http://www.artsakhtoday.com/?p=18838 Ալեքսանդր Քանանյան
Քարվաճառի տարածքի բնական հուշարձանների շարքում տաք հանքային գեյզերները` ջերմաջրերն ունեն բացառիկ բնապահպանական, զբոսաշրջային և հանրային նշանակություն: Այս աղբյուրները վերջին տարիների ընթացքում դարձել են արցախցիների և այլ կողմերից ժամանող հյուրերի պարտադիր այցելության վայր և ինքնաբերաբար վերածվել են Արցախի այցեքարտերից մեկի: Երեկ, Զուար գյուղի հարևանությամբ գտնվող առավել հայտնի ջերմաջուրն այցելելիս, հերթական անգամ ականատես եմ դարձել տեղում տիրող սոսկալի և երևակայության ցանկացած չափը գերազանցող աղտեղությանը: Տարածքը ոչ թե պարզապես աղտոտված է, այլ առավել նման է աղբանոցի, որի միջից ինչ-որ տաք ջուր էր ժայթքում: Զուարի ջերմաջուր ժամանող մարդիկ ոչ միայն
անասելիորեն կեղտոտում են հանքային աղբյուրի անմիջական շրջակայքը, այլև պղծում են բուն աղբյուրը ևս՝ բուժիչ ջրի մեջ լցնելով տարատեսակ «շամպուններ» և անգամ՝ լվացքի փոշի…
Կարիք չկա ասելու, որ տարածքն այցելում են նաև Արցախ ժամանող բազմաթիվ արտերկրացիներ, իսկ պետության պաշտպանության ներքո գտնվող բնական առաջնային կարևորություն ունեցող հուշարձանի միջավայրի նման անխնամ կացությունը մեծապես անպատվաբեր է թե՛ պետության, և թե՛ յուրաքանչյուր քաղաքացու և հայի համար: Տեղում հանդիպած մի գերամանահայի վկայությամբ աղտոտվածության սոսկալի չափերն արդեն իսկ պատճառ են դարձել արտասահմանցի զբոսաշրջիկների մի խմբի ջերմաջրում լողանալուց հրաժարվելուն:
Մեր շատ հայրենակիցների բարեկրթության մասնակի կամ ամբողջական պակասը հաճախ ստեղծում է բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ մասնավորապես՝ աղբյուրում լողացող կանանց և աղջիկների հանդեպ: Նման դրսևորումներն առավել վատթար տպավորություն և հետևանք են թողնում, երբ պետականորեն փաստացի չվերահսկվող ջերմաջրի տարածքում անմակարդակ վարքագիծ ցուցաբերվում է Արցախ այցելող արտերկրացի հյուրերի նկատմամբ:
Մեր արծարծած խնդիրն ունի քաղաքական ակնառու նշանակություն: Նախ՝ Արցախի բնական առավել հայտնի հուշարձաններից մեկը նման խայտառակ վիճակում պահելը և ի
ցույց ողջ աշխարհի քարվաճառյան այս հանրահայտ ջերմուկի նման խայտառակ դրությունը բնական և ինքնաբուխ տարակուսանք է հարուցում արցախյան իշխանությունների՝ առավել կարևոր վայրերը պատշաճորեն վերահսկելու ընդունակության վերաբերյալ: Իրավիճակը ցուցադրում է նաև տեղական վարչական մարմինների անհանդուրժելի անտարբերությունը…
Զուարի ջերմաջրում տարիներով ձգվող և անընդհատ վատթարացման միտում արձանագրող դրությունը պահանջում է պետության բարձրագույն իշխանության հրատապ միջամտություն՝ տարածքը շուտափույթ կերպով աղբազերծելու և այսուհետ` մաքրության նվազագույն պատշաճ մակարդակի վրա
պահպանելու և տեղում ծագող անբարեկիրթ կամ հանցակազմ պարունակող երևույթները կանխելու համար: Ուստի՝ հանրային նախաձենությունների և կամավոր միասնության մակարդակով, անհրաժեշտ է օր առաջ իրականացնել աղբազերծման աշխատանքները: Շրջանի վարչական և իրավապահ մարմինները պետք է խստագույնս պարտավորվեն ջեմաջրում քաղաքացիական մշտական պարեկային ծառայություն հաստատել: Ամռանը խիստ նպատակահարմար է նաև հերթապահ ոստիկանի ներկայությունը՝ անհրաժեշտության դեպքում տեղում կարգուկանոն հաստատելու նպատակով: Անկախ այցելուների «լավ» կամ «պաշտոնավոր տղա» լինելու հանգամանքից՝ հարբած և սանձազերծ անհատների
վարքագիծը կամ տասնյակ հյուրերի ներկայությամբ հրազենից օդ կրակելու երևույթները պետք է ընդմիշտ բացառվեն: Աղտոտման յուրաքանչյուր ոտնձգություն պետք է տեղում կանխվի պետականորեն սահմանված համապատասխան տուգանքի գանձման միջոցով:
Զուարի հանքային ջերմաջրի դրությունն արտացոլում է մեր պետության և հասարակության ներքին որակը: Այն պետք է բարեփոխվի, այդ թվում և՝ մարդկանց դաստիարակելու միջոցով: Խայտառակությանը հարկ է վերջ դնել: Ոչ թե վաղը, այլ հենց այսօր և հիմա: