* ԻՄՀԿ - ԻՄ Համեստ Կարծիքով
Երկար-բարակ գրել էի կրթական համակարգի աղետալի վիճակի պակաս-պռատների մասին, փորձել էի համեմատել խորհրդային համակարգի հետ։ Հետո հասկացա, որ ավելի շատ ողբ է ստացվում ու ջնջեցի։ Կոնկրետ խնդիրներից գրեմ, լա՞վ...
Վերջին տարիների ընթացքում բարձրագույն ավարտած (ու հիմնականում հումանիտար կրթություն ստացած) երիտասարդների հետ շփվելով երբեմն որպես գործընկեր, երբեմն էլ՝ որպես ղեկավար, այսօր այսպիսի լուրջ բացեր եմ տեսնում.
- Իրենց իսկ աշխատանքային ոլորտի հանդեպ հետաքրքրասիրության բացակայություն. չկա ցանկություն խորանալու, տվյալներ բզբզելու, կարդալու, նոր բաներ գտնելու։ Չկա ոգևորություն։ Սա իր հերթին փաստորեն նշանակում է, որ չկա մասնագիտական զարգացում։
- Որպես շարունակություն նախորդ կետի՝ ինքնուրույնության ու նախաձեռնողականության բացակայություն։
- Մեկ այլ լուրջ խնդիր է ինֆորմացիայի հետ աշխատելու հմտությունների բացակայությունը։ Փնտրել, գտածը գնահատել, էլ չասած` մի քանի աղբյուրներից ինֆորմացիա համադրել ու վերլուծել չկա։ Այս ունակություններն իսպառ բացակայում են նույնիսկ մագիստրոսի կոչում ունեցող շատ ու շատ մարդկանց մոտ։ ԲՈՒՀ-ն ու դպրոցը պիտի տան այս հմտությունները, իսկ ստացողը պիտի դրանք զարգացնի ամենօրյա օգտագործմամբ։ Չկա ո´չ մեկը, ո´չ մյուսը։
- Գրավոր խոսքի խնդիր. 4-6 տարի սովորած, նույնիսկ լրատվամիջոցներում աշխատած լրագրողները երբեմն այնպիսի նախադասություններ են կազմում, որ ուղղակի ապշում ես։ Սա նույնպես կրթության ու փորձի պակասի հետևանք է։ Երբ հումանիտար մասնագիտության տեր մարդը դժվարանում է ավարտուն միտք պարունակող գոնե 5-6 տողանոց բլոգային գրառում ինքնուրույն անել, արդեն անիմաստ է խոսել հոդվածների ու հետազոտությունների որակից։
- Մի խնդիր էլ. նորաթուխ մասնագետներից շատերն իրենց ոլորտների իսկապես թեժ` հայերիս համար կարևոր թեմաներից գրեթե անտեղյակ են: Ասենք` մինչև այսօր նորաթուխ քաղաքագետներ կան, որ խոսում են «գրավված շրջանների» մասին, բայց չեն կարող դրանք թվարկել: (Իսկ դրանք այցելելու, սեփական աչքով տեսնելու մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է): Մարդիկ տարիներով գենդերային ուսումնասիրություններով կզբաղվեն, բայց մտքներով չի անցնի դրանք կապել դեմոգրաֆիայի հետ: Եւ այլն, և այլն:
- Այս ամենի հետ հանդերձ (ինչն արդեն նշել եմ մի քանի օր առաջ). ահավոր ուռճացված կարծիք կա սեփական գիտելիքների, կարողությունների ու սեփական անձի կարևորության մասին, ինչը փաստացի զրոյացնում է գոնե ինքնակրթությամբ զարգանալու հեռանկարը («ես վառ անհատականություն եմ, ես նման չեմ մյուսներին, սովորել-մովորելն ինձ ի՞նչ պիտի տա»)։
Կարծում եմ` երկու-երեք հարյուր այլ խնդիրներ էլ կարելի է ավելացնել, ուղղակի նշեցի ինձ առավել հաճախ հանդիպողները:
Նախորդ գրառմանս մեջ անդրադարձել էի որոշ հնարավոր լուծումների ու նշել էի, որ դրանք բոլորն էլ երկար ու ծանր աշխատանք են պահանջում: Մյուս կողմից` էն վատ ռուսական բառը, որ «խոլոդեց» բառի հետ շատ սիրուն հանգավորվում է, արդեն վրա է տվել ու չի սպասելու մինչև մեզ թափ տանք ու տեղից շարժվենք: Ու ռուս մտավորականի «չտո ձելած» հարցը մեր համար էլ է շատ արդիական:
Հաջորդ գրառումով` մի քանի միտք «չտո ձելածի» մասին...
Ընկերանալ Ֆշտուկ ![](http://www.circle.am/service/?sid=3956&bid=70)