Սեպտեմբերի 1-ին Քարվաճառում երկար ընդմիջումից հետո կրկին բազմամարդ ուրախություն էր. սկսվել է ուսումնական նոր տարին: Արդեն երկրորդ տարին է, ինչ քարվաճառցի երեխաները հաճախում են նորակառույց ընդարձակ դպրոցի շենք, որը հարևան մարզադպրոցի հետ միասին այսօր քաղաքի ամենալուսավոր և բարեկարգ հատվածն է: Տարեցտարի շատացող մանուկների թիվը, նրանց պայծառ ու կենսախինդ դեմքերը Քարվաճառի անշրջելի հայեցի ապագայի լավագույն ապացույցն են: Շատ գնահատելի է նաև դպրոցի հանդեպ շրջանային կաոույցների և անհատ ձեռներեցների աճող ուշադրությունը: Այսպես, նոր ուսումնական տարվա առթիվ առաջին դասարանցիներին նվերներ են ընծայվել ՀՀ ԵԿՄ, Քարվաճառի պայմանագրային զորամասի հրամանատարության, քաղաքապետարանի և ձեռներեց Ռուբիկ Ենոքյանի կողմից: Հանդիսությունների ավարտին առաջին դասարան թևակոխած մանուկները գեղեցկաբար ասմունքելով ներկաներին հաճելի անակնկալ են մատուցել՝ առաջացնելով համընդհանուր ժպիտ և ուրախություն: