Դասագրքեր՝ Քարվաճառին

Sep 13, 2012 22:15


Ալեքսանդր Քանանյան


Թեև Արցախի Կրթության և գիտության նախարարությունը մշտապես ձգտում է ապահովել հեռավոր ու թերբնակեցված շրջանների հանրակրթական դպրոցների դասագրքային ֆոնդը, հասկանալի պատճառներով դա լիովին անել չի հաջողվում: Խոչընդոտները բազմազան են՝ Երևանից ստացվող դասագրքերի ոչ բավարար ծավալը, աշակերտների թվի աճը, դասագրքերի նկատմամբ անփույթ վերաբերմունքը և այլն:

Նոր ուսումնական տարվա նախաշեմին, Քարվաճառի միջնակարգ դպրոցի տնօրեն Էմմա Ֆահրադյանը մանկավարժական խորհրդի նիստում
ուսուցիչներին տեղյակ է պահել, որ աշակերտների ընդհանուր քանակի, մասնավորապես 9-րդ դասարանցիների թվի աճը հանգեցրել է դասագրքերի էական պակասի: Խնդիրը միանգամայն պարզ ու գործնական էր. անհրաժեշտ էր օր առաջ քարվաճառցի աշակերտներին դասագրքերով ապահովել, քանի որ շրջանի այլ դպրոցներից տնօրենի ջանքերով փոխ առած մի քանի գրքերն իրավիճակը չէին շտկում՝ միանգամայն հստակորեն ուրվագծելով արտաքին աջակցության կարիքը:

Բարեբախտաբար, Քարվաճառը վաղուց ի վեր գտնվում է գիտակից հայ հանրության օրըստօրե աճող ուշադրության կենտրոնում: Ուստի, պատահական չէ, որ լուրը ստանալուն պես քարվաճառյան գրադարանների կարիքների համար գրահավաքներ կազմակերպելու 
եռամյա փորձ ունեցող տասնյակ հայրենակիցներ միանգամից գործի են լծվել և ընդամենը երեք օր անց բարեհոգ մարդկանց միջոցով շուրջ երկու հարյուր դասագիրք հասցրել Քարվաճառ: Գրահավաքի ավանդական կազմակերպիչներ՝ Արթուր Ավթանդիլյանին և Արմեն Հովհաննիսյանին դասագրքերի շուտափույթ հայթայթման հարցում անգնահատելի աջակցություն են ցուցաբերել նկարչուհի Զարուհի Մուրադյանը, որի շնորհիվ գրահավաքին ծավալուն մասնակցություն է ունեցել Երևանի 104-րդ դպրոցը և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս միջնորդությամբ՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախարարության պահուստից Քարվաճառի դպրոցի կարիքների համար տրամադրել է 9-րդ դասարանի 10 կոմպլեկտ դասագիրք և մի շարք այլ ուսումնական ձեռնարկներ:

Սեպտեմբերի 8-ին Զարուհի Մուրադյանն՝ ամուսնու հետ միասին հավաքագրված դասագրքերի ողջ խմբաքանակը հասցրել է Արցախ և շրջանի կրթության բաժնի վարիչի ներկայությամբ փոխանցել Քարվաճառի միջնակարգ դպրոցի տնօրենությանը: Ի դեպ, քարվաճառասեր հանրության հանգանակած դրամական միջոցներով տասնյակ դասագրքերից բացի գնվել են նաև վեց բարձրորակ ֆուտբոլային գնդակներ:

Այսպիսով, Քարվաճառի «Վիլյամ Սարոյանի անվան» միջնակարգ դպրոցն անցած գրահավաքի շնորհիվ զգալի չափով համալրվել է անհրաժեշտ ուսումնական գրականությամբ: Ցավոք, նույնը չի կարելի ասել մեր շրջանի մյուս դպրոցների վերաբերյալ, որտեղ նույնպես և ոչ պակաս սուր կերպով առկա է դասագրքերի լուրջ պակասը: Հուսով եմ, որ այդ դպրոցների պարագայում գիտակից հանրության ջանքերին համընթաց գործի կլծվեն նաև կրթության ոլորտի պետական պատասխանատուներն ու ազգային բարերարները: Եղածը մի բան չէ. անհրաժեշտ է միայն ցանկություն և տվյալներ՝ աշակերտների ընդհանուր թվի և մեկ-երկու տարվա կտրվածքով նրանց համար պահանջվելիք դասագրքերի մասին: Ուստի, բոլորս ի գո՛րծ:

http://www.artsakhtoday.com/?p=24471

Карвачар, Заселение, Образование

Previous post Next post
Up