Jan 18, 2011 22:02
Իհարկե, բոլորի մտքին գյուղը ապահով դարձնելն էր, ինչի համար պետք էր, տրամաբանորեն, չեզոքացնել սարի գլխին հարմար դիրք գրաված ադրբեջանցիներին: Ես չգիտեմ, թե ինչ և ինչպես էր կազմակերպվում ու պլանավորվում (ես ընդամենը բուժակ էի՝ մի ջոկատին կցված), բայց հաջորդ օրը, հունվարի 19-ին, անձամբ ինձ համար անսպասելի կերպով սկսվեց բավականին անկազմակերպ գրոհը:
Իմ տեսադաշտում 3 զինվոր հայտնվեցին՝ կամուֆլյաժով և զենքերով, մեր ջոկատից չէին, տաքացած խոսում էին, ու հանկարծ (ինձ համար, համենայն դեպս) իրենք վազեցին դեպի սարը: Իրենց հետևից էլի մի քանի հոգի, ու հետո արդեն կարծես ստիպված՝ բոլորս: Դե ես էլ բոլորի հետ, քանի որ իմ ջոկատն էլ վազեց: Առաջին հերթին պետք էր անցնել այն մոտ 50 մետրանոց բաց տարածքը՝ հասնելով ժանգոտած կոմբինատին: ՈՒ չնայած այդ տարածքը շատ թե քիչ ապահով էր՝ հակառակորդից հեռվության պատճառով, բայց դե բնական է, որ վազում էինք հնարավորին չափ արագ, որ հասնենք կոմբինատի պատսպարիչ կաթսաներին ու պատերին: Այդպես ստացվեց, որ Մովսեսի ու իր ավելի բարձրահասակ ընկերոջ (կարծեմ, պարոն Նորայր էին իրեն կոչում, բայց հաստատ չեմ հիշում) հետ միասին հասանք կոմբինատ և կանգ առանք ինչ-որ ժեշտից կառույցի հետևում: Այդ պահին միայն երեքով էինք, բոլորս էլ հևում էինք: Մովսեսի բառերն եմ հիշում. «Ախր հեչ զինվոր չենք, էհ»՝ նկատի ունենալով մեր ֆիզիկական անպատրաստությունը: Իր ընկերոջ ձեռքը ափի մասում բինտով կապած էր: Մովսեսը զարմանքով հարցրեց. «Վիրավորվե՞լ ես»: «Չէ, քերծվեց, կապեցի:» Հետո իրենք երկուսով գնացին, եթե չեմ սխալվում, ավելի աջ, իսկ ես ուղիղ առաջ, դեպի 1-1.5 մետրանոց պատը, որից այն կողմ արդեն սարի լանջն էր բարձրանում՝ ուղիղ ադրբեջանական կրակի տակ: Դա Մովսես Գորգիսյանի իմ վերջին տեսնելն էր. հենց այդ սարի լանջի վրա նա որոշ ժամանակ հետո զոհվեց (ես դա չեմ տեսել ու նույնիսկ չեմ իմացել իր զոհվելու մասին մինչև այդ օրվա երեկո):
Մոտավորապես այդ ժամանակ լսվեց «Բուժա՛կ, բուժա՛կ» կոչը: Հարկավոր էր պատի վրայից ցատկել և բարձրանալ սարով վեր ու աջ: Երբ հասա պատին, ինձնից անկախ հապավեցի. կյանքումս առաջին անգամ հայտնվելու էի թշնամու ուղիղ կրակի գծում: Մի քիչ հեռավորության վրա ինչ-որ տարիքն առած զինվոր էր (իսկ ես դեռ 20-ամյակս չէի բոլորել); չեմ հիշում, ինչ ասաց, բայց քաջալերանքով ասաց, առանց ծաղրի կամ արհամարհանքի; պատի վրայով թռա ու ինձ գցեցի գետնին: Միանգամից հասկացա, որ լանջը փոքրիկ փոսիկներ ու թփիկներ ունի (ծառեր չկային), որոնց պետք է օգտագործել որպես բնական պատսպարիչներ: Այդպես կորացած վազելով՝ բարձրացա դեպի կանչի տեղը: Այնտեղ արդեն ուրիշ բուժակներին միանալով՝ ընդունեցի բավականին ծանր վիրավորված զինվորի (մի թոքը վնասվել էր ու չէր աշխատում. ինքը դժվարությամբ էր շնչում ու ուշագնացության եզրին էր, ամենայն հավանականությամբ ներքին արյունահոսություն ուներ. միակ ռեալ օգնությունը սարից շտապ իջեցնելն էր ու հիվանդանոց հասցնելը՝ անհապաղ վիրահատության համար: Պետք է ասեմ, որ մի քանի շտապ օգնության մեքենա էին հերթապահում մոտակա ապահով գծում. ապրի նա, ով դա կազմակերպել էր): Վիրավորին դրեցինք բուշլատի վրա ու չորս բուժակով՝ չորս եզրից բռնելով, սկսեցինք իջեցնել: Բայց դե հեշտ ա ասել՝ իջեցնել, համա թե ո՞նց անես, որ արագ ու էֆեկտիվ կերպով ծանր վիրավորին տեղափոխես; այստեղ կարևոր է, որ մարդուն ավելի շատ վնաս չպատճառես՝ տեղաշարժելիս: Սարի լանջն էլ անհարթ դար ու փոս ա, մենք էլ ինքնապաշտպանության համար կորացած ենք. մի խոսքով, ուզածիդ չափ արագ չենք իջնում, բայց դե ուրիշ ճար չկա: Ես այդ պահին ըմբռնում եմ, որ հինգ-հոգանոց խումբը արտակարգ թիրախ է հանդիսանում, բայց այն պատի մոտի վախը չկա (ու հերոսություն էլ չկա). ուղղակի անում ես այն, ինչ պահանջվում է, ու ավել-պակաս չես մտածում: Ճամփի մոտ կեսը անցանք, ու հանկարծ պարզորոշ լսեցի վեպերում նկարագրված ականջի կողքով անցնող գնդակի սուլոցը, որը մյուս ակնթարթին մտավ ինձնից մի մետր սարով ավելի ցած գտնվող բուժակի ազդրի մեջ: Նա ուժեղ ճիչ արձակեց, մենք վիրավորին վայր դրեցինք (գրեթե գետնի վրայով էինք քարշ տալիս, այդպես որ վնաս չեղավ) ու ընկանք գետնին: Ի՞նչ ա եղել. «Ո՛տքս, ո՛տքս:» Ստիպված մկրատով կտրեցինք շալվարի փողը, հասանք վերքին: Բախտը բերել էր. գնդակը ապահով մտել էր ազդրային հաստ մկանի մեջ ու այնտեղ կանգնել, ոչ մի ներվ ու անոթ չէր վնասել, նույնիսկ լուրջ արյունահոսություն չկար: Սրսկեցի անալգին, ու կաղալով շարունակեց իջնել, պինդ տղա էր (ու համ էլ ճարը ի՞նչ): Բայց այնտեղ շատ հուզվեցի վիրավոր զինվորի խոսքերից. չնայած կիսաուշաթափ-կիսազառանցանքային վիճակում էր, նա ըմբռնեց, որ մեզնից մեկը վիրավորվել է ու ասաց. «Տղերք ջան, ինձ թողեք, ձեզ փրկեք»: Վեհապանծ կինոնկար չէր, ռեալ կյանք էր, ու ռեալ ծանր վիրավոր էր...
Իրեն վերջապես հասցրեցինք ներքև, որտեղ մի մազալու, փոքրիկ, խաղալիքի նման ԲՏՌ էր գնում-գալիս, մտանք այդ ԲՏՌ-ի մեջ, մեզ հասցրեց շտապ օգնության մեքենաների գիծը, վիրավորին միանգամից տարան: ՇԱՏ եմ ուզում հավատալ, անչափ շատ, որ այդ տղային վիրաբույժները փրկեցին...
Նույն օրը երեկոյան՝ մռայլ ու պապանձված ջոկատիս հետ վերադարձա Երևան: Գիտեին, բայց չէին խոսում, որ Մովսեսը զոհվել է...
Երասխավանի մթնոլորտն ու մարդկանց տեսնելով ու զգալով, իմ անձնական տպավորությունն ու կարծիքը նա է, որ Մովսեսը իրոք զոհվել էր (ինչպես մեր տեղափոխած վիրավոր զինվորը կարող էր զոհվել): Դավադրության ոչ մի տարբերակ ռեալ չեմ համարում, չնայած տեսականորեն չեմ բացառում, իհարկե: Այսքանը:
---
nagorno-karabakh