Այս նյութի առաջին մասը կարող եք ընթերցել
այստեղ:
Քանի որ խոսք բացվեց «Դոկտոր Սթոքմանի» մասին, ապա պետք է ասենք, որ այդ կերպարն ընդհանուր առմամբ Գեւորգ Պետրոսյանը ճիշտ է գծագրել: Այնուհանդերձ, Սթոքմանի կերպարը հայ թատրոնում բեմականորեն աճեց, մեծացավ ու զորեղացավ Հովհաննես Աբելյանի հուժկու տաղանդի շնորհիվ, որն այդ դերով առաջին անգամ հանդես է եկել 1895 թ. սեպտեմբերի 17-ին, դարձյալ Թիֆլիսում: Այնուհետեւ նրա այս կերպարը շարունակ մշակվելով, հղկվելով ու կատարելագործվելով, իր ստեղծողի հետ երկրար տարիներ շրջել է բոլոր հայաշատ վայրերը, մինչեւիսկ արտասահմանյան քաղաքների բեմերը: Նա` այդ ամրակուռ, անընկճելի եւ խիզախ Սթոքմանը` Աբելյանի արտիստիկ ձեռքերում դարձավ մարտական զենքերից մեկը, որով պատռում էր բուրժուական ահավոր ու շահամոլ հասարակության դեմքի ծածկոցը: Աբելյանն իր այդ կերպարով լիովին արդարացրեց այն ցանկությունները, որ ունեին անցած դարի 90-ական թվականներին հայ բեմի խաղացանկում քննադատական, մերկացուցիչ ռեալիստական ժամանակակից դրամատուրգիայի ուժեղացման համար մաքառող հայ առաջավոր մտավորականները, գրողներ ու գրականագետներ Շիրվանզադեն, Մուրացանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Լիսիցյանը, Ալեքսանդր Թարխանյանը եւ ուրիշները: Նրանք, կապված լինելով հայ թատրոնի հետ եւ խաղացանկի մշակման ուղղությամբ գործուն աշխատանքներ ծավալելով, ձգտում էին հայ բեմի հասարակական-գաղափարական եւ դաստիարակչական դերն ավելի մեծացնել ու սրել, ավելի ազդու դարձնել, թատրոնը մղելով դեպի հրատապ հարցերի կենտրոնը:
Տակավին 90-ական թվականներին հայ թատերական քննադատությունը հետեւյալ գնահատությունն է տվել դերասաններ Գեւորգ Պետրոսյանի եւ Հովհաննես Աբելյանի մարմնավորած Սթոքմանների մասին: Պետրոսյանի Սթոքմանը պարզ էր, բնական ու շատ հեռու վերամբարձությունից: Իր հերոսի խոհերը նա արտահայտում էր մեծ համոզչությամբ: Իր մտածված ու նուրբ խաղով Պետրոսյանը ցույց է տվել, թե ուսումնասիրական ինչ մանրակրկիտ, լուրջ աշխատանք է կատարել կերպարի ներքին էության բացահայտման համար: Նրա Սթոքմանը կատարման ձեւի տեսակետից ավարտված մի բեմանկար է:
Սակայն Պետրոսյանը խաղում էր ոչ թե տեմպերամենտով, բուռն ավյունով, ոգեշնչումով, այլ վարպետությամբ: Այնինչ Աբելյանի կերտած Սթոքմանը լիուլի օժտված էր այդ հատկություններով: Ժողովրդի բարիքը կոպտորեն ոտնահարող բուրժուական հանցապարտ գործարարների դեմ ըմբոստացող դոկտորի դրական կերպարը խաղի ընթացքում աստիճանաբար զարգացնելով` Աբելյանը ստեղծում էր շատ ուժեղ մի բնավորություն, որը միահյուսված էր մարդկային այլազան գծերով: Դեռ նրա Սթոքմանի առաջին խաղի առթիվ գրող Լեւոն Մանվելյանը «Մուրճ»ում 1895 թ. գրել է. «Առանց էֆեկտների ետեւից ընկնելու, ամենայն ճշտությամբ եւ խելքով նա կատարեց յուր դերը: Նորա խաղի մեջ աչքի էր ընկնում ռեալականությունը: Շթոքմանի բնավորության ողջ էությունը,-ազնվությունը, սիրած գործերով հրապուրվելը, հայրական քնքուշ սերը, անհաջողությունից առաջացած հուսահատությունը,-այս բոլորը, առանց չափազանցությունների, նա մեզ զգալ տվեց: Նորա խաղի մեջ կան նաեւ մի քանի արժանավորություններ, որոնց հանդիսականը չի կարող չհավանել. այդ նորա բեմական քայլվածքն է, մարմնին պատշաճ դիրք տալը` վայրկյանին համեմատ, եւ աչքերի արտահայտությունը: Բարկություն, զարմանք, արհամարհանք նա կարող է ճշտությամբ արտահայտել յուր նայվածքի փոփոխություններով»: Նույն տարվա դերակատարման մասին «Թատրոն» հանդեսում 1895 թ. մի այլ քննադատ ասում է, որ Աբելյանի «նուրբ, գեղարվեստական խաղը, տիպի մանրակրկիտ ուսումնասիրությունը նրան այդ ներկայացման հերոսը դարձրին: Բավ չէ ասել, թե նա ուսումնասիրել է Շթոքմանի բնավորությունը, ո´չ, այլ նա կարծես ինքը զգում էր այն շրջանը, ուր գտնվում էր: Նա ոտից մինչեւ գլուխ իդեալիստ էր եւ կատարելապես ըմբռնել էր իր ով լինելը»: Իսկ հետագայում Սթոքմանի բեմական կերպարի ներքին բովանդակությունը Աբելյանը նորանոր մոմենտներով, նյուանսներով, նրբագծերով այնքան հարստացրեց, որ նա դարձավ միանգամայն կենդանի, վառ ու լիարյուն մի տիպար, կերտված մեծագույն վարպետությամբ: Քննադատները գտել են, որ Աբելյանի «ստեղծագործությունը հարուստ է դիմախաղի եւ շարժումների բազմազանությամբ: Նա տեղ-տեղ այնքան տաղանդավոր երանգներ մտցրեց, որ տեսնելը իսկական գեղարվեստական հաճույք էր», որ «ազնիվ ու անվեհեր Շթոքմանի աննման թարգմանի` Աբելյանի, հմայիչ խաղը թվում էր, թե պիտի գրավեր իսկական գեղարվեստի մեջ հաճույք փնտրող հասարակության մի հոծ բազմություն» եւ այլն: Աբելյանի այդ կերպարի գնահատման տեսակետից շատ ուշագրավ է նույն քննադատի հոդվածի մանավանդ այն տողերը, որտեղ խոսվում է Սթոքմանի դեմ ելած հակառակորդների զազիր արարքների ու վիրավորական արտահայտությունների մասին, այդ պահին Աբելյանի Սթոքմանը «վրդովվում է, զայրանում, հուզվում, կատաղում. նրա հոգու խորքերում ծնունդ է ստանում մի ներքին անողոք կռիվ. կռիվ հակընդդեմ տարրերի»: Ռեցենզենտը նկատում է. «Ահա այդ փոթորկալից վայրկյաններում պ. Աբելյանի խաղն աննման է. պետք է տեսնել Աբելյանին` ակնոցի տակից սպանիչ հայացք նետելիս «հասարակական գործիչների» ամոթապարտ ճակատին. կարծես ինքը` Իբսեն-Շթոքմանը կանգնած է ձեր դիմաց, եւ դուք զգում եք նրա ազնիվ շունչը. Աբելյանի աչքերով նա ինքն է նայում ճակատը կնճռած եղբոր` Պետերի աչքերին»: Ինչպես նկատեցինք, ռեցենզենտի այս խոսքերի մեջ Աբելյանի խաղը դիտվում է որպես գեղարվեստական մի բարձրակետ: Ուզում ենք Աբելյանի Սթոքմանի մասին ասված խոսքն ավարտել մի դիտողությամբ. նրա խաղն ուներ սոցիալական լայն հնչեղություն: Ներգործելով թատերասրահի զգացումների ու մտքերի վրա, նա իր խաղով բարձրացնում ու հրահրում էր բռնության հետադիմության դեմ ուղղված դեմոկրատական հանդիսականների բողոքի հակամարտության ոգին:
(Շարունակելի)
Հենրիկ Իբսեն. Պիեսներ, 1968, Երեւան: Նախաբան, հեղ.` ԽՍՀՄ Արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Մելիքսեթյան