Տարածված լեզվական սխալների շարքից

Jun 11, 2010 17:56


Վաղուց լեզվական գրառում չեմ արել...

1. Հայերենում կարծիքը ոչ կիսում են, ոչ էլ բաժանում...

Օտար լեզուներից հայերեն ներթափանցած այս արտահայտությունը վաղուց է «տնավորվել» մեր լեզվում, ու այսօր կարծես քչերը գիտեն, որ այն սխալ է։ Հայերեն փոխարենը պետք է ասել. համակարծիք եմ, նույն կարծիքին եմ, համամիտ եմ, հասկանում եմ Ձեր մտահոգությունը, կարեկցում եմ, վշտակցում եմ և այլն։ Մի խոսքով՝ բազմաթիվ արտահայտություններ կան, որոնց միջոցով կարելի է արտահայտել տվյալ իմաստը։

Ի դեպ, համանման ձևով մարդն էլ չի կարող կիսվել։ Չնայած խիստ տարածված լինելուն՝ «կիսվել մտքերով կամ մտքերը», «կիսվել ինչ-որ մեկի հետ» արտահայտությունները սխալ են, քանի որ հայերեն չեն, օտարաբանություն են։ Հիշում եմ՝ մի անգամ, երբ ռադիոյով հարցազրույց էի լսում հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի հետ, զրույցի սկզբում լրագրողն առաջարկեց հյուրին այսինչ հարցի վերաբերյալ կիսվել իր մտքերով, ինչին Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց մոտավորապես էսպես. «Կիսվում է ամեոբան, իսկ ես կարող եմ ընդամենը մտքերս, տեսակետս արտահայտել, հաղորդել, հայտնել և այլն, մարդը չի կարող կիսվել», որից հետո շարունակեց իր բուն ասելիքը։ Էս պատասխանը լավ տպավորվել է մեջս, թեև մինչև էդ արդեն ուրիշ աղբյուրներից տեղեկացել էի վերոնշյալ արտահայտության ոչ հայերեն լինելու մասին։


2. Ինձ հանդիպած ամենատարածված ռուսաբանություններից ևս մեկը.

ինձ մեկ է (սխալ) - ինձ համար մեկ է (ճիշտ)

ինձ հետաքրքիր (չ)է (սխալ) - ինձ համար հետաքրքիր չէ (ճիշտ), բայց՝ ինձ հետաքրքրում է

ինձ վատ է (սխալ) - ինձ համար վատ է (ճիշտ)

ինձ հաճելի է (սխալ) - ինձ համար հաճելի է (ճիշտ), բայց՝ ինձ հաճույք է պատճառում։




Լեզվական, Հայերեն, Տարածված սխալներ

Previous post Next post
Up