Jan 17, 2011 22:01
Չեմ հիշում, ինչպես ստացվեց, որ հենց այդ օրը Գեղամի հետ որոշեցինք գրվել որպես բուժակներ ինքնապաշտպանության ջոկատներից մեկում: Ամենայն հավանականությամբ, արդեն հասունացել էինք այդ քայլի համար, իսկ Երասխի դեպքերը խթան հանդիսացան...
Գնացինք սկզբից, կարծեմ, Գրողների Տուն, բայց այնտեղ թե մեր կարիքը չկար, թե ավտոբուս չկար, թե ինչ, ու այդ պատճառով քայլեցինք դեպի Ճարտարապետների Տուն, որն Անկախության Բանակի շտաբն էր: Այնտեղ, Բժշկականի մի խումբ ուսանողներս (մենք արդեն 4րդ կուրսում էինք), նստեցինք ավտոբուս ու գնացինք Երասխավան:
Ես ԱԻՄ-ի մարդկանց այդ ժամանակ վատ էի ճանաչում, քանի որ նախորդ տարին Սովետական Բանակում էի ծառայել և 1989-ի Հայաստանի իրադարձություններին չէի մասնակցել: «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված լինելու ընթացքում (երկրաշարժից հետո մոտ կես-տարի) Մովսես Գորգիսյանը, պարզվում է, լավ հայտնի էր դարձել բոլոր հայերին (ներառյալ ծնողներիս), բայց ինձ համար կիսատ-պռատ լսած մի անուն էր: Ինչևէ, իր ու Ազատ Արշակյանի ու, եթե չեմ սխալվում, Աշոտ Նավասարդյանի (դրանց բոլորի անուններին ես հետո ծանոթացա՝ լրատվական միջոցներից, իսկ այդ օրը միայն գիտեի, որ Անկախության Բանակը ԱԻՄ-ի [Պարույր Հայրիկյանի անունը իմացած կլինեի արդեն, երևի] ռազմականացված թևն է) հետ միասին գնացինք սահմանագիծ:
Ավտոբուսը ուղիղ գյուղ չհասցրեց, և վերջին հատվածը ոտքով անցանք՝ ճամփին շարված հսկա բեռնատար մեքենաների կողքով (հետո պարզվեց, որ սովորական բեռնատար չէին, այլ կարմիր գեղեցիկ հրթիռներ արձակող ռազմամեքենաներ. Գեղամը տարիներ հետո ասեց, որ դա «Գրադ»-եր էին, բայց հավատս չի գալիս, քանի որ հաջորդ օրը, երբ այդ հրթիռները արձակվեցին ադրբեջանցիների կողմից գրաված դիմացի սարի վրա, շատ «անմեղ» տպավորություն էին թողնում, կարծես «սիգնալային ռակետաներ» լինեին):
Երասխավանի այն մասը, որ սահմանին ամենամոտն էր, գրեթե մի գծի վրա շարված քարե տներից էր բաղկացած, որից հետո մոտ 50 մետր դատարկ տարածք էր, հետո մի շարքից դուրս եկած ու ժանգոտած կոմբինատ (գինու՞), հետո այդ կոմբինատի մոտ մեկ մետր բարձրությամբ քարե պարիսպ, և վերջապես սարի աստիճանաբար բարձրացող լանջ, որը տանում էր դեպի սարի այն կողմում (մեզ չերևացող) տեղակայված ադրբեջանական գյուղ: Ինչքան հասկացա, այդ սարը հենց սահմանն էր, և այդ օրը, հունվարի 18-ին, սարի գագաթը զբաղեցված էր ադրբեջանցիների կողմից, որոնք անկանոն կրակոցներ էին արձակում Երասխավանի ուղղությամբ: Սակայն, քանի որ տարածությունը բավականին մեծ էր (սարի լանջ, կոմբինատ, ազատ տարածք և միայն հետո տներ), այդ կրակոցների հիմնական մասը ռեալ վտանգ չէր ներկայացնում: Բայց դե ամեն դեպքում, սահմանային պատերազմական զոնա էր...
Այդ օրը ոչ մի ակտիվ գործողության ականատես չեղա: Մեզ տեղավորեցին երկու թե երեք տներում՝ բնակիչներից դատարկված, որտեղ և գիշերեցինք (ամեն տան մեջ ջոկատի զինվորների հետ մի քանի բուժակ կար; Մովսես Գորգիսյանը հարևան տան մեջ էր, մեր ուսանողներից այնտեղ կիրովականցի Արմենչիկն էր): Այդ երեկոյան, մի տնից մյուսը գնալ-գալով՝ զգացի, որ կարճահասակ ու նիհարիկ Մովսեսը բավականին հեղինակություն էր վայելում իր ավելի հաղթանդամ զինակիցների միջև, իր խոսքը ուշադրությամբ էին լսում: Հիշում եմ, որ մի քիչ վատառողջ էր, և դեպի գիշեր ջերմությունը բարձրացավ: Կատակ էին անում` բանի տեղ չդնելով, բայց Արմենչիկս իր հավես ակցենտով ու բարձր ֆալցետով պնդեց, որ դեղորայք սրսկի, և Մովսեսը համաձայնեց...
Իմ տան մեջ հեռուստացույց կար, և շատ լավ եմ հիշում, որ երեկոյան նորությունների ժամանակ խոսեցրեցին Վազգեն Սարգսյանին («շտաբի պետ» սուբտիտրերով), որն իր սովորության համաձայն «տղաների» անունից էր պես-պես խոսում՝ չնայած տպավորությունը այն էր, որ Երասխավանում չի: Ես այնտեղ նստած՝ ինչ-որ մեկը իմ անունից ավել-պակաս դուրս էր տալիս... Հենց այդ ժամանակվանից չսիրեցի Վազգեն Սարգսյանին:
Ինչևէ, գիշերեցինք այդ օրը...
---
nagorno-karabakh