«Արի, նանար, ինտեգրվենք...»

Aug 11, 2008 20:16

Հիշո՞ւմ եք մեզ ինչքան էին վախեցնում մեկուսացումով, տարածքային էներգետիկ ու տրանսպորտային ծրագրերից դուրս մնալով և, որպես արդյունք՝ անխուսափելի կործանումով։ Եւ որպես տարածքային ծրագրերին հաջող ինտեգրման վառ օրինակ մեզ հակադրվում էր Վրաստանը։ Ասում էին, թե դեմոկրատիկ ու արևմտամետ երկիր է, այդ պատճառով է ծաղկում։

Բայց Սահակաշվիլու այս տարվա «ընտրությունները» շատ լավ ցույց տվեցին, որ դեմոկրատիայի մասին խոսք անգամ չի գնում, մնաց միայն արևմտամետության՝ «ՆԱՏՈ-ի ցավը տանեմ» փաստարկը, որն էլ ավելի հաճախ սկսեցին բարձրաձայնել։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ հայտարարվել էին Վրաստանի ռազմավարական գործընկերներ, էլ չասեմ, որ Սահակաշվիլին ոգևորված նույնիսկ Վրաստանի անկախության երաշխավորող անվանեց Ադրբեջանը (հասկանալի է, որ ի նկատի ուներ էներգետիկ անկախությունը, բայց միևնույն է, զավեշտալի ստացվեց)։

Հիմա վրացիները մնացել են մենակ, ու մեկը չկա քարթվելների ցավը տանի։ Վրաց մեծահարուստները իրենց ընտանիքները փախցնում են «ինտեգրված» ու «զարգացած» Վրաստանից Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա... Օգնե՞ց Վրաստանին «ինտեգրումը»։ Օգնե՞ց ամերիկանամետությունը։ Քանի՞ խնդիր լուծեցին վրացիները։

* * *

Այն փաստը, որ ռուսները զորք մտցրին Հարավային Օսիա ոչ մի դեպքում չի նշանակում, որ կարելի է Ռուսաստանի վրա հույս դնել։ Նախ, նույնիսկ եթե ռուսները անհապաղ նետված լինեին օգնության, ապա միևնույն է մեկ-երկու օր կպահանջվեր առաջին ամենաշարժունակ զորամիավորումները մարտի դաշտ հասցնելու (ինչը և տեսանք Օսիայում)։ Իսկ այսօրվա ռազմական միջոցներով նույնիսկ մեկ-երկու օրվա ընթացքում հնարավոր է այնքան վնաս պատճառել հարձակմանը ենթարկված կողմին, որ նույնիսկ եթե նա հետագայում հաղթի, ապա այդ հաղթանակը պիրոսյան կլինի (ինչը, կարծես թե, նույնպես տեսնում ենք Օսիայում)։ Մի խոսքով, ռուսների վրա հույս դնելու չի։ Ընդհանրապես Հայաստանում ռուսական ռազմական բազաների իմաստը՝ երրորդ երկրի կողմից Հայաստանի վրա հարձակման դեպքում Ռուսաստանի համար խառնվելու պատրվակ ունենալն է։ Իսկ թե այդ պատրվակից կօգտվի թե ոչ՝ դա էլ մեկ այլ հարց է։ Նույնիսկ եթե ցանկություն ունենա խառնվելու, ապա կարող են շաբաթներ պահանջվել մինչև Ռուսաստանը կարողանա լուրջ զինուժ հասցնել Հայաստան, այն դեպքում, երբ մեր «հավանական հակառակորդի» տանկերը 2-3 ժամում կարող են Երևան հասնել։

Մի բան էլ ավելացնեմ. ըստ խորհրդային տարիների հաշվարկի ողջ սահմանային գոտու պաշտպանությունը նախատեսված էր ընդամենը 15-30 րոպե դիմադրության համար։ Ցամաքային հարձակման դեպքում ամեն մի սահմանային ուղեկալի «կյանքի» տևողությունը առավելագույնը 30 րոպե էր։ Ու սահմանապահ զորքերում ծառայող ամեն մի զինվոր շատ լավ գիտեր, որ պատերազմական գործողություններ սկսելու դեպքում փաստացի մահապարտ է։

Ինչքանով որ տեղյակ եմ, ավելի խորը գտնվող պաշտպանական շրջանները (оборонительный район) նախատեսված էին միջինը 3 ժամ դիմադրության համար։ Այն է, մինչ սրանք կռվեին, Անդրկովկասյան ռազմական օկրուգի զորքերը (որոնց շտաբը Վրաստանում էր գտնվում) տագնապով ոտքի էին հանվում ու զբաղեցնում հիմնական պաշտպանական դիրքերը։

Փաստորեն Հայաստանը նախատեսված էր որպես բուֆերային գոտի, պատերազմի առաջին ժամերին թշնամու առաջխաղացումը դանդաղեցնելու համար, մինչև հիմնական ուժերը դիրքավորվորվեին։ Իհարկե, բնակչության էվակուացիայի պլաններ կային, բայց բոլորը հասկանում էին, որ այդ պլանները լիովին իրագործելը հնարավոր չէ։

Այսօր Հայաստանը՝ գրեթե չունենալով պաշտպանական խորություն, չլինելով գերհարուստ երկիր, ավելի մեծ երկրի հարձակումից պաշտպանվելու միայն մեկ ելք ունի. լավ պատրաստված ու զինված ռեզերվ ունենալը, որն առանց որևէ զորակոչի պատրաստ կլինի պաշտպանություն կազմակերպելու։ Այն է՝ շվեյցարական մոդել կոչվածը։ Ճիշտ է, սա մեծ ծախսեր է պահանջում, էլ չեմ ասում, որ տարիներ են պետք՝ մարդկանց մեջ համապատասխան մտածելակերպ ստեղծելու համար։ Բայց ուրիշ ելք չեմ տեսնում։ Մեզ չեն պաշտպանի ո´չ դաշնակիցների զորքերը, ո´չ էլ մանավանդ մեր ոչ խերով «հարևանների» հետ հաշտության պայմանագրերը, էլ չասեմ տարածաշրջանային տնտեսական ծրագրերում մասնակցելուց սպասվելիք հեքիաթային «պաշտպանվածությունը»...

վրաստան, թուրքիա, հայք, կովկաս, քաղաքականություն, ադրբեջան

Previous post Next post
Up