Քաղաքակրթակերտ արարման ճիշտ վայրը

Jun 15, 2012 20:20





Այսօր շատ մշակութաբանների և արվեստի ու գրականության ջատագովների շուրթերից կարելի է անընդմեջ կրկնվող գանգատներ լսել՝ մերօրյա մշակութային դատարկության և ամեն բնագավառում գերիշխող կեղծարվեստ խոտանի մասին: Դիտարկումը, մի շարք վերապահումներով հանդերձ, միանգամայն ընդունելի է. Հայոց արվեստն ու գրականությունը խորը ճգնաժամի մեջ են: Սակայն, պետք է զգուշանալ ընդհանրացնող և պարզունակ գնահատականներից: Արվեստն ու գրականությունը չափազանց բազմազան դրսևորումներ ունեցող հարափոփոխ իրականություն են, որտեղ գնահատման առարկայական չափանիշների կողքին ուրույն նշանակություն ունի նաև անհատի, ժամանակաշրջանի, աշխարհագրական ու կրոնափիլիսոփայական ընկալումների բազմազանությունը:

Այսուհանդերձ, արդի գրականությունն ու արվեստը բառիս առավել բնորոշ վեհակիր իմաստով խորը ճգնաժամի մեջ են ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր, համենայն դեպս՝ իրեն զարգացած հռչակած մարդկության հատվածում: Ներկա համընդհանուր ճգնաժամն առաջինը և, բնականաբար վերջինը չէ: Այն անշեղ օրինաչափությունների բերմամբ հատկապես զգալի է պատմական դարաշրջանների միջև ընկած անցումային փուլերում, երբ առանձնահատուկ ուժգնությամբ ի հայտ է գալիս արժեհամակարգային և գեղագիտական ընկալումների շփոթը և կյանքի իմաստավորման շուրջ ապակողմնորոշող տարակուսանքը: Իհարկե, այս երևույթները հատուկ են ամեն ժամանակաշրջանի և ամեն անհատի, բայց անցումային շրջանում դրանք ավելի զորեղ են՝ մարդկային հաստատությունների ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական հիմքերը սասանելու գործում: Եվ առավել կործանարար է ներքուստ դատարկվելու վտանգը: Անհատը, ազգը, պետությունն ու քաղաքակրթությունները կործանվում են ոչ այնքան արտաքին հարվածից, որքան համընդհանուր նպատակի և կյանքի իմաստախեղ բովանդակազրկումից: Պատահական չէ, որ չարիքը՝ ուստի և անկատարությունը՝ բարու՝ այսինքն՝ իմաստության և կատարելության բացակայությունն է:

Արդ, եթե ամեն անկում նախ՝ ներքին իմաստախեղման ու բովանդակազրկման հետևանք է, ապա և ամեն վերածնունդ՝ իմաստավորման և բովանդակահաղորդ շավղի արգասիքն է: Այս հարցում հայերս կանգնած ենք հայտնի երկընտրանքի առաջ՝ լինե՞լ, թե՞ չլինել, ապրե՞լ, թե՞ մեռնել: Ես կավելացնեի ևս մեկ հակադրություն՝ արարե՞լ, թե՞ չարարելով անէանալ: Այս հարցին բոլորս պատասխանում ենք անհատապես. մնում է, որ պատասխանենք նաև ազգովի: Բայց ազգը, քաղաքակրթակերտ ու պետականակերտ հանրությունը լինել չլինելու ընդհանրական հարցին չի կարող պատասխանել նյութական ժողովրդավարության գործեդարանի (գործիքադարան) միջոցով: Ոչ ոք չի կարող այս հարցի պատասխանը տալ համազգային հանրաքվեի կամ մեծամասնության «կամարտահայտման» միջոցով: Սույն անդրանցական հարթության վրա «ի սէր կենաց» և «ի շահ արարման» տված գեթ մեկ ձայնը գերիշխում է «բիւրոց վհատելոց եղբարց» մահաբեր անտարբերության վրա: Վերածնունդի արարման պարտավորությունն ընկնում է կենսաբերն ու մշտնջենավորը՝ անհատակենտրոն մեկուսանկմանը նախընտրած հոգիների վրա: Մեր սակավ իրական հրապարակախոսները գրում են, որ անգամ արցախյան հաղթանակը և հայրենյաց հողի ազատագրման սկիզբը չօգնեց սթափվել և վեր հառնել մեզ անհեթեթաբար գերեզմանող երևույթների ճահճից: Իհարկե, կարելի է անվերջ խոսել պետականության հազարամյա բացակայության, խորհրդային անցյալի, մշակութային սնանկության կամ սերնդափոխության անհրաժեշտության մասին:

Սակայն կարևոր է այլ բան: Այսօր, ի դեմս նոր սերնդի լուսավոր բազում ներկայացուցիչների՝ նախախնամությունը մեզ վերստին վերածնունդի և «նորոգ կենաց» զարթոնքի հրաշալի առիթ է շնորհում: Այսօր բոլորիս ապագան նրանց ձեռքերում է: Բայց նրանք անընդունակ կլինեն ճշմարիտ և կենսաշնորհ վերածնունդ արարել, եթե չհրաժարվեն ու դուրս չգան աշխարհը բովանդակազրկած սպառողապաշտ ճահճից և դրա բյուր կեղծ և իմաստախեղած մարմնավորումներից: Ճշմարիտ կյանքը, մշակույթը, ոգեղենությունը, սերը չեն կարող ժայթքել մեռած՝ բնապես և մարդկորեն անպիտանացած միջավայրից: Տղմաթավալ հոսանքներից և ժանտահոտ ճահճուտներից անհնար է բխեցնել կենարար ջրի նոր աղբյուր: Այն գտնելու համար հարկ է վերստին դիմել հայրենի հող ու ջրին և ապավինել Լեռնաշխարհի զորությանը:

Այսօր դարավոր անկումներից և մահաբեր արհավիքներից հետո մեր եղբայրների ազատարար արյան հեղմամբ մենք վերստին տեր եղանք կորուսյալ Հայրենիքի գեղեցկագույն մի հատվածի՝ Քարվաճառի և Քաշաթաղի: Սա այն տեղն է, որտեղ ամեն ոք կարող է իրականացնել իր ամենահամարձակ բնապահպանական, ազգային-կենցաղավարական, ընտնեկան-համայնքային երազանքները: Սա այն տեղն է, որտեղ միտքդ խոկում, մաքրագործվում և բյուրեղանում է՝ թափանցելով աներևույթ իրողությունների և իմաստների աշխարհ:

Բոլոր դարերում մեր քաղաքակրթությունը՝ լեզուն, գրականությունը, երաժշտությունը և արվեստը կերտվում էին ճիշտ տեղերում: Այսօր ևս վերժամանակյա հարամնա արժեքներ կարող են արարվել միայն նյութական ժամանակի փոփոխականությանը չենթարկվող հենման կետերում: Եթե կամենում ենք ունենալ հավերժ և կենսունակ Հայաստան, ապա նոր սերնդի նվիրյալները պետք է բարի հանդգնություն ունենան՝ այն մաքուր, անբիծ և ոգեզոր վայրերից կերտելու: Ներկա Հայաստանի փրկությունն ու կյանքը բխում են այլ՝ մշտնջենապես հավերժ Հայոց աշխարհից, որն անդրանցապես միշտ եղել է, կա և կմնա:

Ալեքսանդր Քանանյան

http://www.artsakhtoday.com/?p=19168

Философия истории, Армянский мир, Заселение

Previous post Next post
Up