որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզում եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա:
Պոեզիա
Դարերի
ճաքած ողնաշարն ի վար
Քարիտի
ուռած կրծքերի՛ց հոսող`
Մա’արու աչքից,
Վան Բեթհովենի
լսողությունից,
Դանթեի վախից,
Կալլասի ձայնից
Եվ
Չարենցի գի՛ժ ուղեղից
Եփած
զվարթու՛ն կոկտեյլ…
1984 թ., 22 հունիսի
Նախօրեին
Ռադիոն հայտնում էր, որ
Հետևյալ օրը
Մարդկային ճակատագրերի երկայնքով մեկ
Սպասվում է +45 հիշողություն ու հիշատակ,
Որ 39-ին երված օրիորդների նշանի մատանու
կորած ակերի տեղում կնկատվեն արցունքի կաթիլներ,
Որ գերմագնիսական դաշտը բոլորին քարշ կտա
դեպի գերեզմաններ, հուշարձաններ, եկեղեցիներ,
Որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը
խաղաղության սպիներից կբեկվի 45 անկյան տակ,
Որ օդի խոնավությունը գնահատող ինդեքսը կունենա
զոհվածների անմահության և ապրողների կյանքի արժեքը:
Առավոտյան
Ամենաշոշափելի հրեշտակների Օլիմպոսից
Ուղիղ եթերով հաղորդեցին,
Որ Հայոց աշխարհի մշակութային ծննդատանը
Գյումրեցի մի կնոջից աշխարհ է եկել
2000-ականների պոետիս մուսան,
Որին, ի պատիվ իոնական մեղրի,
անվանել են Նեկտար…