dabavog շատ դիպուկ նշում է, որ մեր երկրում ամեն ինչ գլխիվայր է։ Պահպանողական շարժում երիտասարդներն են ստեղծում, այլ ոչ թե քառասունն անց ձաձաները, շարքային քաղաքացիներն են պաշտպանում քաղաքը քաղաքապետարանից, և նույնիսկ ռուսալեզու մատենագիրներն են նշում օտարալեզու դպրոցներ բացելու անհեթեթությունն ու վտանգը։
Այսօր շատերը
հարցնում են. «Էս օտար լեզվով դպրոցներն ինչի՞ համար են ստեղծվում։ Ո՞րն է նպատակը»։
Փորձենք հասկանալ։
Աշխարհին տիրելու Տիգրան Սարգսյանի պլանը
Լսե՞լ եք վարչապետ Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկի «Հայկական Աշխարհ» գաղափարի մասին։ Համաձայն որի հայերը պիտի ոչ թե կառչեն մեր այս քարքարոտ հողակտորին, քրտինք ու արյուն թափեն այն շենացնելու ու պաշտպանելու համար, այլ պիտի աշխարհով մեկ սփռվեն, հրեաների նման մի հսկա ցանց կազմեն և դրա շնորհիվ դառնան XXI դարի մարտահրավերներին համապատասխանող ազգ։
Վարչապետի երազանքներում ամենատաղանդավոր հայ երիտասարդները՝ կրթվելով աշխարհի լավագույն համալսարաններում, ուսումն ավարտելուց հետո ... պիտի մնան օտար երկրներում, աշխատեն ի շահ օտարների և իրար աջակցելով՝ պիտի տարեցտարի ավելի բարձր դիրքերի հասնեն։ Իսկ վերելքին զուգահեռ իրենց հետևից աշխարհ կտանեն երիտասարդ հայ տաղանդների նորանոր խմբեր։ Այսպիսով ստեղծվում է մի հզոր ցանց, որ պիտի միջազգային բեմում Հայաստանի շահերը պաշտպանի ու առաջ տանի։
Հուզիչ պատկեր է, չէ՞։
Մեկ-երկու-երեք...
Գաղափարախոսություն կառուցելն ու իրագործելն իհարկե լուրջ աշխատանք է պահանջում։ Նախ, պիտի համոզել թերահավատներին ու քննադատներին, որ հայերն օտարության մեջ չեն ձուլվի, չեն կորի։ Եթե խոսենք իրապաշտական լեզվով, ապա վարչապետը խնդիր ունի հիմնավորելու հայկական ցանցի ստեղծման համար արված հսկայական ներդրումների երկարաժամկետ արդյունավետությունը։ Օրինակ՝ մի ամբողջ պետական ինստիտուտի՝ «Նորավանք» հիմնադրամի հնարավորությունների զգալի մի մաս այժմ ուղղված է ապացուցելու, որ հայերն օտարության մեջ «եղել են, կան ու կլինեն»։ Փորձ է արվում ձուլման սպառնալիքը ներկայացնել որպես անլուրջ, անիրական։ Ի դեպ, Թուրքիայում իբր միլիոնավոր «ծպտյալ հայերի» մասին հեքիաթները, որ աշխույժ կերպով խրախուսվում են այդ թվում և պետական միջոցներով, հենց այս քարոզարշավի մի մասն են։
Սակայն քանի որ ձուլումը օբյեկտիվ իրողություն է, քանի որ մարդիկ հստակ նկատում են, որ Հայաստանից դուրս բնակվող իրենց ազգականներն ու ընկերները սերնդեսերունդ կորցնում են լեզուն, հավատը, վերջին հաշվով՝ նաև հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ապա փորձ է արվում ազգային ինքնագիտակցության հիմնատարրերը ներկայացնել որպես անկարևոր, երկրորդական եթե ոչ երրորդական նշանակություն ունեցող։
«Ո՞վ է կարող միանշանակ ձևակերպել, թե սեղանը ինչ է» - զանազան սեմինարների ժամանակ այս հարցով սիրում է զրուցակիցներին շշկռացնել վարչապետը։ Հայը հայերեն չգիտի՞։ Կարևոր չէ... Կրոնը՞։ Նույնպես կարևոր չէ։ Ոչ մի բան կարևոր չի... Փաստորեն վարչապետի գաղափարին հակասող ցանկացած փաստ հայտարարվում է անկարևոր։
... ձմերուկը բերեք
Գաղափարական հիմքեր դնելուն զուգահեռ Տիգրան Սարգսյանը բուռն գործունեություն է ծավալել «Հայկական աշխարհի» գաղափարի իրագործման համար համապատասխան ենթակառույցներ ստեղծելու ուղղությամբ։ Օրինակ՝ ստեղծվեց «Լույս» հիմնադրամը, որը պիտի հոգա արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ-եր մեկնող հայ երիտասարդների ծախսերը։ Հետաքրքիր մի մանրամասնություն. ինչքանով որ տեղյակ եմ, հայկական միջոցների հաշվին արտասահմանում կրթվողները ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալ պարտադրված չեն։
Մեկ այլ օրինակ է ռուսաստանյան «Տրոյկա-Դիալոգ» բանկային կայսրության ղեկավարներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի միջոցներով
Դիլիջանում կառուցվող գիշերօթիկ դպրոցը։ Այդ դպրոցում դասավանդումը անգլերեն է լինելու, նույնիսկ ասեկոսներ կան, որ արտասահմանցի ուսուցիչներ են բերելու։ Պատկերացրի՞ք։ Վեց Տասներեք տարեկանից, Հայաստանի բոլոր անկյուններից հավաքած ամենատաղանդավոր երեխաները անգլերեն կրթություն են ստանալու։ Որպեսզի՞... Այո´, որպեսզի այնուհետև շարունակեն կրթությունը դրսում... Կարծում եմ հիմա պարզ է, թե որտեղից և ինչու սկսեցին օտարալեզու դպրոցների մասին այս խոսակցությունները։ Հուսով եմ հասկանում եք, չէ՞, որ «փողն արդեն տրված է, ամեն ինչ որոշված է, մնացել էր ձեզ հարցնեինք...»
Չմոռանանք նաև Համահայկական համալսարանի նախագիծը։ Համալսարանի, ուր դասավանդումը... այո´, նույնպես հայերեն չի վարվելու։
Շարունակելի...
[Հաջորդ անգամ կզրուցենք սառը իրականության, ինչպես նաև մեր իրապաշտ (պրագմատիկ) վարչապետի անսպասելի երազկոտության իրական պատճառների մասին]
Ընկերանալ Ֆշտուկ