ՎԱՐԴԱՆԻԿԸ ՎԱՍՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱՑ
Ինչպես հայտնի է, օրերս գյումրեցի մի քանի ընտանիք հրապարակային բողոք էին հնչեցրել, թե իրենց զրկում են կացարանից: Դրա հետ կապված, մեր ստացած նամակում մասնավորապես նշում էին. ՙԳյումրիում տեղի է ունենում մի բան, որը մի քանի տարի առաջ ոչ ոք նույնիսկ վատ երազում չէր տեսնի: Գյումրեցի 12 ընտանիքների շպրտում են փողոց, որպեսզի տեղ հատկացնեն մի կասկածելի կրոնական կառույցի՚:
Հիմնական մեղավորներից մեկին նրանք համարում են քաղաքապետարանը, ասելով. ՙԻնչպես հայտնի է, Գյումրվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ամենուրեք իրեն ներկայացնում է որպես հույժ աստվածավախ եւ այն տեսակից է, որը մեկ նախադասությունում սովոր է առնվազն վեց անգամ Աստծո անունը տալ եւ եկեղեցի մտնելիս ի ցույց հանել իր ՙբարեպաշտությունը՚: Եվ ահա հայտնի է դառնում, որ 7 տարի առաջ Գյումրվա քաղաքապետարանը Սայաթ-Նովա փողոցի զբոսայգուն հարող տարածքը գաղտագողի վաճառել է ՙՀայ Ավետարանչական ընկերակցության՚ Շիրակի մարզային կառույցին՚:
Իսկ այդ տարածքում գտնվում են 12 ընտանիքների տնակներ, եւ միայն մեկ տարի առաջ նրանք իմացել են, որ իրենց տարածքը 13 մլն դրամով վաճառվել է ավետարանչականներին ու իրենք իրենց տնակներով հանդերձ պետք է հեռանան: Ի դեպ, այդ նույն 12 ընտանիքներին չի էլ առաջարկվել այդ նույն գումարով նույն տարածքը գնել:
Եվ ահա ավետարանչականները փորձում են դատարանի միջոցով նարդկանց վտարել իրենց կացարաններից: ՙԱրդեն հասել ենք մի իրավիճակի, երբ աղանդների կարիքները բավարարելու համար կարող են դատական կարգով կոպտորեն ոտնահարել ավանդական կողմնորոշում ունեցող նորմալ հայերի իրավունքները՚,- ասում են գյումրեցիները:
Քանի որ վերոնշյալի առնչությամբ մեզ հետաքրքիր էր նաեւ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ ՄԻՔԱՅԵԼ եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԻ գնահատականը, երեկ մենք հեռախոսով կապվեցինք սրբազանի հետ:
Ի պատասխան մեր հարցի, թեմի առաջնորդը նախ ասաց, որ տեղյակ է հիշյալ հասցեում այդ 12 ընտանիքների տնակները Գյումրու քաղաքապետարանի կողմից հիշյալ կազմակերպությանը վաճառելու, այդ տնակներից այնտեղ ապրողներին դատական կարգով հարկադիր վտարելու փաստին: Սրբազանին հարցրեցինք, թե ինչպիսին է իր, որպես հոգեւորականի, վերաբերմունքն այս ամենի նկատմամբ, արդյոք քրիստոնեակա՞ն է 1988թ. աղետից հետո այդ տնակներում ապրողներին իրենց կացարաններից հանել դուրս գցելը:
- Բնականաբար, քրիստոնեական մոտեցում չէ, ես կտրականապես դեմ եմ եղել դրան, այսօր էլ դեմ եմ, բայց գիտեք, որ մեր ձեռքը չէ այդ խնդրի լուծումը, քաղաքային իշխանությունների իրավասությանը ենթակա տարածք է,- ասաց թեմի առաջնորդը:
Իսկ ՙՀայ Ավետարանչական ընկերակցության՚ Շիրակի մարզային կառույցն այս վերջին օրերի ընթացքում չի՞ գնացել զիջման, նկատի ունենալով, որ այդտեղ մարդիկ են ապրում, ինքնակամ չի՞ հրաժարվել իր այդ քայլից եւ փորձել մեկ այլ տեղ տարածք ձեռք բերել:
- Ավետարանչականը ե՞րբ է նման բան արել, որ հիմա պիտի անի,- ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Բնականաբար, տնակներից մարդկանց վտարելու կապակցությամբ ծագած հիշյալ պատմության շուրջ երեկ փորձեցինք հեռախոսով պարզաբանումներ ստանալ նաեւ ավետարանչականների գլխավորից` Ռենե Լեւոնյանից: Սակայն քարտուղարուհին ասաց, որ լրագրողները նրա հետ խոսելու համար պետք է պարտադիր դիմեն մամուլի ծառայության ղեկավարին, իսկ երբ խնդրեցինք նրա հետ միացնել կամ տալ վերջինիս հեռախոսահամարը, տեղեկացրեց, որ մամուլի քարտուղարը տեղում չէ եւ նրա հետ հնարավոր կլինի խոսել միայն հաջորդ օրվա առավոտյան:
www.iravunk.com/iskakan/hetaqnnutyun/14.05.10.html Հ.Գ. Իմ կողմից պարզապես մի փոքրիկ դիտարկում. ավետարանչականները հաջողացրել են ավանդական` Հայ Առաքելական, Ուղղափառ և Հայ Կաթողիկե Եկեղեցների հետ գրանցվել Արցախի պետռեգստրի կողմից: Աղանդավորական մյուս կազմակերպություններին չի հաջողվել դա անել: Սա իմջիայլոց: