Հայքի քաղաքական դաշտում վերջին իրադարձությունները անհապաղ լուծման կարիք ունեցող մի քանի խնդիրներ բացահայտեցին։ Ավելի ստույգ՝ խնդիրները վաղուց կային, մենք էլ տեղյակ էինք դրանցից, բայց կեղծ կայունության փխրուն տեսիլքով հիպնոսացված՝ չէինք շտապում որևէ քայլեր ձեռնարկել։
Այդ իրադարձություններից առաջինը Ազգային Ժողովի պատգամավորների ընտրություններն էին, որոնց արդյունքը շատ լավ ցույց տվեց, որ ՀՀ բնակչությունը կորցրել է ՀՀ իշխանության վրա ազդեցության օրինական լծակները։ Ընտրողները չեն կարող հետ կանչել իրենց «ծառաներին», նույնիսկ հանրաքվե անցկացնելու իրավունքը խլվել է ժողովրդի ձեռքից։
Այս իրողությունը կարելի էր մի որոշ ժամանակ էլ հանդուրժել, եթե ՀՀ գլխին կանգնած լինեին հայրենատիրական գաղափարներով առաջնորդվող անձիք։ Թեպետ նույնիսկ այդ դեպքում հայոց պետականության ու ընդհանրապես հայ ազգի ապագան առանձին անհատների ազգանվեր լինել կամ չլինելուն պատանդ սարքելը շատ մեծ սխալ կլիներ։ Բայց ներկայիս իշխանությունը ոչ միայն հայրենատիրության նշույլ իսկ չունի, այլև արագորեն ներգրավվում է ազգային զարգացումը արգելակող ու ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների մեջ։ Ավելին, իշխանամետ որոշ շրջանակներ հնչեցնում են ազգային գաղափարախոսություն ունենալու անթույլատրելիության գաղափարը։
Երկրորդ իրադարձությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ կապված իրավիճակի սրումն էր, երբ Մինսկի խմբի համանախագահները բացահայտեցին, որ հայկական կողմը համաձայնվել է հանձնել Արցախի ազատագրված տարածքը։ Հայկական պաշտոնյաները իր հերթին այդպես էլ հստակորեն չհերքեցին համանախագահների խոսքերը, տեղիք տալով լուրջ ու հիմնավորված անհանգստության։
Թեպետ ՀՀ ու ԱՀ նախագահների Սանկտ-Պետերբուրգում հանդիպման արդյունքում կարծես թե ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց, սակայն հանդիպմանը նախորդած երկու շաբաթների ընթացքում բազմաթիվ տագնապալի իրողություններ լույս աշխարհ հանվեցին։ Օրինակ՝ իշխանության բացահայտ դժկամությունը ազատագրված տարածքին տեր կանգնելու։ Առանձին պաշտոնյաների հետ մասնավոր զրույցներն էլ լավատեսության տեղիք չեն տալիս. իշխանամետ խավից հանձնողական-պարտվողական հստակ ազդանշաններ եկան։
Համատեղելով այս երկու իրադարձությունները Հայքում ընդհանուր իրավիճակի հետ (տնտեսական, ժողովրդագրական, կրթական և այլ հարցերում), մի պարզ եզրակացության ենք գալիս. ՀՀ ներկա իշխանությունը և ընդհանրապես վերնախավը ըստ էության մակաբույծ մի կառույցի է վերածվել։ Սա սիմբիոզ չէ, երբ երկու խմբի համագործակցությունը փոխշահավետ է, ո´չ, սա հենց մակաբուծություն է։ Քաղաքա-տնտեսական վերնախավը չունի ցանկություն ապահովելու և հավանաբար ուղղակի ի վիճակի չէ ապահովել հայության շարունակական անվտանգությունը, զարգացումը, ի վիճակի չէ հետապնդել ազգային երկարաժամկետ շահերը։
Ի՞նչ ելք կարելի է առաջարկել այս իրավիճակում։ Տվյալ պահին օրինական իշխանափոխությունը կարծես թե անհնարին է, նաև անիմաստ է, քանի դեռ չունենք քիչ թե շատ հստակ գաղափարախոսություն, որն ի վիճակի կլինի ուղղորդել ղեկավարների նոր սերունդը, չի թողնի նոր վերնախավին ժամանակի ընթացքում այլասերվել՝ վերածվելով մի նոր վիշապի։ Նաև շատ կարևոր է, որ հայոց պետականությունը ծառայի ազգին, այլ ոչ թե հակառակը։ Այնուամենայնիվ չգործելն էլ սխալ է, քանի որ քաոսն ու անորոշությունը՝ դիմադրության չհանդիպելով, միտում ունեն ուժեղանալու։
Այս պայմաններում, հեղինակի կարծիքով, պետք է ընտրել ազգային ինքնակառավարման ցանցային կառույց/կառույցների խումբ ստեղծելու ճանապարհը։ Այն պետք է հնարավորին չափ խուսափի պետության հետ բացեիբաց բախումից, լրացնելով պետության բացերը, որտեղ հնարավոր է ուղղություն տալով պետական քաղաքականությունը և պատրաստելով նոր՝ հայրենատիրական ոգով դաստիարակված սերունդ։ Այսպիսի ցանցը կարող է սկսել իր աշխատանքը գաղափարական ու տեղեկատվական դաշտից, ժամանակի ընթացքում ներթափանցելով կրթական ոլորտ և վերջին հաշվով պետական կառավարման ոլորտ։ Որոշակի պահից սկսած այդպիսի կառույցը ի վիճակի կլինի ապահովել ազգի ոչ միայն տեղեկատվական-գաղափարախոսական, այլև ֆիզիկական անվտանգությունը, ազդել ժողովրդագրական (օրինակ՝ հայրենադարձություն, ծնելիության աճ), տնտեսական և այլ գործընթացների վրա։ Նման կառույցի գործունեության ոլորտները գրեթե անսահմանափակ են ու կարող են մրցակցել իշխանությունների հետ նույնիսկ պետության մենաշնորհ համարվող այնպիսի բնագավառներում, ինչպիսին է, օրինակ՝ արտաքին քաղաքականությունը, հետախուզությունն ու հակահետախուզությունը։
Ըստ իս նմանատիպ կառույցը կարող է հաջող գործել այն դեպքում, եթե ունենա հնարավորին չափ պարզ գաղափարախոսություն ու բարոյական կոդեքս, որոնք պետք է հիմնված լինեն հետևյալ հիմնասյուների վրա.
- Հայքի վերածնունդ՝ հայոց լիարժեք ներկայության վերականգնում Հայկական լեռնաշխարհում;
- Ազգին ծառայելու պատրաստակամությունն ու անձնական օրինակով այդ պատրաստակամությունը հաստատելը։ Ամենամեծ բարոյական վտանգը այն մարդն է, որն ի զեն կանչելով իր հայրենակիցներին, միաժամանակ կփորձի խուսափել զինծառայությունից, կամ էլ խոսելով ժողովրդագրական ճգնաժամից իր հոժար կամքով կհրաժարվի սերունդ տալուց։
- Շքեղությունն ու շռայլությունը պետք է ամեն կերպ դատապարտվեն։ Հակառակ դեպքում կառույցը կդառնա հերթական քաղաքական «մեքենա հանուն մեքենայի»։ Կառույցի ցանկացած անդամ պետք է ձգտի յուրօրինակ պուրիտանիզմի, ուր շքեղության միակ թույլատրելի դրսևորումները կարող են համարվել լավ կրթությունը, առողջ ու բազմամարդ ընտանիք ունենալը, ու ընդհանրապես Հայքի գաղափարախոսությունից բխող արժեքների համակարգի պաշտպանությունն ու զարգացումը։
P.S. Պետք է հաշվի առնել, որ այս փոքր հոդվածը դեռ բավականին հում գաղափարների ամփոփման մի փորձ է և կարծիքներ կիսելու հրավեր է, այլ ոչ թե մանիֆեստ։
Ընկերանալ Ֆշտուկ ![](http://www.circle.am/service/?sid=3956&bid=70)