Երբ չես նկատում գլխավորը
Կամ պատասխան Մարինե Պետրոսյանի «
Ապրիլի 6-ի հանրահավաքի առիթով» (lragir.am, 28/04/2010) հոդվածին
Գուցե ոմանք վիրավորվեն կամ միտքս սխալ հասկանան, բայց պետք է մի խոստովանություն անեմ. Շարժումը 2008-ի փետրվարին դեռեւս արժանի չէր իշխանության գալու:
Այս հայտարարության մակերեսային շերտի տակ կան մի քանի այլ շերտեր, բայց միանգամից ասեմ, որ դրանք բոլորն էլ դրական են: Ասածիս մեջ ոչ նեղսրտանք կա, որ նախատինք, ոչ ափսոսանք: Ճանապարհը, որի միջով անցանք ու դեռ անցնում ենք, անհրաժեշտություն է, պարտադիր պայման` վաղը ավելի լավ իշխանություն ունենալու շանս, խոստում, հույս ունենալու համար:
Իմ կողմից շատ սիրված ու հարգված Մարինեն նեղսրտած է, իր տեղը չի գտնում… Մեղավորներ է փնտրում` արդեն քանի ամիս, ու բնականաբար` երկար փնտրտուքներից հետո գտնում է (դե, ո՞վ էդքան փնտրի, որ չգտնի):
Ես չեմ ուզում անդրադառնալ Մարինեի վերոհիշյալ հոդվածի կետերին` առանձին-առանձին: Չեմ ուզում մատնացույց անել ակնհայտ տրամաբանական սխալները: Չեմ ցանկանում երկխոսության վերածել իր հոդվածն ու իմ պատասխանը: Փոխարենը փորձելու եմ ի´մ ընկալումները, ի´մ ճշմարտությունը ներկայացնել: Ով ականջ ունի, թող լսի: Ով աչք ունի, թող տեսնի:
Գլխավորի մասին
Ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը սպասում է… Ասում են, թե նա հապաղում է… Ասում են, թե Կոնգրեսի առաջնորդը անտարբեր է…
Երբ աշխարհին նայում ես ճաքճքած ապակու միջով, իրականությունը չի կարող ուղիղ ու շիտակ երեւալ: Ավելին, երբ այդ ճաքճքած ապակին կարմիրի երանգ ունի, իրականությունը հնարավոր չէ տեսնել այնպես, ինչպես այն կա:
Ես կարտահայտեմ միայն իմ, իմ անձնական-մասնավոր տեսակետը: Եվ ուրեմն` այս երկիրը, այս պետությունը, այս ժողովուրդը Ապագա ունի եւ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կա Շարժման առաջնորդների շուրջ հավաքված Քաղաքացիների կորիզը: Ուշադրություն, ոչ թե` քանի դեռ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ թե` քանի դեռ հայկական զորքերի վերահսկողության տակ են գտնվում տգեղ անվանումներով որոշակի հողատարածքներ, ոչ թե` քանի դեռ մեր խրամատների պարագիծը X կմ է, այլ ոչ թե X-Y կմ, ոչ թե` քանի դեռ դե յուրե գոյություն ունի դե ֆակտո ֆորպոստ Հայաստանի Հանրապետություն: Ոչ: Երիցս ոչ:
Այս երկիրն ու ժողովուրդը արժանապատիվ կյանքով ապրելու շանսը, հնարավորությունը կկորցնեն միայն այն դեպքում, երբ կմարի Շարժումը: Սա´ է գլխավորը:
Ու եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ժիրայր Սեֆիլյանը կամ Նիկոլ Փաշինյանը կամ Պողոս Պետրոսյանը կանեն քայլեր, որոնք կվտանգեն այդ հույսը` թրծված ու հավատավոր քաղաքացիների կորիզի գոյությունը, ուրեմն այնժամ կհնչեցնենք տագնապի ազդանշան, այնժամ իրավունք կունենանք «դավաճան» ու «հայրենադավ» պիտակներ օգտագործելու, այնժամ իրավունք կունենանք «քար նետելու»:
Տարատեսակ բաժանումները` ներքին եւ արտաքին խնդիրների, իրենց էությամբ կեղծ են ու ապակողմնորոշող: Կոնգրեսին «թասիբի գցելուն» միտված էմոցիոնալ ու վատ մտածված կոչերը դեռ կարելի է արդարացնել, իսկ սառը ուղեղով հյուսված ծուղակները` երբեք:
Հայաստանի առջեւ ծառացած հարցերի հարցը մեկն է` հնարավոր լինելո՞ւ է չփոշիացված, պահպանված ունենալ այնքան մարդկային ռեսուրս (նախեւառաջ` դավանած արժեքների իմաստով), որ մեզ թույլ կտա այդ հենքի վրա կառուցել արժանապատիվ, ուժեղ, առաջադեմ Հայաստան, թե՞ ոչ: Չկա հարց` Ղարաբաղը կմնա՞, թե՞ ոչ, Մեղրին կմնա՞, թե՞ ոչ, Երեւանը կմնա՞, թե՞ ոչ, կամ էլ` տնտեսական կոլապս կլինի՞, թե՞ ոչ: Կրկնում եմ` հարցը մեկն է` ֆիզիկապես գոյություն ունեցող այդ տարածքները լինելո՞ւ են Հայաստանի արժանապատիվ, ինչպես Նիկոլը կասեր` Ազատ եւ Երջանիկ քաղաքացիների տուն, թե՞ ոչ: Մենք` որպես մարդ արարածներ, որպես Աստծո կերպարանքով ստեղծված էակներ, որպես Աշխարհի նոր քաղաքացիներ, կարողանալո՞ւ ենք կառուցել ու պահպանել այնպիսի երկիր, այնպիսի կենսատարածք, որտեղ Մարդը կարողանա գլուխը բարձր ապրել, ստեղծագործել ու ստեղծել, թե՞ ամեն հաջորդ իշխանությունն ավելի վատն է լինելու նախորդից, իսկ այդ իշխանության ձեւած «հասարակությունը»` ավելի ստրուկ ու ստորաքարշ, քան նախորդը:
Մարինե ջան, ի՞նչ ես ուզում դու ՀԱԿ-ի Հռչակագրից: Ի՞նչ ես ուզում ընդհանրապես Կոնգրեսից ու Լեւոնից: Ի՞նչ մանդատի մասին է խոսքը: Հրապարակը 10 տարի բաց էր, համարիր, որ հիմա էլ է բաց: Հետո՞: Դե լցրո´ւ այդ Հրապարակը: Բա ինչո՞ւ չի ստացվում: Գուցե իրականում լուրջ պատճա՞ռ կա, որը չես ուզում նկատել:
2008-ի փետրվարին Ղարաբաղի հարցի ու մնացած հարցերի լուծման այլընտրանք կար` ի դեմս վերադարձած նախագահի: Էհ, թող թողնեին` նորմալ ընտրություններ լինեին, հիմա ես ու դու էլ «բերաններս լիքը» կպահանջեինք Լեւոնից, որ ԼՂ հարց լուծի: Չթողեցին, չէ՞: Ջարդեցին, փշրեցին, սպանեցին: Իսկ դու էլի Լեւոնին ես պահանջներ առաջադրում: Մի՞թե այստեղ տրամաբանություն կա:
Ամփոփեմ:
Սգալով հանդերձ Մարտի 1-ի ավելի քան 10 զոհերի հերոսական մահը, պետք է պնդեմ, որ ամեն ինչ օբյեկտիվ է ու նույնիսկ` ինչ-որ առումով արդարացի: Համարիր, որ քավարանով ենք անցնում` բոլորս: Ու մինչեւ չանցնենք, արժանի չենք լինելու ոչ միայն իշխանության, այլեւ անգամ գոյության:
Դու կասես, որ այդ ընթացքում անդառնալի կորուստներ կունենանք… Իսկ ես կասեմ, որ մենք այսօրվա կորուստների հիմքերը դրել ենք դեռեւս 1995-ին, 96-ին, 97-ին, 98-ին, 99-ին… Դրանք այլեւս անխուսափելի են, հասկացիր: Ցանել ենք, մեր ցանածը ծլել է, ծաղկել, հիմա էլ պտուղներն ենք քաղում, ինչի՞ց ես այդքան դժգոհ: Ավելին, մենք ոչ միայն ստիպված ենք քաղել այդ պտուղները, այլեւ համտեսել: Դառն են, բայց պարտավոր ենք ծամել` դանդաղ, մտածելով, կուլ տալ` դանդաղ, վերհիշելով…
Դու դաժան բաներ ես գրել` իմ ու մեր ակտիվությունը «պատանդ վերցնելու եւ փակուղի տանելու» մասին: Սխալվում ես. իմ ակտիվությունը ոչ ոք պատանդ չի վերցրել: Արի էն մեծ սխալը, որ մեր սիրելի երկրապահները, մեր Սպարապետը, մեր միջին վիճակագրական հայաստանցին գործեցին 97-98-ին, նորից չգործենք: Սա ինքնախաբեություն չէ, Մարինե ջան, այլ դառը ու դաժան իրականությանը բաց աչքերով նայելու քաջություն: Լեւոնն էդ քաջությունն ունի, նրա շուրջը հավաքված ու նրան հավատացող հազարավոր մարդիկ` նույնպես: Համոզված եմ, որ ամենամեծ խիզախությունն այս ալեկոծ օրերին ուղեղի սթափությունը չկորցնելն ու էս երկրի, էս ժողովրդի, մեր էրեխեքի միակ շանս էս Շարժումը չփոշիացնելն է: Կտեսնես, որ ինչպես էս 2 տարվա ընթացքում էդ Շարժումը զուլալվեց, մաքրվեց, պնդվեց, ամրացավ, իմաստնացավ, այդպես էլ այսուհետ է լինելու` մինչեւ արժանի լինենք Նոր Հայաստանի` Չորրորդ Հանրապետության Հիմնադիրներ կոչվելու:
Աստված մեզ օգնական:
Արամազդ Ղալամքարյան
05.05.2010
«Հայկական ժամանակ»Ask Nikol a questionԻմ բլոգը