Այսպիսի խայտառակություն հայկական որեւէ հեռուստաալիքով վաղուց չէի տեսել։ Ու դատելով այն բանից, որ հաջորդ օրը ողջ քաղաքն էր խոսում այդ "կլոր սեղանի" մասին, միայն ես չէի ապշել։
ar-vest-ը այդ թեմայով
արդեն արտահայտվել է։
Հաղորդումից հետո Արմեն Այվազյանը ասաց, որ եթե նախօրոք իմանար հրավիրվածների կազմը, հաստատ չէր մասնակցի այդ բալագանին։ Իրեն ասել էին, թե իբր "նեյտրալ մարդիկ" են լինելու, առանց անունները ճշտելու։ Նաև Ռոբերտ Սահակյանցի դիրքը (մեղմ ասած) զարմացրեց։
Փաստորեն Արմենը դժվար ընտրության առաջ էր կանգնած. կամ պետք է շուկայական ռազբիրատների կանոններին համաձայն փորձեր լաչառությամբ գերազանցել իր զրուցակիցներին, կամ էլ պետք է քաղաքակիրթ բանավեճի սահմաններում մնար, հաստատ գիտենալով, որ փորձելու են բերանը փակել։ Ընտրեց երկրորդ տարբերակը ու գրեթե չթողեցին խոսել, մի քանի անգամ էլ իր հասցեին ուղղակի վիրավորական ռեպլիկներ նետեցին։
Հաղորդավարների մասնագիտական մակարդակից էլ չխոսեմ։ Կամ էլ, ինչը ավելի հավանական է, Բլեյանին ու Սահակյանցին "պադդեռժկա" էին անում. հակառակ դեպքում պարզ չէ, ինչու էր Բլեյանին թույլատրվում տաս-տասնհինգ րոպե փիլիսոփայել հաղորդման թեմայի հետ կապ չունեցող հարցերով, այն դեպքում, երբ Այվազյանը փորձում էր պատասխան տալ, միանգամից հիշեցնում էին ժամանակի սղության ու ռեգլամենտի մասին։
Բայց ինձ ամենից շատ հուզողը այս հաղորդումը չէր։ Մի կողմ դնելով Բլեյանի հայացքները, հարց եմ տալիս. ինչպե՞ս կարող է Աշոտ Բլեյանը, չունենալով տրամաբանական մտածողության նշույլ անգամ, լինելով տարրական քաղաքավարությունից լրիվ զուրկ, ունենալով սեռական հողի վրա ակնհայտ խնդիրներ (քաղաքական թեմայով հաղորդման ընթացքում անընդհատ անտեղի հիշատակում էր դահլիճում նստած "սիրուն ջահել աղջիկներին"), միաժամանակ լինել Երեւանի ամենախոշոր դպրոցներից մեկի տնօրենը։ Ես այդ մարդուն ըսկի կատվի ձագի դաստիարակությունը չէի վստահի, ուր մնաց 2300 երեխայի։
Մի խոսքով, ինքներդ դիտեք այս հրաշքը։ Մեկ ժամ տասներկու րոպե է տեւողությունը, բայց մի շնչով է նայվում, հաստատ չեք հասցնի ձանձրանալ։
P.S. Երեւանցիներին կարող եմ ողջ հոլովակը մեկ ֆայլով տալ։