Հացկատակները հո պոզով պոչով չե՞ն լինում...

Apr 17, 2010 01:52


Ընկերոջս՝ Դավիթ Գյուլզադյանի "Հրապարակ"-ում հրապարակած այս նյութը մեր հինգերորդ շարասյան գործունեության մասին է։ Առանց այս տեսակ հացկատակների մենք հիմա լրիվ այլ կարգավիճակ կունենայինք։ Հացկատակությունը ստրկությունից վատ է, քանի որ ստրուկների մեջ ազատատենչ ՍՊԱՐՏԱԿներ են ծնվում, իսկ հացկատակների մեջ՝  սերգոներ, որոնք պետական կարևոր պաշտոններ զբաղեցնելու և քաղցրիկ պատառների համար ամեն ինչից կհրաժարվեն։ Օտարամոլ ու օտարի ծառա են։ Այս ահավոր տեսակի բուծման լավագույն միջավայրը համատարած միջակացումն է՝ միջակության թագավորությունը։ Հզոր ազգային անհատներ ունեցող հասարակության մեջ սա չէր կարող լինել... Միջակների ու պատեհապաշտների ձեռքին չլիներ մեր հոգևոր ոլորտի մեծ մասը (ընդ որում բավական երկար ժամանակ)՝  հիմա թուրքերը այ սրա մասին երազել անգամ չէին հանդգնի, իսկ այս մասին ուղղակի լռում եմ... via  kornelij  և dabavog 
Նախագահին ուղարկված հրապարակային այս նամակից մի պատառ եմ դնում՝ ահազանգիս արձագանք սպասելով...

....Հայաստանում պետական լեզուն հայերենն էր խորհրդային կարգերի ողջ ժամանակաշրջանում։ Այդ պետության տարածքում երեք պետական լեզու էր գործառում՝ Հայաստանում հայերենը, Վրաստանում վրացերենը.... 1977-ին ընդունվում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը, որտեղ, ի տարբերություն նախորդների, ավելացված էր մի հոդված, այն է՝ ԽՍՀՄ տարածքում պետական լեզուն ռուսերենն է։ Սա նշանակում էր, որ միութենական հանրապետությունները չնչին տեղայնացումներով իրենց սահմանադրություն էին ներառելու այդ հոդվածը, այսինքն՝ Հայաստանում ու Վրաստանում հետևելու էր ազգային լեզուներով բուհերի և դպրոցների լեզվական վերակազմավորումը, ավելի պարզ՝ գոյություն չպիտի ունենային ազգային լեզուներով ուսումնական հաստատություններ, ինչպես որ էր Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում և այլուր։ Պայքարի են ելնում բազմաթիվ մտավորականներ՝ Սիլվա Կապուտիկյանը, Գրիգոր Խանջյանը, Վիկտոր Համբարձումյանը, լեզվաբան Գուրգեն Սևակը և ուրիշներ։ Պայքարում է գիտությունների ակադեմիան՝ իր ինստիտուտներով։ Ոտքի են ելնում բուհերը՝ դասախոսներով ու աննահանջ վճռականությամբ լցված ուսանողներով։ Հայաստանի կենտկոմը համալսարանից (կուսկազմակերպությունից) երկու անգամ պահանջում է նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ (ներառյալ ռուսերենի պետական կարգավիճակի հարցը) դրական կարծիք, համալսարանը երկու անգամ բացասական կարծիք է ուղարկում, այն էլ՝ միանգամից Մոսկվա։ Արձագանքները հասնում են Թբիլիսի, որտեղ պայքարը շատ ավելի բուռն է լինում։ Պայքարի անօրինակ եղանակ է որդեգրում Վիկտոր Համբարձումյանը. տևական մի ժամանակաշրջան Մոսկվայից իրեն հասած բոլոր պաշտոնական գրություններին պատասխանում է հայերե՛ն...
....Պարո՛ն Սարգսյան, բռնապետությունը, որի կազմում էր Հայաստանը, չկարողացավ պարտադրել մեզ սահմանադրության լեզվական հոդվածի փոփոխություն։ Ձեզ՝ իբրև երկրի ղեկավարի, իբրև հայ մարդու, իբրև հայ բանասերի, չի՞ մտահոգում այն փաստը, որ անկախ Հայաստանի կարճատև պատմության մեջ արդեն երեք անգամ պաշտոնապես փորձ է կատարվել դավադիր ոտնձգության՝ հանդեպ մեր անկախ երկրի հիմնասյունը՝ պետական լեզուն, և այդ անպատիվ փորձառության հեղինակներից վերջինը Սերգո Երիցյանն է։ Կարծում եք՝ դեռ կիսատ գո՞րծ ունի, դեռ իր տրամաբանական վախճանակետի՞ն է հասցնելու այդ սև գործը...
....Աշխարհում գոյություն ունեցող մոտ 5000 լեզուների չնչին մասն է միայն, որ գրական տարբերակի մշակութային առավելությունն ունի. մերն այդ խիստ սակավներից մեկն է։ Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ է բնականության կեղծ պահանջով արհեստականորեն մեռցվում մեր գործող գրական լեզուն. ինչո՞ւ գրեթե բորոր ալիքներից մեկեն դուրս է մղվել մեր արքենին։

Շատ բան կտայի, որ բանն այս նամակին չհասներ։ Հիմա էլ նույնն եմ ուզում՝ հուսալով, որ այս անգամ գոնե կարճ ժամանակամիջոցում կշտկվի պատկերը։ Այլապես այն տպավորությունը կա, թե ազգովի շվարած կանգել, իրար երեսի ենք նայում՝ սպասելով, թե երբ պիտի մեռնենք։ Ի՞նչ է պատահել, մեր արյունն այլևս հրաժարվո՞ւմ է «Սասնա ծռերի» հեղինակությունից... Հազիվ թե. բայց այն, որ նվում է այդ արյունը, հաստա՛տ է։

Սոսկալի է արյան նվոցը, նախագա՛հ։

Անտանելի՛ է արենակցից արհամարհված արյան ցավը...

Հ.Գ.
"Շանթ"-ն էլ միացավ այս խոսակցությանը։ Նարինե Դիլբարյանի դրքորոշումը վաղուց գիտեինք, կարծիքս արդեն ասացի, իսկ գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի խոսքից չհասկացանք, ինքը կո՞ղմ էր, թե՞ դեմ... Թե՞ "դեմ ըլլալով կողմ էր"...
Previous post Next post
Up