Sep 11, 2013 20:19
Տղամարդիկ կույր են, ովքեր ամուսնանում են գեղեցիկ կանանց հետ, ապրում նրանց հետ, մեռնում նրանցից հետո կամ առաջ ու չեն ճանաչում երբեք: Տղամարդիկ կույր են, կանայք`գեղեցիկ, ու տղամարդու կուրությունը ստիպում է կնոջը շատախոս դառնալ ու անդադար պատմել-պատմել-պատմել. գեղեցկության մասին, արևի մասին, ձյան սպիտակության, աչքերի փայլի, կատվի ճկունության, ծաղկած ծիրանենու ու լուսնի կլորության մասին: Պատմությունները սկսվում ու վերջանում են նույն կետում. բերանի բացուխուփը, դադար: Լռություն: Կինն ուզում է ճանաչելի դառնալ, կինն ուզում է սիրելի լինել, կինն ուզում է, որ «տեսնեն» իրեն ու անդադար խոսում է, ուշաթափության աստիճան շատ:
Տղամարդու համար կնոջ խոսքերը լսելի են. նման օվկիանոսի խշշոցի`իմաստ չպարունակող, խոսքի անդադարությունը ճանճի տզզոցի է նմանվում, որ միշտ կա, որին ուշադրություն էլ չես դարձնում, որի մշտականությունը սովորականություն է բերում, ձանձրույթ, հոգնածություն:
Ես էս ամենը գրում եմ հայ կնոջ մասին (ու գիտակցում եմ, որ գրում եմ խիստ կնոջական դիքերից, բայց գրում եմ փաստագրողի պես), որին էդպես էլ չի ճանաչում հայ տղամարդը: Հայ կինը սիրում է մենակ, ամուսնանում է` մենակ, ու տառապում է`կրկին մենակ: (Ես չգիտեմ ուրիշ ազգերի կանանց մասին, ես չեմ ճանաչում ուրիշ ազգի կանանց: Ինձ չեն պատմել: Գուցե նման են: Գուցե տարբեր`շատ):
Կինը քայլ է անում, բարձրանում է էն աստիճանով, որի վերջում էնթադրվում է հանդիպումը, բայց արդյունքում սպիտակ առաստաղ է, սարդոստայն ու չմաքրված ջահ…նա քայլում է, որ ճանաչվի ու ճանաչելի դարձնի, որ թարգմանի տղամարդուն, իսկ տղամարդը շարունակ կրկնում է` ես կույր եմ, ես կույր եմ, ես կույր եմ, ես կույր եմ: Ու թեման փակված է կողպեքով:
Նա կույր է: Վերջ:
Դարպասները փակվում են` դեմքիդ հարվածելով, ժանգը քթիդ է: Գնա, հայելու մեջ նայիր ու սպիներդ տես, որ չմոռանաս:
Հուսահատությունս մեկ-մեկ ընդհատվում է. թարգմանենք իրար իրար համար:
շատախոսություն,
կին,
տղամարդ,
կուրություն