Քարվաճառ-2

Oct 18, 2010 12:59

Շատ ուշացած ու խղճի-խայթախառը զեկուցում եմ, որ «Գրքեր Քարվաճառին» օպերացիայի երկրորդ փուլը (Նոր Վերինշեն և Եղեգնուտ գյուղեր) բարեհաջող կերպով ավարտվեց: :)

Զուարից հետո որոշվեց ավելի բարդացնել առաջադրանքը` 16 աշակերտ ունեցող մեկ գյուղից միանգամից անցնել երկու գյուղի`Նոր Վերինշեն և Եղեգնուտ գյուղեր, որոնց դպրոցներում սովորում են 100-ից ավել աշակերտ (միասին վերցրած): Նաև առաջին անգամ էր, որ առաջադրանքը դարձավ կոլեկտիվ. միացան նաև ՀԲԸՄ-ի Երիտասարդ արհեստավարժները` իրենց առանձին գրքահավաքով և հանգանակությամբ:

Դպրոցների տնօրենների հետ զրույցից էլ պարզվեց, որ դասագրքային ֆոնդի հետ խնդիրներ չկան, բայց կա ուսումնական գրականության` հատկապես հայ դասականների սուր պակաս: Գրքահավաքը, ինչպես միշտ, շատ «բեղուն» էր, բայց պարզվեց, որ քչերն են պատրաստ բաժանվել իրենց հայ դասականներից (ինչը սպասելի էր :)): Ուստի որոշվեց հանգանակությամբ հավաքված գումարի մեծ մասն ուղղել դեպի գրականության ձեռքբերմանը, իսկ մնացյալով` դպրոցների համար գնել սպորտային պարագաներ:

Գնեցինք ուղիղ 192 հազարի գիրք (այդ թվում` մեծ հանրագիտարանի երկու կոմպլեկտ/, մնացած գումարով էլ` գնդակներ, օղակներ, թենիսի ցանց, պարաններ և այլն: Ֆինանսական մանրամասները գտնվում են ԿՄ-ից անժամանակ (հուսով եմ ժամանակավոր) հեռացված մեր մեեեծ կնճիթով ընկերոջ մոտ: :)

Շարժվեցինք արդեն երկու ավտոմեքենայով  մեր անդավաճան ջիպով ու Տիգրան Կյուրեղյանի «բազմափորձ» Նիվայով :): Եղեգնուտում մեզ դիմավորեց դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանը, ով այդ պահին դպրոցի համար ջուր էր քաշում...

ՀՀ շատ գյուղեր դեմ չէին լինի նման դպրոց ունենալ :)



ամեն ինչ` «ձեռամբ մանկանց»



Ճիշտ քարտեզ` ճիշտ կարգախոսով :)



Շատ մանր տառերով :) Դպրոցի տնօրենը երկու շիշ տնական օղի նվիրեց` հոն ու թուզ, որոնցից առաջինն անամոթաբար յուրացրեցի... :)

Հաջորդ կանգառն արդեն Վերինշենում էր...

Դպրոցի շենքը



Կրում ենք, կրում ենք... :))



Վերինշենում ռազմական կրթությանը լուրջ են մոտենում






Գյուղն ունի 220 բնակիչ, որոնցից (բռնվե՛ք) 90-ը երեխա են` մոտ 40%-ը...«Գրքաթափումից» հետո մեզ հյուր կանչեց դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը, որն ուներ (դեռ բռնված եք, չէ՞) տասներկու երեխա. ամենամեծը ծառայում էր բանակում, իսկ ամենափոքրը 1.5 տարեկան էր: Չգիտեմ` ձեր մոտ ոնց, բայց Հայաստանի ժողովրդագրության իմ հույսը ազատագրված տարածքներում է... :)

12 երեխաներից 4-ը...



12-րդը... :)



Հավաքված «մեծական» գրքերն էլ պահ տվեցինք «մեր հին բարեկամ» Քարվաճառի քաղաքային գրադարանին, որտեղ, պարզվեց, էլի հայ դասականների խնդիր կա...




Շնորհակալություն բո՛-լո՛-րի՛ց` նրանցից, ովքեր մասնակցեցին գրքահավաքին ու հանգանականությանը, ովքեր ոգևորեցին, «բզեցին» ու շտապեցրին մեզ, ովքեր օգնեցին և կազմակերպեցին, ովքեր դիմավորեցին և հյուրընկալեցին...Սա դեռ ընդամենը սկիզբն է... :))

Հ.Գ. vaykuneci առաջարկով հաջորդ թիրախը կլինի Նոր Գետաշեն գյուղը! Մանրամասները` հաջորդիվ...

Հ.Հ.Գ. Հիմա կհարցնեք` բա գրքերի ու գրադարանների ֆոտոներն ո՞ւր են: Ասեմ! Էդ ամբողջը նկարել ենք ֆոտոապարատի տեսառեժիմով, ու հիմա պետք է մի թեթև մոնտաժել ու տեսանյութ սարքել...ո՞վ կօգնի!! :)

Արցախ, Նոր Վերինշեն, գրքեր, Եղեգնուտ, Քարվաճառ

Previous post Next post
Up