ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԾՆՈՂՆԵՐԸ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Apr 26, 2011 11:41


Ապրիլի 24-ին Թուրքիայում սպանված հայ երիտասարդի ծնողները պահանջում են հետաքննություն սկսել և պարզել սպանության մանրամասները: Այս մասին հայտնում է թուրքական «Վաթան» պարբերականը:
Հիշեցնենք, որ 25-ամյա Սևակ Շահին Բալըքչըն սպանվել էր Թուրքիայի Բաթման նահանգի շրջանի զորամասերից մեկում, ծառայակցի «պատահաբար» արձակված կրակի արդյունքում:
Վերջինիս մարմինն արդեն տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ էլ գտնվում է նրա տունը: Սևակի մարմինը ծնողներին հանձնողները նշել են, թե նա «շեհիթ» է, այսինքն՝ զոհված մարտիկ, սակայն Բալըքչըները չեն կարծում, թե իրենց որդին «շեհիթ» է:
Մասնավորապես, Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն նշել է, որ ապրիլի 24-ին իրենք նշում էին Սուրբ Զատիկը, երբ ասացին, որ որդին մահացել է ծառայակցի արձակած գնդակից: «Եթե կռվում զոհվեր, այսքան ցավալի չէր լինի: Որդիս երազանքներ ուներ: Գեղեցիկ արվեստներով էր հետաքրքրվում»,-որդու լուսանկարը ձեռքին լացելով պատմում է մայրը:
Հայրն իր հերթին նշում է, թե որդուն «շեհիթ» չի համարում. «Եթե նա կռվում ընկներ, թշնամու գնդակից, ապա շեհիթ կլիներ: Սակայն իրադրությունն այլ էր: Պահանջում ենք, որպեսզի համապատասխան մարմինները մանրակրկիտ քննեն այս սպանությունը»:
Սևակի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր, Ֆերիքյոյի հայկական եկեղեցիում:
Սևակի սպանությունը թուրքական համապատասխան մարմինների կողմից որակվել էր որպես «պատահական սպանություն», սակայն Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները նշել էին, թե սպանության դրդապատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բարձրաձայնած կարծիքներն էին:

* Առանց համաձայնության չարտատպել



Սևակ Շահին Բալըքչը

Previous post Next post
Up