Գիշերային մտքեր գմբեթի մասին

May 18, 2011 02:11

 Ուզում եմ էս ուժ ժամին գրեմ կառավարության տան գմբեթի մասին
Քննարկումները շատ տարօրինակ ուղղությամբ գնացին, անհասկանալի ու անձնավորված
Հիմա ես ուում եմ նախ կիսվեմ, թե ինչպես եմ պատկերացնում նման նախագծի իրականացման նորմալ ընթացքը, հետո էլ մի քանի հարց տամ, առանց պատասխանելու

Կարծում եմ, որ որոշում ընդունելու ընթացակարգը կարող էր հետեւյալը լիներ.

1. Ցանկացած միտք, այսինքն նախաձեռնություն իրավունք ունի առաջ գալու, բոլորը կարող են առաջարկել որեւէ ծրագիր։

2. Եթե ծրագիրը ուշադրություն գրավի, ապա պիտի նախ բաց քննարկվի ամենատարբեր շրջաններում. մասնագիտական, հասարակական, մամուլում եւ այլն։ Հնարավոր է, որ քննարկումները նույնիսկ փակուղի մտնեն, բայց կան տարբեր մեխանիզմներ, որպեսզի վերջնականորեն որոշում ընդունվի, օրինակ՝ ավելի լուրջ էքսպերտիզաների միջոցով եւ այլն, ի վերջո օրենքի ուժով, բայց իհարկե, եթե անպատասխան մնան լուրջ հարցեր, ավելիլավ է ձեռնպահ մնալ արագ որոշումներից։ Նշեմ, որ պետության կողմից պահպանվող հուշարձանների, այն էլ նման նշանակության, դեպքում սահմանափակումները անհամեմատ շատ կլինեն եւ խիստ, նույնիսկ եթե առաջարկությունները շատ գայթակղիչ են, եւ ուսումնասիրությունները շատ ավելի երկարատեւ, բազմակողմանի ու մանրակրկիտ պիտի լինեն։

3. Եթե ի վերջո դրական եզրակացություն լինի եւ համապատասխան որոշում՝ կառավարական մակարդակով, ապա պետք է նախ կազմվեն ծավալուն քաղաքաշինական եւ տեխնիկական առաջադրանքներ, որոնք կպարունակեն բոլոր պատասխան պահանջող հարցերը եւ պառամետրերը

4. Դրանից հետո պիտի հայտարարվեն մրցույթներ՝ թե առաջադրանքի լավագույն նախագծային լուծումը գտնելու համար, եւ թե նախագծային կազմակերպություն գտնելու համար, որը ունակ կլինի պատշաճ իրականացնել այդ աշխատանքը։ Ընդ որում, նույնիսկ հնարավոր են դեպքեր, երբ էսքիզային փուլի եւ աշխատանքային գծագրերը տարբեր կազմակերպություններ իրականացնեն։ Բնական է, որ այդ մրցույթում կարող են մասնակցել բոլոր համապատասխան աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ունեցող կազմակերպությունները, ընկերությունները եւ այլն։

Հարցեր /գրում եմ խառը, առանց դասակարգելու/.
Պատկերացնենք, որ գմբեթի կառուցման հարցը որոշված է.

ա/ ինչքանով պիտի համապատասխանի Թամանյանի նախագծին։

բ/ արդյոք ճիշտ է, որ այդ շենքում տեղավորվի կառավարության ինչ-որ մասը

գ/ մի կողմից՝ արդյոք ՀՀ կառավարությունը «արժանի» է զբաղեցնել նման շքեղ տարածք / տարօրինա՞կ չէ արդյոք դեմոկրատական պետության պարագայում գործադիր իշխանության այդպիսի սիմվոլիկ մեծարումը/, մյուս կողմից՝ ինչու՞ պիտի կառավարությունը տեղավորվի հարմարեցված շենքում, բավականին անհարմար պայմաններում, սեպաձեւ սենյակներում, արդյոք ճի՞շտ չէր լինի ընդհանրապես նոր շենք տանել, հարմար, լուսավոր, ժամանակակից, թափանցիկ եւ ոչ անպայման քաղաքի կենտրոնում, համ էլ արդյո՞ք մենք չպիտի մտածենք ավելի փոքրաքանակ, բայց էֆեկտիվ կառավարության մասին

դ/ արդյոք ճի՞շտ չէր լինի կառուցել Թամանյանի նախագծած սրահը՝ հանձնելով այն, օրինակ, Պատկերասրահին, այսինքն՝ հանրությանը

ե/ նույնիսկ ներկայիս նախագծի հեղինակները չեն ժխտում, որ գմբեթի կառուցումից հետո անհրաժեշտ կլինի ձեւափոխել ամբողջ հրապարակը։ Հասկանում եմ, որ այդ ծրագիրը կարող է բաժանվել փուլերի, նույնիսկ տասնյակ տարիների տեւողության, բայց հարց է առաջանում. ու՞ր է այդ քաղաքաշինական ծրագիրը, արդյոք կա՞ պատկերացում, թե ինչ պիտի արվի, ինչու՞ է ներկայացվում միայն մի փոքր հատվածը։ Իսկ կարո՞ղ է որոշվել է նախ կառուցել գմբեթը, հետո տեսնել ինչ կստացվի ու կամաց-կամաց լուծել սխալների եւ փորձերի մեթոդով /կարող ա քանդենք պատկերասրահը, տեսնենք որ չօգնեց, հետո կառուցապատենք շատրվանները համաձայն Թամանյանի, նորից փոշմանենք եւ այլն/։ Ո՞վ է տիրապետում ամբողջ պատկերին, եւ եթե տիրապետում է՝ ինչու՞ է գաղտնի պահում։

զ/ ինչ ճակատագիր է սպասում պատկերասրահին, ակնհայտ է, որ երկու դոմինանտ գմբեթ շատ կլինի /"Боливар не вынесет двоих"/։ Քանդվելու՞ է, լրի՞վ, մասա՞մբ։ Իսկ էքսպոզիցիա՞ն։ Արդյո՞ք այդ շենքը /լավ թե վատ, չեմ ասում/ չունի ոչ մի արժեք՝ ոչ պատմական, ոչ քաղաքաշինական, ոչ գոնե նյութական։ է/ ինչքան հասկացա, կառուցապատողին հանձնվում է նախարարության հրդեհված շենքը՝ վաղամեռիկ Սեւան հյուրանոցի շարունակությունը։ Ի՞նչ իրավունքներ են տրվում այդ սուբյեկտին, կարո՞ղ է թույլ են տալու այդ կառույցը քանդել։
ը/ տարիներ շարունակ պետությունը մեծ գումարներ եւ էներգիա է ծախսում Երեւանի Գլխավոր հատակագիծը մշակելու համար։ Արդյո՞ք այս նախագիծը նախատեսնված է Գլխավոր հատակագծով։ Եթե չէ՝ ուրեմն սա հերթական օրինակն է այն փաստի, որ Գլխավոր հատակագիծը չի ծառայում իր նպատակին, եւ փաստորեն անիմաստ էին այդ բոլոր ծախսերը։ Իսկ եթե անիմաստ չէ, ապա փաստորեն այդ փաստաթղթի տերն ու պատվիրատուն ինքն է խաղտում իր կողմից հաստատված փաստաթուղթը։

ճարտարապետություն, Երեւան, մտ

Previous post Next post
Up