Hayk Balanyan: Հայկական Պատասխան

Nov 13, 2014 09:21

https://www.facebook.com/hayk.balanyan/posts/833040100073834?notif_t=close_friend_activity


ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ

Նախաբանի փոխարեն

Ամեն բան սկսվում է մարդուց: Թույլ և պասիվ մարդիկ համոզված են, որ գիտակցությունը պայմանավորված է բացառապես կեցությամբ: Ուժեղ և ակտիվ մարդիկ միշտ փոխում են իրենց կեցությունը` ըստ իրենց գիտակցության:

Նույնը վերաբերվում է ժողովուրդներին: Կան ժողովուրդներ, որոնք անընդհատ գանգատվում են իրենց կյանքի պայմաններից ու «ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ» ուղիներ փնտրում: Եվ կան ժողովուրդներ, որոնք իրենց ձեռքն են վերցնում իրենց բախտը և ինքնուրույն ԿԱՌՈՒՑՈՒՄ իրենց կյանքը:

Թույլ ժողովուրդը սեփական գոյությունը պահպանելուց բացի չունի ուրիշ նպատակ և ապրում է անմիտ, կենսաբանական կյանքով` որպես ուրիշների ստեղծած անվտանգության, համակարգային առավելությունների, գիտական և սոցիալական նվաճումների ՍՊԱՌՈՂ:

Ուժեղ ժողովուրդը իր առաջ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ նպատակ է դնում, ՍՏԵՂԾՈՒՄ ՆՈՐԸ և դրանով իր յուրօրինակ ձայնն է հնչեցնում առաջադեմ աշխարհում:

Թույլ ժողովուրդը ուժեղ պետություններ է գտնում, մտնում նրանց հովանու ներքո, ծառայում նրանց, դառնում է ազգային ՀԱՄԱՅՆՔ այդ հզոր պետությունների մեջ և ժամանակի ընթացքում մարում` մոռանալով մայրենի լեզուն ու կորցնելով սեփական ազգային երազանքները:

Ուժեղ ժողովուրդը իր վրա է վերցնում սեփական պատմական գոյության պատասխանատվությունը, իր ուժերի ու տաղանդների համաձայն կերտում է իր կյանքը, դառնում է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և դիմակայում համաշխարհային մարտահրավերներին:

Թույլ ժողովրդի վերնախավը ուղղակի կամ անուղղակի նշանակվում է ուժեղ պետությունների կողմից և կամա թե ակամա դառնում է ԿԱՎԱՏ՝ իր ժողովրդին ծառայեցնելով ուժեղ պետությունների հարատևմանը:

Ուժեղ ժողովրդի ղեկավարությունը ծնվում է իր ժողովրդից և, որպես իմաստուն ՀԱՅՐ և միևնույն ժամանակ սիրող ԶԱՎԱԿ, ծառայում է իր ժողովրդի նպատակների իրագործմանը:

Թույլ ժողովուրդը, իր խնդիրները ձևակերպում է որպես ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ, և դրա լուծումը իբրև մի «եղբայրական» պարտավորություն դնում այն հզոր պետությունների ուսերին, որոնց ինքը ծառայում է: Բայց քանի որ ոչ մի ուժեղ պետություն ոչ մի թույլ ժողովրդի խնդիրները երբեք չի լուծում, թույլ ժողովուրդը ժամանակի ընթացքում կուտակում է բազմաթիվ ՀԱՐՑԵՐ և ձևավորում է միշտ դժգոհ, աշխարհից նեղացած ու լուծումները ուրիշներից սպասող-պահանջողի հոգեբանություն` դառնում է ՊԱՀԱՆՋԱՏԵՐ:

Հակառակ դրան, ուժեղ ժողովուրդը, որը դարձել է ԱԶԳ և ձևավորել ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, պարզ գիտակցում է, որ ուրիշները իրեն չեն օգնելու լուծել իր խնդիրները, այլ միայն պիտի եղած խնդիրները օգտագործեն հենց իր դեմ: Ուստի ուժեղ ժողովուրդը նպատակ է դնում ինքնուրույն լուծել այդ խնդիրները և սկսում է փնտրել միջոցներ: Եվ եթե միջոցները քիչ են, ուժեղ ժողովուրդը միևնույն է չի հուսահատվում, այլ առաջին թեկուզ փոքր քայլն է անում: Ուժեղ ժողովուրդը միշտ չէ որ ունի ցանկացած հարցի լուծումը կամ լուծման միջոցը, բայց այն միշտ ունի սեփական խնդիրները լուծելու կամքն ու պատրաստակամությունը:

Թույլ ժողովուրդը քարշ է գալիս պատմության հետևից, կուտակելով անցյալից բերած ՀԱՐՑԵՐԻ ու ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ուղեբեռ: Ուժեղ ժողովուրդը կերտում է պատմությունը, որպես ժամանակի մարտահրավերներին տված արժանի ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ և ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ շարան:

«Հայկական պատասխանի» նպատակն է նպաստել նոր տիպի քաղաքական սուբյեկտի առաջացմանը, որը կկանգնեցնի ներկա կործանարար գահավիժումը՝ ազգային մտածելակերպի, ինքնաընկալման և գործելաոճի հիմնավոր վերանայման միջոցով, և կվերադարձնի հայ ազգը գիտելիքին, արդարությանը և գեղեցիկին ծառայելու ստեղծագործ զարգացման ուղուն:

Մենք կոչում ենք մեր ազգը՝
անձի ապաՍՊԱՌՈՂականացման
հասարակության ապաՀԱՄԱՅՆՔացման
վերնախավի ապաԿԱՎԱՏացման

Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան կախված է առաջին հերթին նրանից, թե ինչ հաջողությամբ նա կպատասխանի համաշխարհային մարտահրավերներին, որոնցից ամենագլխավորը մարդու խնդիրն է: Սա է, ըստ էության, Հայկական Հարցը այսօր, որի պատասխանը տալու մարտահրավերը մենք պարտավոր ենք ընդունել:

I. Ինքնիշխանություն

Քաղաքակրթության պատմությունը մարդկության գիտակցության և հասարակական հարաբերությունների զարգացման պատմություն է։ Զարգացում, որն առաջանում է մարդկության առաջ կանգնած գլոբալ մարտահրավերների լուծումների արդյունքում: Այդ մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու ընդունակությունն է որոշում այս կամ այն ժողովրդի, ազգի, պետության կենսունակությունը:

Հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքն ապացույցն է այս պարզ ճշմարտության: Թե՛ Ուրարտուն, թե՛ Արտաշեսյան Հայքը, թե՛ Արշակունյաց ու Բագրատունյաց պետություններն ու Կիլիկիան, թե՛ Հայաստանի առաջին հանրապետությունը եղել են ժամանակի գլոբալ աշխարհաքաղաքական սոցիալ-տնտեսական մարտահրավերների կիզակետում և դադարել են գոյություն ունենալ, երբ չեն կարողացել դրանց դիմակայել, նախ՝ երկրի ներսում, և ապա՝ դրսում:

Մեր ժամանակներում, շնորհիվ արտադրական և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մարդկությունը հայտնվել է նոր մարտահրավերների առաջ, որոնց այսօր ունակ չեն դիմակայելու ոչ ժամանակակից կայսրությունները, ոչ ազգային պետությունները և ոչ էլ համաշխարհային կապիտալի վերպետական մարմինները: Այդ մարտահրավերներից գլխավորը մարդու խնդիրն է:

Հայ ժողովրդի առաջ բացի արդի գլոբալ մարտահրավերներից կանգնած են նաև ներքին ինքնակազմակերպման խորքային խնդիրները, որոնք պայմանավորված են պետականության և սուբյեկտության կորստով: Այդ կորստի հետևանքով ձևավորվեց հայ համայնքը, որը տարբեր ազգային և կայսերական համակարգերի ներսում օժանդակ բնույթի խնդիրներ լուծող օղակ էր և է: Վերջին 20 տարիները հստակ ապացուցեցին համայնքի անկարողությունը ոչ միայն դիմակայելու արդի համամարդկային մարտահրավերներին, այլև պահպանելու նախորդ սերունդներից ժառանգված մարդկային և նյութական բազան: Ավելին՝ համայնքը 21-րդ դարում, այսպես կոչված «Հայկական Աշխարհը», ունակ չէ անգամ հայապահպանության և չի ապահովելու էթնիկ փոքրամասնության դարավոր կարգավիճակը:

Հայ ժողովուրդը ազգերի ընտանիքում իր ուրույն տեղը ունենալու իրավունքը վաստակել է իր ունեցած ներդրումով, լեզվական և մշակութային առանձնահատկությամբ: Մենք՝ այսօրվա հայերս, կրկին մեզ վրա ենք վերցնում որպես ազգ համամարդկային մարտահրավերներին դիմակայելու, գիտելիքին, գեղեցիկին և արդարությանը ծառայելու պարտավորությունը: Հենց սա է ինքնիշխանության (սուվերենության) այն ձևաչափը, որից մենք չենք կարող հրաժարվել:

Այսպիսով, մենք վճռականորեն մերժում ենք մեծ ու փոքր կայսրությունների կազմում ուղղակի կամ անուղղակի ձևով ազգային փոքրամասնություն՝ համայնք, լինելը:

Սա սակայն չի բացառում այլ պետությունների և վերպետական միավորումների հետ տնտեսական, ռազմական, գիտական անհրաժեշտ համագործակցության հնարավորությունը: Միևնույն ժամանակ մենք երբեք չենք հրաժարվելու.

Հայոց լեզվից` որպես պետական կարգավիճակ ունեցող միակ լեզվից,

կրթական, գիտական ամբողջական և բազմաստիճան համակարգից,

Ազգային Բանակից և այլ ուժային կառույցներից, առանձին կառավարման համակարգով,

Դրամից, որպես Հայաստանի տարածքում գործող միակ օրինական արժույթից:

II. Քաղաքացի

20-րդ դարի 2-րդ կեսի սոցիալ-տնտեսական փոփոխությունները ստեղծեցին նոր իրականություն` բերելով նաև դասական ազգային պետության և քաղաքացու ճգնաժամի: Ճգնաժամը տեսանելի է մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ ընտանիք, անհատ, գիտելիք, կառավարում, ժողովրդավարություն, հայրենասիրություն և այլն:

Հետարտադրական հասարակարգը մոդեռնի քաղաքացուն վերասերեց մեդիա-ժողովրդավարության սպառողի: Պետականակերտ քաղաքացին վերածվեց աշխատանքի շուկայի միավոր-անհատի և տրվեց «բիզնեսի սոցիալական պատասխանատվության» տնօրինությանը: Այսպիսով օլիգարխիկ կապիտալը, ձևականորեն պահպանելով ազգային պետության կառույցները և տերմինաբանությունը, ըստ էության իրագործեց իշխանության գլոբալ զավթում: Ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում դասական ազգային պետության և քաղաքացու արդի ձևական կարգավիճակը վերջնականապես փոխարինվելու են օլիգարխիկ կեղծ-մերիտոկրատական դիկտատուրայով` կառավարման վերին օղակներում, և կավատ-ջոջերի կողմից առաջնորդվող համայնքների համակարգով` միջին և ստորին օղակներում:

90-ական թվականներին Հայաստանի իշխանությունները փորձեցին կառուցել օլիգարխիկ բնույթի «ժողովրդավարություն», բայց անգամ դա չհաջողվեց, քանի որ հայ ժողովուրդը փաստացիորեն լինելով համայնք, չուներ դասական քաղաքացիական կառուցվածք և ավանդույթ: Արդյունքում համայնքը իր միջից ծնեց կավատ-վերնախավ, որն անմիջապես սեփականացրեց պետությունը, դրա ողջ կարողությունը ներսում ծառայեցնելով սեփական գրպանին, իսկ դրսում` «միջազգային հանրության» շահերի սպասարկմանը:

Համայնքի և ինքնիշխանության անհամատեղելիության հիմնական պատճառը համայնքի սկզբունքորեն ապաքաղաքական և թերարժեք լինելն է: Ներսում այն կառավարվում է ավանդույթով, փողով և բիրտ ուժով, այլ ոչ թե բարձր արժեքներով և օրենքով: Լինելով պարզունակ կառույց` այն ընդունակ է իրականացնել միայն օժանդակ և սպասարկող բնույթի պարզ գործառույթներ գերիշխող օտար համակարգի ներսում: Ինքնիշխանությունը ենթադրում է բարդ մարտահրավերներին ինքնուրույն դիմակայելու կարողություն և պահանջում է բարդ ներքին կառուցվածք, որը անհնար է պարզունակ «յոլա գնալու գերխնդրի» համատեքստում:

Լինելով պրագմատիկ` համայնքը զուրկ չէ իդեալներից: Մի կողմից համայնքի անդամն առաջնորդվում է ընտանեկան արժեքների վրա հիմնված «օջախիզմի գաղափարախոսությամբ», մյուս կողմից օտար համակարգի հիերարխիայի վերին աստիճաններին հասած համայնքի նախկին անդամները (հաճախ համայնքից դուրս մղված) հայտարարվում են հերոսներ և կամա թե ակամա դառնում կավատ վերնախավի լեգիտիմության աղբյուր: Ըստ էության հերոսների այս «պանթեոնն» է արտագաղթի խորքային բարոյահոգեբանական պատճառներից մեկը:

Այսպիսով 21-րդ դարը հայ ժողովրդի առաջ դնում է թե՛ նոր տիպի պետականություն, թե՛ նոր տիպի քաղաքացի ստեղծելու գերխնդիրները, որոնք կարող են լուծվել միմիայն զուգահեռ և փոխկապակցված ձևով: Նոր տեղեկատվական տեխնոլոգիաները և մարդկանց մասսայական մանիպուլացիայի նոր միջոցները բերել են նրան, որ առանց քաղաքացիների անմիջական մասնակցության, ցանկացած ժողովրդավարական համակարգ վերածվում է ավել կամ պակաս գռեհիկ օլիգարխիկ դիկտատուրայի: Մենք համոզված ենք, որ նոր ժողովրդավարությունը հիմնվելու է քաղաքացիների և պետության նոր հարաբերությունների վրա, այն է` կառավարման գործում քաղաքացիների առավելագուն մասնակցության վրա։

Հնարավոր լուծումը աշխարհազորային բանակի սկզբունքի և փորձի տարածումն է պետական ծառայության գրեթե ամբողջ համակարգի վրա: Գործադիր իշխանության մարմինների ճնշող մեծամասնությունը (ոչ ուժային նախարարություններ և վարչություններ, մարզպետարաններ) հնարավոր է համալրել մեկամյա պարտադիր քաղաքացիական ծառայության եկած մասնագետներով (տնտեսագետներ, գյուղատնտեսներ, կենսաբաններ, կրթության ոլորտի մասնագետներ ևն): Պարտադիր քաղաքացիական ծառայության գործունեությունը կանոնակարգվելու է հատուկ օրենքով, հստակ կանոնադրությամբ և, ինչպես զինծառայությունը, ենթակա է լինելու արդարադատության առանձին կառույցների: Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք (նախագահ, նախարար, մարզպետ ևն) իրավասու չեն լինելու պետծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա անմիջական ազդեցության:

Այսպիսով Հայաստանում սերտաճելու են պետական կառավարման համակարգը և ժողովուրդը, իսկ չինովնիկությունը որպես խավ վերացվելու է: Սրա հետ մեկտեղ կառաջանա սահմանադրական այլ փոփոխությունների անհրաժեշտություն, որոնք կարտացոլեն նոր տիպի քաղաքացու իրավունքների ու պարտականությունների ողջ փիլիսոփայությունը:

III. Մարդու խնդիրը

Մենք համոզված ենք, որ սպառողականության ժամանակաշրջանը վերջանում է։ Դա կատարվում է և՛ օբյեկտիվ (տնտեսական), և՛ սուբյեկտիվ (հոգեբանական) պատճառներով։ Մարդկությունը բախվել է համաշխարհային ռեսուրսների պակասին, միևնույն ժամանակ առաջադեմ մարդկությունը ազատվում է այն պատրանքից՝ թե նյութական հարստությունը և իրերը երջանկացնում ու մխիթարում են մարդուն:

Սպառումը լինելով մարդկային տնտեսական գործունեության գլխավոր շարժառիթ ինդուստրիալ ժամանակաշրջանում, հետինդուստրիալ շրջանում փորձում է տալ մարդուն հոգևոր մխիթարանք և մասնակիորեն փոխարինել մեծ զանգվածներին միավորող բարձր գաղափարները: Այս փոփոխությունը անհրաժեշտաբար բերում է հասարակության սոցիալական կառուցվածքի վերանայման: Ինդուստրիալ ժամանակաշրջանում ձևավորված, տնտեսական շահագործմանը դիմակայող դասակարգային համակարգը հետինդուստրիալ շրջանում անընդունակ է պատասխանելու նոր մարտահրավերներին, սակայն փոխարինվում է ոչ թե օլիգարխիկ շահագործմանը դիմակայող նոր սոցիալական կառույցով, այլ հենց օլիգարխիայի կողմից ստեղծված հակադասակարգային, ոչ մի արդի մարտահրավերի չդիմակայող, բնազդների վրա հիմնված սոցիալական կեղծ կառույցներով: Հիմնականում ապաքաղաքական այս կառույցները («բնապահպաններ», կենդանիների «պաշտպաններ», սպորտային ֆանատներ, աղանդներ, սալոնային աջեր և ձախեր ևլն) իրականացնում են օժանդակ և սպասարկող գործունեություն` այս կամ այն օլիգարխիկ կառույցների պատվերով և հանձնարարությամբ: Միաժամանակ դրանք բավարարում են մարդու սոցիալական ինքնաարտահայտման բնական կարիքը, իրենց բնույթով և ներքին կառուցվածքով լինելով համայնքային և գործելով համայնքի մեխանիզմներով, մեծ կոնտեքստի և ռազմավարության մշակողների խաղի կանոններով:

Արդի մարտահրավերներին համայնքի անհամապատասխանությունը գիտակցվում է հայ հասարակության կողմից, որը հնազանդության և անտարբերության ճահճից դուրս է եկել: Ետ դարձի ճանապարհը՝ դեպի կարծր, հետամնաց և արխաիկ գոյապահպանում այլևս փակ է, իսկ համայնքի կազմաքանդումը` անդառնալի: Սակայն կազմաքանդելով համայնքային կառույցի օղակները` մենք անհրաժեշտաբար պարտավոր ենք մարդուն առաջարկել սոցիալական պատասխանատվության, անձնական ինքնաարտահայտման և հոգևոր մխիթարության նոր ձևաչափ, որը պետք է համատեղելի լինի նրա քաղաքացիական, ընտանեկան, մասնագիտական և տնտեսական գործունեության հետ:

Այս նոր ձևաչափը գալու է առաջին հերթին վերականգնելու դարեր ի վեր ամենքից վերացած սերն ու ամոթը, դուրս բերելու մարդուն լիրբ ու մուխաննաթ առօրյայից: Համայնքը, ձևավորելով իր սեփական սահմանափակ պատկերացումները համամարդկային արժեքների մասին, 90-ականներից ի վեր բերեց արժեքների համակարգի սահմանափակմանը էլ ավելի նեղ ընտանեկան և կլանային կապերով, ինչը հանգեցրեց նրան, որ «ընտանիք պահելը» դարձավ հակահասարակական և հակապետական բնույթի ցանկացած հանցագործություն արդարացնող հիմնավորում: Արդյունքում արդարությունը միայն սեփական ընտանիքի և «Ես»-ի սահմաններից ներս ընկալող անհատը հակադրվեց հասարակությանը, դարձավ բանտարկյալ և բանտապահ և կորցրեց ազատ լինելու հնարավորությունը:

Անշահախնդիր ծառայությամբ պետության և մեծ զանգվածների կառավարմանը մասնակցող նոր քաղաքացին անհրաժեշտաբար կմաքրվի նեղ կլանային, անմարդկային արժեքներից` ստեղծելով համամարդկային արժեքներով առաջնորդվող, ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ունակ սոցիալական բարդ կառուցվածք:

Նոր ձևաչափի մյուս առանցքը գիտելիքի, մշակույթի և հավատի նոր միասնությունն է: Գիտելիքը առանց հավատի չի կարող տալ մխիթարանք, հավատը առանց գիտելիքի հանգեցնում է ֆանատիզմի և աղանդավորության, իսկ մշակույթը առանց երկուսի վերասերվում է ստեղծագործելու և զարգացման անընդունակ կեղծիքի:

Մաշտոցյան
«Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ը

մենք ընդունում ենք որպես մեր ազգի հոգևոր կյանքի մարգարեություն և ծրագիր։ Հայաստանի ողջ ներուժը պետք է դրվի համամարդկային իրական մարտահրավերներին գործնականորեն դիմակայող գիտական ծրագրերի զարգացմանը, այլ ոչ թե ճգնաժամի մեջ գտնվող համակարգերը սպասարկող, ցիտումների քանակով չափվող արվարձանային գիտությունը կիսամեռ վիճակում պահելուն:

Ամերիկյան, սովետական, իսրայելական, կորեական, չինական ու իրանական գիտահետազոտական առաջընթացում կենտրոնական տեղ են զբաղեցրել ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները: Մշտական ռազմական վտանգի ենթակա Հայաստանը պարտավոր է մոբիլիզացնել պետական և մասնավոր միջոցները սեփական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման գործին: 21-րդ դարի պատերազմի նոր մեթոդների, տեխնոլոգիաների և հոգեբանության ուղղությամբ արվելիք հետազոտությունները անդառնալիորեն բերելու են ողջ գիտական սպեկտրի զարգացմանը և նաև ժամանակակից քաղաքացիական արդյունաբերության առաջացմանը:

Առաջադեմ սոցիալ-քաղաքական և տեխնոլոգիական մոդելների անվախ յուրացումը, արագացված կիրառումը և հասարակությանը ծառայելու միջոցով սեփական ներուժի բացահայտումը հայ մարդուն թույլ կտան դիմակայելու իր առաջ կանգնած գլոբալ մարտահրավերներին և կվերադարձնեն պատմական գոյության:

Վերջաբան

Ներկայիս քաղաքակրթության խնդիրներն ու վտանգները այնքան մեծ են, որ առանձին ազգերը պարզապես ստիպված են համագործակցել իրար հետ այդ խնդիրները լուծելու համար: Միևնույն ժամանակ, ինչպես միշտ եղել է պատմության ընդացքում, բոլոր ազգերը պայքարում են իրար դեմ: Եվ այս խճճված և իրարամերժ հարաբերությունները ծավալվում են արդի աննախադեպ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվական միջոցների պայմաններում, որոնք արագացնում են բոլոր գործընթացները և կարելի է ասել վերացնում գաղտնիությունը: Հետևաբար հիմնական մարտահրավերը, որն այսօր լուծում է յուրաքանչյուր ազգ, կայանում է հենց նրանում, թե ինչպես զարգացնել սեփական երկիրը` համատեղելով ամենալայն միջազգային համագործակցությունը կատաղի պայքարի հետ, և դա անել փաստորեն բացարձակ ինֆորմացիոն թափանցիկության պայմաններում: Սա է պատճառը, որ այսօր մրցակցությունն ընթանում է գաղափարային մակարդակի վրա, և աշխարհը ղեկավարում են այն ազգերը, որոնք ուրիշներին առաջարկում են առավել բարդ և կատարելագործված գաղափարներ ու գործընթացներ:

Այսօրվա աշխարհում եթե մի ժողովուրդ ցանկանում է ազդեցություն ունենալ համաշխարհային կամ թեկուզ իր տարածաշրջանային իրադրության վրա, պիտի անընդհատ զարգացնի իր մտավոր-գաղափափարային կարողությունները, և իր սեփական երկրի կյանքի մակարդակն ու գործընթացները: Որովհետև չես կարող նոր խոսք ասել, եթե անտեղյակ ու տգետ ես, և բարդ լուծում առաջարկել, եթե ինքդ քո մեջ պրիմիտիվ ես: Այս պատճառով է, որ զարգացումը ոչ ինքնանպատակ է, ոչ էլ գոռոզ քմահաճույք, այլ ազգի գոյատևման անհրաժեշտ պայման: Նույնը վերաբերվում է ինքնիշխանությանը: Ինքնիշխանությունը անհրաժեշտություն է` աշխարհին իսկապես նոր ու յուրօրինակ ասելիք ունենալու, սեփական գիտակցությունն ու երկիրը զարգացնելու համար: Այսպիսով զարգացումն ու ինքնիշխանությունը անանջատելի են իրարից:

Հոռետես, անհավատ, հույսը կտրած ու հոգնած մարդկանց զարմանալի կթվա այս միտքը, բայց պարզ ճշմարտությունը կայանում է նրանում, որ մենք՝ հայերս պետականաստեղծ ժողովուրդ ենք: Նայելով հետ` տեսնում ենք, որ չհաշված վերջին 600 տարին, մենք ոչ միայն միշտ ինքնիշխան ենք եղել, այլ նաև միշտ ունեցել ենք մեր առանձնահատուկ ազգային դեմքն ու ոճը: 600 տարի մենք ապրեցինք իբրև համայնք տարբեր կայսրությունների ու պետությունների մեջ ու տեսանք, թե ինչով է վերջանում նման կյանքը. սկզբում մեզ գնահատում են մեր շնորհքների համար, բայց, քանի որ ամեն տեղ մենք պահպանում ենք մեր դեմքն ու ոճը, և ավելին` սկսում ենք կառուցել մեր պետականությունը ուրիշի պետականության մեջ, մեզ ատում և կոտորում են:

Սակայն պատմության մեջ ոչ մի բան չի կատարվում հենց այնպես, և այս դառը փորձը պատմության ապացույցն էր մեզ, որ մենք ի բնե ստեղծագործ, համառ ու անկախ ժողովուրդ ենք և պետք է ապրենք մեր սեփական պետության մեջ։

Այսօր մենք հայտնվել ենք ճամփաբաժանի առաջ, որտեղ որոշվելու է` արդյո՞ք այդ վերջին 600 տարիները կդառնան մեր ազգային կյանքի հիմնական դասը, թե՞ կպահեն մեզ պատմական չգոյության գրկում:

Համարձակություն կունենա՞նք ճանաչել և ազատ արձակել մեր բնական ազգային որակները և դառնալ ԱՍՈՂՆ ու ԱՆՈՂԸ, թե՞ կբավարարվենք ԼՍՈՂԻ ու ՀԱՐՄԱՐՎՈՂՒ կարգավիճակով:

Պատմությունը բացել է մեր առաջ նոր դարաշրջանի դուռն ու հուշում է մեզ մեր ճանապարհը: Նա փլուզել է բոլոր հին ու նոր կայսրությունները, որոնք իշխում էին մեր վրա: Նա նորից ազատել, մեզ է վերադարձրել մեր հայրենիքի մի մասը: Նա մեզ նոր սերունդ է տվել՝ խելացի, հպարտ ու խիզախ, որն ազատ է հին սերունդների վախերից և ուզում է ապրել ազատ ու արժանապատիվ կյանքով: Եվ ահա պատմությունը հարցնում է մեզ.

- ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒ՛ՐԴ, ՆՈՐ ԴԱՐ Է ՍԿՍՎԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԴՈՒ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ: ԴՈՒ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ՄԱՐԴ, ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ԱԶԳ ԵՎ ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ԴՈՒ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՏԱԼ ԻՄ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ:

Previous post Next post
Up