Չարենցի մամենտով

Apr 22, 2009 17:18

ՆԱԽԱԲԱՆ

Եթե հիշում եք, վերջերս մի հարցում անցկացրի. ո՞ր տողերն են մտքներիդ գալիս, երբ Չարենցի անունն եք լսում։

Ահա հարցման արդյունքները.

• մասնակցել են 24 մարդ
• «Ես իմ անուշ Հայաստանի...» - 10 հոգի
• «Լուսամփոփի պես աղջիկ...» - 4 հոգի
• Այլ ստեղծագործություններ - 10 հոգի

Երբ նշված էր երկու ստեղծագործություն, ընտրել եմ առաջինը, քանի որ այդ էր հարցման պայմանը։

Այս հարցումը հենց այնպես չէր հայտնվել իմ մատյանում, ինձ շատ հետաքրիր էր, թե արդյո՞ք կարելի է ասել, որ Չարենցի անունը Հայաստանի հետ կապված խորհրդանիշ կարելի է համարել։ Ավելին, հետո արդեն մտքովս անցավ, որ հարցը ճիշտ կլիներ այլ կերպ ձևակերպվել, այն է՝ Հայաստանի մասին ո՞ր տողերն են առաջին հերթին գալիս ձեր մտքին։ Համոզված եմ, որ Չարենցին այս պարագայում հիշողների թիվը նույնիսկ ավելի մեծ կլիներ։

Ցանկացած դեպքում, ինձ համար պարզ է, որ Չարենցին կարելի է դիտարկել ժամանակակից հայկական «Ես»-ի մի մասնիկը։ Անցնենք գրառման երկրորդ մասին։

Ի՞ՆՉ ԵՔ ԿՊԵԼ ՉԱՐԵՆՑԻ ՅԱԽԻՑ

Արդեն տարուց ավել է, ինչ ամերիկացի «հայագետ», Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը վիզ դրած ուզում է Չարենցին արվամոլ ներկայացնի։ Ռասսելն ինքը անթաքույց արվամոլ է և հպարտանում է դրանով։ Ու չգիտես ինչու, փոխանակ արվամոլագիտական հետազոտություններով իր հարազատ Իսրայելում զբաղվի, որպես փորձադաշտ Հայաստանն ու հայ մշակույթն է ընտրել։

Իսկ գիտե՞ք, թե ով է Հայաստանում զբաղվում Ռասսելի «հայտնագործությունները» տարածելով։ Պատասխանեմ. ամուսիններ Վիոլետ Գրիգորյանն ու Վահան Իշխանյանը։ Մեկն իր բլոգում, մյուսն իր «Ինքնագիր» կոչված ամսագրում։ Այժմ հասկանալի է, թե ինչու մեկ ամիս առաջ Լոսում կայացած «հայագիտական» գիտաժողովին, որի խայտառակ բովանդակությանը ես արդեն անդրադարձել եմ, ոչ թե մեկ, այլ նույնիսկ երկու զեկույց էր նվիրված Վիոլետ Գրիգորյանի «լուսավորչական-գրական» գործունեությանը։

Ընդհանրապես, ամեն ոք ընկալում է խորհրդանիշները յուրովին՝ իր խառնվածքին համապատասխան։ Փտած հոգի ունեցողներն էլ մոլագարի համառությամբ փորձում են կեղտ գտնել հայոց մեծերի մեջ։ Այդպես իրենց շատ հանգիստ կզգան։ Ինչպես Չայկովսկուն են մատի փաթաթան սարքել (ընդ որում, առանց որևէ փաստացի հիմքերի), այնպես էլ իրենց կարճ խելքով հիմա Չարենցին են փորձում «փչացնել»։ Ինչին շատ կարճ ու կոպիտ պատասխանեմ. Չարենցի խեռը կերել եք։

Այս հերյուրանքներին շատ ավելի հանգամանորեն ու փաստերի վրա հիմնվելով երեկ պատասխան է տվել Ավիկ Իսահակյանը՝ Վարպետի թոռը։ Քանի որ «Ազատամտություն» թերթի կայքում, ուր տպվել էր Իսահակյանի պատասախանը, հղում չգտա, ապա ստորև բերում եմ հոդվածի տեքստը լրիվ։

«ՓՈՇԻ ԿԴԱՌՆԱՆ ՁԵՐ ԳՈՐԾԵՐԸ ՉԱՐ...»

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հերիք չէին տեղական վայրահաչողները և դիլետանտ հայագետները, մեկն էլ գտնվեց հեռավոր ամերիկաներում՝ Ջեյմս Ռ. Ռասել կոչեցյալ, որն արդեն մի քանի տարի է` մաշկից դուրս է գալիս, որ իր նախասիրած գույնը վերագրի նաև Չարենցին: Նկատի ունեմ Չարենցի մի շարք ինտիմ բանաստեղծությունների հրապարակումը, ինչպես նաև հիշյալ «հայագետի» առաջաբանն ու ծանոթագրությունը «Ինքնագիր» հանդեսում (2008թ. N 5, էջ 5-18), և այդ նյութի մի հատվածի արտատպումը «Հրապարակ» թերթում (2009թ. 18 մարտի): Սովետահայ պրոպագանդան տասնամյակներ շարունակ ջանքեր է թափել, որ իր վարչակարգի գետերով թափած արյան գույնը հարմարեցներ իր իսկ կարգերին զոհ գնացած նահատակին, բայց ապարդյուն: Եթե մի գույն իր եղերական մահից առաջ երկրպագել է Չարենցը, դա եղել է հայոց Եռագույնը: Մինչդեռ այսօր, բաց լեղակի գույնի սիրահարները ուզում են մեր ազգային հանճարին իրենց շարքերը տանել: Եվ այսպես վարվելու իբր հիմք են տալիս անմաքուր ու խայտառակ ճանապարհով ջեյմսռասելների ձեռքն ընկած չարենցյան մի շարք բանաստեղծությունների ինքնագրերը: Ի դեպ, դրանց ուշադիր ու անաչառ ընթերցողը, առանց ամերիկյան «հայագետի» տենդենցիոզ առաջաբանի ու ծանոթագրությունների, շատ լավ կկողմնորոշվի, թե ինչն ինչոց է...

Մարդկային մարմնի՝ աղջկա թե պատանու, գեղեցկությունը գովերգելը և կամ թե հեղինակի երևակայած զգայական պատկերների արտացոլումը դեռևս չի նշանակում ունենալ ջեյմսռասելյան կողմնորոշում, և ավելին` լինել նրանցից մեկը: Նման դեպքում անտիկ շրջանի կամ Վերածննդի բոլոր քանդակագործներին և նկարիչներին, որոնք պատկերել են պատանու մերկ մարմին, պետք է միասեռակա՞ն համարենք: Գաղտնիք չէ՝ Եղիշե Չարենցը իր ժամանակի ամենասեր ու կնամեծար տղամարդկանցից է եղել, որը, գուցեև, ի պատիվ իրեն, անտարբեր չի եղել ոչ մի գեղեցիկ կնոջ կամ կանացի արտաքին բարեմասնությունների նկատմամբ: Հիշենք նրա սիրային պոեզիայի հերոսուհիներին. Կարինե Քոթանջյան, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Աստվածատրյան-Չարենց, Արաքսյա Մանուկյան, Ռիչչի Դոստյան (ի դեպ հենց նրան է ուղղված «Ինքնագրում» տպագրված N 6 էրոտիկ երգը («Դու կովբոյի շորերով...» ), որը գրված է Թիֆլիսում, 1933թ., այլ ոչ թե 1936-1937թթ., ինչպես պնդում է Ռասելը, և դա մեկ բանաստեղծություն չէ, այլև մի ողջ շարք, այս մասին տես’ Եղիշե Չարենց. Անտիպ և չհավաքված Երկեր, Ե., 1983, էջ 515-517), Իզաբելլա Չարենց, Արուս Ոսկանյան և վերջապես Մագդա Բուրջալյան:

Ռասելն իր ծանոթագրություններում հպանցիկ ձևով դիտողություն է անում Չարենցի դուստրերին` Արփենիկին և Անահիտին, այն բանի համար, որ նրանք իրենց գրվածքներում չեն հիշատակում Չարենցի բիսեքսուալությունը: «Եթե նրանք տեղյակ են իրենց հոր կյանքի այս ասպեկտի մասին, ապա պետք է որ նախընտրած լինեն այդ մասին չհիշատակել հրատարակված հուշերում» (տես՝ «Ինքնագիր», էջ 15):

Հայ գրականագետների գրվածքները պսեվդո-գիտական համարող («Ինքնագիր», էջ 17) Ռասելը մի՞թե չի ամաչում իր գրածից, երբ պահանջում է, որ հինգ տարեկան Արփենիկը կամ էլ երկու տարեկան Անահիտը հուշերում գրեին իրենց հոր «հոմոէրոտիզմի» վերաբերյալ: Ապա և հիշատակելով բանաստեղծներ Ռեմբոյի, Վերլենի, Լորկայի անունները` գալիս է «եզրահանգման», որ բոլոր գեյ-բանաստեղծների ընտանիքները նախընտրել են լռել այս հարցի շուրջ: Սա այն դեպքն է, որ զրպարտիչը իր տարածած մեղադրանքների դիմաց պատիվ է պահանջում իր «զոհի» ընտանիքից: Դե ինչ ասենք, զրպարտություն տարածելը, սուտ վկայություն բերելը, ինչպես և ազգությամբ հայ գեյերի ու լեսբուհիների կոլեկցիա հավաքելը մեր մեկնաբանի նեղ մասնագիտությունն է: Ահավասիկ Ռասելի գիտականության վառ օրինակներից մեկը. «1998թ. Նյու Յորքում բնակվող ինձ ծանոթ մի հայ լեսբուհի, որն ուսանել էր Երևանի պետհամալսարանում, ասաց ինձ, որ Չարենցի միասեռական լինելն այնտեղ (այսինքն` Հայաստանում - Ա.Ի.) բոլորին է հայտնի, և որ նրա սիրեցյալներից մեկն այժմ էլ ողջ է» («Ինքնագիր», էջ 17): Էժանագին բամբասանքի այս մեթոդը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, իսկ իրականում` «կիրթ բարբարոս» Ջեյմս Ռասելի այն անցագրերից է, որով նա ուզում է մտնել հայ իրականություն: Չարենցի անվամբ նա ուզում է կշիռ տալ յուրայինների բանակին: Մինչդեռ ի զորու չէ հասկանալու Չարենցի վիթխարի կիրքը կնոջ հանդեպ և այդ բանաստեղծական զինանոցում նաև նման պատկերների առկայությունը «Որ նազավոր մի տղայի/ Քնքուշ մարմին ունես բարեկազմ» («Երեք բալլադ». իր տիկնոջը` Իզաբելլային ուղղված բանաստեղծությունից է):

Մինչդեռ Չարենցի պես արվեստագետները ընդմիշտ մտնում են մեծ սիրահար ստեղծագործողների պլեադա, ինչպես Բոկաչչոն, Բայրոնը, Կազանովան, Պուշկինը, Գյոթեն, Գոյան, Մոպասանը, Բլոկը, Պիկասոն, Ցվեյգը, Հեմինգուեյը: Այո°, իր մարդկային էությամբ Չարենցը գերկրքոտ, և հաճախ սիրահարվող խառնվածք էր, և սիրո նրա ներկապնակը լայն էր, բայց ոչ երկնագույն: Իր զգացմունքների մեջ նա կարող էր ծայրահեղության հասնել (ինչպես երևանյան գեղեցկուհի Մարիաննա Այվազյանի վրա կրակելու դեպքը` 1926թ.): Իսկ իր եղերական կյանքի վերջին երկու տարիներին հետապնդված չորս կողմից, սեփական տան չորս պատերում կալանավորված և մոտալուտ ձերբակալման նախազգացումը սրտում` պոետը կոկաինի «սավառնումների» և մորֆիի «երազների» տակ կարող էր ունենալ էրոտիկ բնույթի ուզածդ տեսիլքներն ու անուրջները և հանձնել դրանք թղթին` որպես հակամիջոց իր խելագարեցնող վիճակի:

Այնպես որ, մի’ փորձեք, պարոն «հարվարդյան պրոֆեսոր», Ձեր արշինով չափել սիրո մեծ ասպետին:

Չէր խանգարի հիշել, թե իր էպիգրամներում Չարենցը ինչպես է ներկայացրել «երկնագույն արվեստի» երկրպագուներին: Իսկ նրա էպիգրամներից մի երկուսը կարծես մեր անդրօվկիանոսյան մեկնաբանի մասին են.

Իբրև մեծ պատիվ` քեզ բնությունից տրված է լեզու -
Եվ ուրիշ ոչինչ: Երբ մանուկ էիր, լիզում էիր դու
Երևի շաքար: - Մեծացար-հիմա նստուկ ես լիզում.
- Ի՞նչ տարբերություն...

Եվ կամ թե` «Թերթում տպագրված մի պորտրեի առթիվ», ինչպես և «Երկչոտ է թեկուզ, ինչպես նապաստակ...» սկզբնատողերով էպիգրամները:

Տեղի սղության պատճառով այստեղ հանգամանորեն չեմ անդրադառնում «Ինքնագրում» տպագրված չարենցյան բանաստեղծությունների բուն տեքստերին, այդ կապակցությամբ շուտով կհրատարակեմ առանձին հոդված, սակայն ասեմ, որ սույն հրապարակման մեջ Չարենցի գործերը միտումնավոր խմբավորված են իբր բիսեքսուալ երկերի շարք, մինչդեռ նրանցից մի քանիսը կտրված-հանված են բուն կոնտեքստից, ամբողջական շարքերից (խոսքս «Էրոտիկ երգ» («Դու կովբոյի շորերով...») և «Դանթեական սեր» վերնագրով տեքստերի մասին է):

Չարենցի սեռական կողմնորոշման խեղաթյուրումը մտածված սադրանք է հայ պոեզիայի աստղի դեմ, ինչպես և սադրանք է «Ինքնագրի», (2008, N 5) հիշատակված հրապարակումների լուսանցքներում, նույն ոճով, այսպես ձեռքի հետ, առանց ունենալու գեթ մի աղբյուր, գրավոր վկայություն, վավերագրական փաստ, հայ պոեզիայի մի այլ հանճարին՝ Ավետիք Իսահակյանին վարկաբեկելու փորձը:

Համառոտակի մեջբերեմ «Ինքնագրում» վերատպված Ռասելի առաջաբանի հետևյալ տողերը. «Ինչպես նշվել է՝ Չարենցի մի քանի ընկերներ թաքցրել կամ հողի տակ պահել են բանաստեղծի կողմից իրենց վստահված ձեռագրերը: Ավետիք Իսահակյանը դրանք այրել10 է»:

Որպես սկզբնաղբյուր այս տողերին Ռասելը տալիս է թիվ «10» ծանոթագրումը: Անմիջապես կարդում ենք այն՝ սևով սպիտակի վրա գրված է. «Տե’ս իմ հոդվածը Ռեգինա Ղազարյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց վերաբերյալ (The Armenian Counterculture That Never Was, («Ինքնագիր», էջ 17):

Այսինքն` պարոնն ինքն իրենից է մեջբերում կատարում, և չկա ուրիշ ոչ մի հղում, սկզբնաղբյուր, վավերագրական փաստ, գրավոր վկայություն: Ինքն է իր մոգոնած աղբյուրի հեղինակը: Եթե ինչ-որ մի պահ Ռասելն իրեն չարենցագետ է զգացել, ապա նա պարտավոր էր «Չարենցի հետ: Հուշեր» գրքում կարդալ Չարենցի հիշատակի ազնվասիրտ նվիրյալ Ռեգինա Ղազարյանի հուշերի հետևյալ հատվածը. «Այդ օրերին էր (1937թ. ձմռանը - Ա.Ի.), որ Ավետիք Իսահակյանը ցանկություն էր հայտնել այցելել ինձ` Չարենցի երեխաներին տեսնելու: … Վարպետը, մեկ առ մեկ ձեռագրերը նայելուց հետո, կանգ առավ մանր և խիտ գրված չորս մեծ էջերի վրա, նկատելիորեն հուզվեց և դողացող ձեռքերով երեխաներին նստեցնելով ծնկներին` սկսեց լուռ արտասվել: Արտասվում էի նաև ես: Մոտ երկու ժամ մնալուց հետո Վարպետը երեխաների համար մի ծրարի մեջ 150 ռուբլի հանձնեց ինձ ու գնաց: Այդ այցելությունը միակն էր ամբողջ հայ մտավորականության այն ժամանակվա ներկայացուցիչների կողմից» («Չարենցի հետ: Հուշեր, Ե., 1997, էջ 356» ):

Եվ ոչ թե մատից ծծած հերյուրանքներ տարածեր Վարպետի հասցեին: Չարենց-Իսահակյան բարեկամությունը երկնային այն ոլորտին է պատկանում, որին ընդհանրապես մոտենալու հնարավորություն չունի պրոֆեսոր Ռասելը, քանզի նա, այլաբանորեն ասած, գտնվում է Դանթեի «Դժոխքի» Յոթերորդ պարունակում…

Սա է չափը և մակարդակը Ռասելի գրվածքի գիտականության, բանավեճի էթիկայի: Հենց իր արածն է հիշեցնում «Նոր ձախաթևյան գուրուների» պահվածքը: Այս է ճշմարտության մեր ջատագովի մասնագիտական ազնվությունը, երբ սեփական կեղծիքի հիման վրա իրեն իրավունք է վերապահում Իսահակյանին պիտակավորել` «որի երկչոտությունը, եթե չասենք՝ փոքրոգությունը... « և այլն:

... Իրոք որ «այդպիսի բաներ»: Մի դեպքում մեր մի բանաստեղծին արվամոլ են հռչակում, իսկ մյուս դեպքում նրա պաշտելի ընկերոջը` ձեռագիր այրող են հանում:

Իսկ հետևյալը գրում եմ ոչ թե ռասելների և նրա ստոր հերյուրանքները տիրաժավորողների համար, այլ` այն երիտասարդների, որ բանից անտեղյակ կարող են մի օր ընթերցել ամերիկյան «հայագետի» բարբաջը և չհասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Իսահակյանի մոտ, բացի ՆԳԺԿ երևանյան բանտից 1937 թվականի հոկտեմբերի 6-ին իրեն ուղղված թաշկինակ նամակից, չարենցյան ոչ մի ձեռագիր չի եղել: Եվ ինչու՞ պիտի լիներ. յուրաքանչյուր գրող տերն է իր ձեռագրի: Ոչ մի փաստ գոյություն չունի այն մասին, որ Չարենցը Իսահակյանին հանձնել է իր ձեռագրերից: Եվ ոչ էլ Իսահակյանը Չարենցի ձերբակալումից հետո, որոշ մարդկանց նման, «տնտղել է» նրա արխիվը: Բայց և ասեմ, որ Չարենցի տնային բանտարկությունից հետո, Իսահակյանը միակ մարդն է եղել, որ պարբերաբար հանդիպումներ է ունեցել հալածվող բանաստեղծի հետ: Ինչի համար 1937 թվին քննադատության է ենթարկվել Գրողների միության հատուկ նիստում (տես` ԳԱԹ-ում ՀԳՄ արխիվի նյութերը): Եվ հենց Իսահակյանի տնից է 1936 թվականի ամռան չարաբաստիկ օրը նա մեկնել Ծաղկաձոր:

Իսկ բանտից՝ 1937թ. հոկտեմբերին Իզաբելլայի միջոցով Իսահակյանին հանձնած չարենցյան վերջին բանաստեղծություն-ձոնը, գրված թաշկինակի վրա, մինչև օրս մեր տանը սրբությամբ պահվում է: Մինչդեռ հենց «ամենավտանգավոր» ձեռագիրը այդ թաշկինակն էր` որպես «ուղղակի հանցանշան»: Ավետիք Իսահակյանը սրբությամբ պահել է այդ թաշկինակի ձեռագիրը` անտեսելով ամեն տեսակի վտանգ և սպառնալիք: Նա չի ոչնչացրել այն անգամ չլսելով հենց իրեն` Չարենցին, որը նույն օրը (1937 հոկտեմբերի 6-ին) Իսահակյանին ուղարկված թաշկինակի հետ կնոջն էր ուղղել հետևյալ գրություն-հանձնարարականը.

«Իզաբելլա,

Հանձնիր Ավետիքին, բայց այնպես, որ ոչ ոք բացարձակապես չիմանա և չտեսնի: Ասա նրան, որ կարդալուց հետո ոչնչացնի կամ, եթե ուզենա պահել, պահի այնպես, որ ոչ ոք չիմանա, և որ բացարձակապես ոչ ոքի ցույց չտա»:

Այստեղ արդեն ամեն տեսակի մեկնաբանություններն ավելորդ են:

Կուզենայի հարց տալ` Չարենցը իր ժամանակակիցներից ու՞մ կուղարկեր նման նամակ:

Ուրեմն հենց շնորհիվ Իսահակյանի է, որ սերունդների համար պահպանվել է Չարենցի գրած վերջին բանաստեղծությունը:

Իսահակյանի անձնական գրադարանում սրբությամբ պահվում են բոլոր այն գրքերը, որ հեղինակային ընծայագրերով Չարենցը նվիրել է բանաստեղծին Վենետիկում ու Երևանում: Էլ չեմ ասում այն մասին, որ եթե Վարպետը «երկչոտ» կամ «վախկոտ» մարդ լիներ, իր արխիվում չէր պահի Հայ Հեղափոխական Դաշնակցության այնպիսի կարկառուն գործիչների իրեն ուղղված նամակները, ինչպիսիք են Սիմոն Վրացյանը, Ավետիս Ահարոնյանը, Արտաշես Դարբինյանը, Համո Օհանջանյանը, Վարդգես Ահարոնյանը և ուրիշներ: Այս մարդկանցից յուրաքանչյուրի ձեռագիր նամակը, եթե ընկներ ՀԽՍՀ ՆԳԺԿ ձեռքը, Իսահակյանի ճակատագիրը որոշված կլիներ:

Այս ամենը` ռասելյան գրվածքները և «Ինքնագրի» հրապարակումները, գեթ մեկ արարն են լայնածավալ այն գործողության, որ տանում են ամերիկյան մի շարք համալսարաններում հայագիտական ամբիոններ զավթած որոշ պրոֆեսորները և նրանց զորեղ պատվիրատուները` մեր ժողովրդի ծագման ակունքների, մեր լեզվի ինքնության, մեր դավանած սրբությունների և մեր ազգային մեծությունների դեմ: Եվ այսօր նրանց դեմ արդարացիորեն բողոքի իրենց ձայնն են բարձրացրել ամերիկահայ առաջադեմ ու հայրենասեր ուսանողությունը:

Նաև միտքս ընդգծեմ, որ հակահայկական այս արշավին հավասարապես մեղսակից են և նրանց գաղափարները տարածող ու գովերգող մեր տեղական փարիսեցիները` Հինգերորդ զորասյան «մարտիկները»:

«Ազատամտություն», 18-04-2009

պոեզիա, կրթություն, անասնապատում, հայագիտություն, հայք, գրականություն, իսահակյան, չարենց

Previous post Next post
Up