Սփյուռքն ու Հայոց պետականությունը. պարտավորությունների և պատասխանատվության խնդիրը

May 16, 2012 09:44





Վերջին տարիներին՝ Հայաստանում՝ քաղաքացիական դաշտի ձևավորման գործընթացի շրջանակներում նորովի է դրվում հանրային պատասխանատվության խնդիրը: Աճում է երիտասարդ և միջին տարիքի գիտակից քաղաքացիների թիվը, որոնք ոչ միայն խոսքով, այլև քաղաքացիական հստակ կեցվածքով և դրանից բխող գործողություններով փորձում են նպաստել երկրում օրինականության հաստատմանը և հանրային հնչեղության տարաբնույթ խնդիրների լուծմանը: Միաժամանակ, լինելով աշխարհի առավել սփյուռված ազգերից մեկը, հայերը քաղաքացիական դիսկուրսի շրջանկներում չեն կարող խուսափել համազգային պատասխանատվության և վերջինիս չափաբաժինների մասին հարցի քննարկումից: Արդարև, որչա՞փ սփյուռքաբնակ հայությունը պատասխանատու է մայր Հայրենիքի մի հատվածում վերականգնված Հայոց պետականության համար կամ որչա՞փ Հայաստանը՝ որպես պետություն պարտավոր է հաշվի առնել սփյուռքյան զանգվածների կարծիքն՝ արտաքին և ներքին քաղաքականությունն իրականացնելու ժամանակ: Հարցադրումը, բնականաբար, միանշանակ չէ և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ամենատարբեր կարծիքների ու շահարկումների առիթ է եղել: Պատասխանատվության (իմա՛ նաև պարտավորությունների) խնդիրը դյուրավ սահմանելիք չէ, քանզի ի սկզբանե գործ ունենք պարտավորությունների բաշխման երկու բոլորովին տարբեր մակարդակների հետ: Հայաստանաբնակ հայությունը՝ Հայաստանի քաղաքացիներն ունեն սահմանադրորեն ամրագրված հստակ պարտավորություններ՝ պահպանելու երկրի ռազմաքաղաքական անվտանգությունը մեծապես անկայուն և Հայոց պետականության հանդեպ արմատական անհանդուրժողականությամբ աչքի ընկնող տարածաշրջանում: Նրանք իրենց վրա ամբողջովին են կրում պատերազմի, միջպատերազմյան հրադադարի, շրջափակման և օլիգարխիզացված տնտեսության բեռը: Նրանք պարտավոր են խիստ անբարենպաստ արտաքին պայմաններում ապահովել երկրի պաշտպանունակությունը, իսկ ներքին ճակատում դաժան ու հյուծող պայքար մղել օրինականության հաստատման և իշխանությունը յուրացրած օլիգարխիկ շրջանակների դեմ: Մյուս կողմից, սփյուռքը միատարր չէ, իսկ վերջինիս համայնքային կազմակերպվածության դասական կառույցները (եկեղեցի, ավանդական կուսակցություններ, բարեգործական միություններ և այլն) այսօր, առավել քան երբևէ, ընդունակ չեն փոքրագույն իսկ չափով ի մի բերել օտարաբնակ հայության ներուժը: Ավելին՝ բացակայում է օրենսդրորեն ամրագրված որևէ պարտավորություն՝ մասնակցելուՀայաստանի ռազմական պաշտպանությանը, ներպետական օրինականության պահպանմանը, տնտեսական ու ժողովրդագրական աճի ապահովմանը: Եթե սփյուռքահայը որևէ չափով մասնակացում է վերոնշյալ մարտահրավերների հաղթահարմանն, ապա այն անում է բացառապես ներքին բարոյական պարտավորության մղմամբ՝ իր կամեցած ծավալով ու պատկերացումների համաձայն: Այս ամենը հայության հայաստանաբնակ և սփյուռքաբնակ հատվածները դնում է բոլորովին անհավասար հարթությունների վրա՝ ստեղծելով ներազգային կարգավորման անհրաժեշտություն: Այսօր այդ կարգավորումն անհնարին է, քանզի Հայաստանի իշխող վարչակարգը շատ հեռու է համահայկական շահերի արտահայտիչը և միասնական ազգային քաղաքականության առանցքը լինելուց: Այն հնարավոր է միայն Հայաստանում ազգային-պետական իշխանության հաստատումից և հիմնովին վերափոխված սահմանադրական օրինականության հաստատումից հետո: Սակայն Հայաստան-սփյուռք հարաբերությունների կառուցման նոր հայեցակարգը պետք է մշակվի արդեն մեր օրերին՝ այսօր և հիմա: Այստեղ, իհարկե, երկուստեք հարկ է խուսափել ծայրահեղություններից: Նախ՝ պետք է զգուշանալ «քաղաքացիական ազգ» հասկացության վրա ավելորդաբար հենվելուց: Հայությունը չունի նման շռայլության իրավունք՝ ՀՀ քաղաքացի հայերից դուրս այլ հայ չնկատել: Ամեն մի սփյուռքահայ պետք է դիտվի որպես ազգային հոգածության առարկա: Հայաստանը պետք է ամրապնդի և վերափոխի հին ու ստեղծի սփյուռքյան նոր կառույցներ՝ համահայկական ներուժը հետզհետե բյուրեղացնելու և պետականաշինական նախագծերի իրականացմանն առավելագույն արդյունավետությամբ ուղղորդելու համար: Միաժամանակ, սփյուռքը հարկ է քաջ գիտակցի, որ իր գոյությունն իմաստավոր է միայն Հայաստանում հայոց անկախ պետականությանն աջակցելու պարագայում, իսկ հայրենադարձությունը՝ միակ միջոցն է՝ անցյալի ազգային արհավիրքները հաղթահարելու և ազգային արժանապատվությունը լիովին վերականգնելու հարցում: «Եռամիասնության» արհեստական կաղապարը յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ պետք է վերափոխվի հայաստանակենտրոնության բացարձակ ճանաչմամբ: Հայաստանը (ներկայիս «ՀՀ-ԼՂՀ» ձևաչափով) պիտի գտնվի բոլոր սփյուռքահայ կազմակերպությունների և համայնքների համակ ուշադրության կենտրոնում, սփյուռքյան գոյությունը պետք ընկալվի որպես ժամանակավոր (գոյացապես ժամանակավոր՝ անկախ ժամանակի տևողության նյութական չափման) և ածանցյալ, իսկ հայրենադարձությունը (հիմա կամ «օր մը»)՝ որպես բացարձակ և անշրջելի վերջնանպատակ:

Բնական է, որ ազգային գիտակցության նշված վերափոխությունը դյուրին և կարճաժամկետ ձեռնարկ լինել չի կարող: Բայց բոլոր գիտակից հայերը, նա՛խ Հայաստանում, ապա՛ և սփյուռքում, ի հեճուկս բոլոր ենթագիտակցական զգայական կրքերի և առկա հոգեբանական և կազմակերպական խոչընդոտների  պետք է ստանձնեն պարտվորություն՝ ընթանալու հիշյալ վերափոխությանն ընդառաջ: Այս ուղղությամբ առաջին քայլը՝ կեղծ առաջնահերթություններից հրաժարվելն է և իրական առաջնահերթություններին զինվորագրվելը: Իսկ իրական առաջնահերթությունն այսօր մեկն է՝ կառուցել հզոր և կենսունակ Հայոց պետություն: Դրան հասնելու ամենաարդյունավետ և  ամենագնահատելի ճանապարհը՝ հայրենադարձությունն է, քանզի կորուսյալ Հայրենիք տանող ճանապարհը և ցեղասպանության հետևանքների իրական վերացումը կնեսագործվում է միայն հայրենատիրությամբ՝ զգուշավորների համար՝ «օր մը», իսկ անվեհերների համար՝ այսօր և հիմա:

Ալեքսանդր Քանանյան

http://www.artsakhtoday.com/?p=16778 

Диаспора, Репатриация, Армения, Заселение

Previous post Next post
Up