Հպանցիկ ակնարկ՝ Քարվաճառի շրջանի ենթակառուցվածքների արդի դրության վերաբերյալ

May 10, 2012 10:24





Թեև Քարվաճառի շրջանում վերջին տարիների ընթացքում արձանագրվել է բնակելի տների շինարարության չափերի համակողմանի նվազում, միևնույն ժամանակ որոշակի քայլեր են ձեռնարկվել հաղորդակցային և սոցիալ սպասարկման ենթակառուցվածքների վերականգնմանև արդիականացման ուղղությամբ: Ակնառու ձեռքբերումներից է Քարվաճառ շրջկենտրոնում «Արցախբանկի» տարածքային մասնաճյուղի բացումը, որը մեծապես հեշտացրել է շրջանում աշխատավարձ ստանալու և մանր ու միջին վարկավորման ծրագրերից օգտվելու հնարավորությունը: Նախորդ տարիներին բանկի բացակայությունը վարչակազմի և բնակիչների համար ստեղծում էր ահռելի դժվարություններ: Շրջվարչակազմի և պետական մնացած հիմնարկների հաշվապահությունը հարկավ մնում էր Ստեփանակերտում՝ ֆինանսական և հաշվապահական գործարքներն իրականացնելու անհրաժեշտության պատճառով: Պետական հիմնարկությունների ղեկավարները կամ այլ լիազորված անձինք ստիպված էին ամեն ամիս մեկնել Ստեփանակերտ՝ հաշվապահական ընթացիկ գործավարությունն իրականացնելու և աշխատավարձ բերելու համար: Այսօր այս բնագավառում մնում է կատարել ևս մի հանգուցային քայլ՝  շրջվարչակազմի հաշվապահությունը Ստեփանակերտից տեղափոխել Քարվաճառ: Դա, թեև անհրաժեշտ, բայց բավականին բարդ ձեռնարկ է՝ հաշվի առնելով շրջկենտրոնում ազատ բնակելի տների բացակայությունը և՝ դրանք չկառուցելու կառավարության համառ միտումը: Այնուամենայնիվ, Քարվաճառի վերին թաղում կառուցված չորսհարկանի պաշտոնեական հանրակացարանում դեռևս ազատ է մի քանի բնակարան, որոնք կարող են տրամադրվել շրջան փոխադրվելիք հաշվապահությունների աշխատակիցներին: Հույս ենք տածում, որ Արցախի կառավարության և վարչակազմի համատեղ վարչական կամքի շնորհիվ՝ հաշվապահությունները շրջան փոխադրելու, ոլորտի հրավիրյալ մասնագետներին ծառայողական բնակարանով ապահովելու, ինչպես նաև տեղի համալսարանական կրթություն ունեցող անձանց վերապատրաստելու միջոցով հնարավոր կլինի խնդիրը մեկամյա ողջամիտ ժամկետի մեջ լուծելու համար:

Ի տարբերություն փաստացի կասեցված բնակարանաշինության՝ նկատելի աշխուժացում է տիրում ճանապարհաշինության և էլեկտրամատակարարման բնագվառներում: Նախ խիստ ուշացած, բայց և մեծապես ոգևորիչ է Սոթք-Դրմբոն հողե ճանապարհի հիմնարար բարեկարգումը: Թեև այս ճանապարհը շրջանցում է շրջկենտրոնն ու Քարվաճառի շրջանի հիմնական բնակավայրերը, իսկ ներկա շինարարությունը գերազանցապես նպատակամղված է սպասարկելու Մարտակերտի շրջանում աճի բուռն միտում արձանագրող հանքարդյունաբերությանը, միևնույնն է, այն զգալիորեն բարելավելու է Քարվաճառի և Մարտակերտի հաղորդակցային կապը Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի և Երևանի հետ: Քանի որ հիշյալ ճանապարհի որոշ հատվածներ անցնում են նոր ուղիով և ճանապարհի մակերեսն ամենուր երկու-երեք անգամ ընդլայնված է, իսկ հողային նստվածքներն անխուսափելի են, անհրաժեշտ է այսուհետ պատկան մակարդակով կազմակերպել ճանապարհի սպասարկումն ու անընդհատ պահանջվելիք բարեկարգման ծառայությունը, հատկապես՝ հաշվի առնելով սույն ճանապարհով հանքանյութ տեղափոխող ծանր բեռնատարների երթևեկությունը:

Թեպետև ներկայումս Արցախի կառավարությունում բացակայում է ճանապարհաշինական խնդիրների ընկալման պատշաճ մակարդակը, իսկ ռազմավարական մոտեցումները ստորադասված են գործարար՝ տվյալ դեպքում՝ հանքարդյունաբերողների շահին, դժվար է ակնկալել Վարդենիս-Նորաբակ-Քարվաճառ ուղղությամբ արցախյան ասֆալտապատ երկրորդ մայրուղու կառուցման աշխատանքների մեկնարկը: Այնուամենայնիվ, վերաբնակեցման, հայրենադարձության և Արցախի զարգացման քննարկումների շրջանակում անընդհատ բարձացվելու է սույն ճանապարհի գեթ մասնակի բարեկարգման հրամայականը՝ այն բոլոր տեսակի ավտոփոխադրմիջոցների համար ողջ տարվա ընթացքում անցանելի պահելու առումով: Խնդրի մանրամասներին հետագայում անդրադռնալու ենք առանձին հրապարակմամբ:

Այլ գլխավոր ճանապարհները՝ Քարվաճառ-Գետավան և Դուտխուի խաչմերուկ-Զուարի ջերմաջուր ուղղությունները գտնվում են շրջանի ճանշինի հոգածության ներքո, թեև վերջինիս մակերեսային բնույթը սկզբունքորեն չի կարող ապահովել որակյալ արդյունք: Պարբերական տեղումները, մանր և միջին սողանքները, ճանապարհի վրա հաճախակի թափվող խոշոր քարաբեկորները դեռևս խոչընդոտում են երթևեկության բնականոն ընթացքին: Եթե սողանքներից և թափվող քարաբեկորներից պաշտպանվելու համար անհրաժեշտ են դեռևս բացակյող հիրավի մեծ միջոցներ, ապա ճանապարհափոսերը հողով լցնելու եղանակը չի ապահովում անգամ կարճաժամկետ արդյունք և դառնում է ճանապարհաշինությանը հատկացվող պետական սակավ միջոցների անարդյունավետ վատնման պատճառ: Հարկ է մասնագիտորեն ուսումնասիրել լեռնային տեղանքի հողե ավտոճանապարհների սպասարկման միջազգային փորձը և փոխառել համապատասխան արդյունավետ տեխնոլոգիաներ:

Վերջին տարիների ընթացքում էապես բարելավվել է շրջանի էլեկտրամատակարարման ոլորտը, որտեղ նկատվում են աշխատանքային արդյունավետության, տեխնիկական սպառազինման և ենթակառուցվածքային արդիականացման միտումներ:

Բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում առաջընթացը կրկին ակնառու է, թեև այն կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե պետությունը շարունակեր տարիներ առաջ ընդհատված բնակարանաշինության և նոր գյուղերի հիմնադրումը: Թեև այսօր շատ է խոսվում, որ վերաբնակեցման գոտուց բնակչության արտագաղթի պատճառը կենսապայմանների անբավարարությունն էր, (հաստատումը միանշանակ չէ և կարոտ է առանձին քննության) հարկ է հիշեցնել, որ հատկապես քաղաքային տիպի բնակավայրերի սոցիալական սպասարկման ենթակառուցվածքների բնականոն և ինքնաբուխ զարգացումն ուղղակիորեն կապված է բնակչության նվազագույն «ճգնաժամային զանգվածի» առկայության հետ: Քարվաճառի պարագայում օրինակ, «ճգնաժամային զանգվածի» շեմին հասնելու համար անհրաժեշտ է քաղաքի բնակչությունը առնվազն կրկնապատկել: Ի հեճուկս կառավարության կողմից հնչող տարակուսելի հայտարարությունների՝ խնդրին դեռևս կարելի է տալ լիարժեք լուծում՝ վերականգնելով շուրջ երկուհարյուր վերակառուցմանը միանգամայն ենթակա կիսավեր շինություններ: Այս ամենի առավելագույն ծախսը չի գերազանցի 1.3 միլիարդ դրամ: Հնգամյակի ընթացքում ծախսային նման ծավալի ապահովումը միանգամայն հնարավոր է, հատկապես, եթե սահմանափակվի Հայաստանի «միջպետական» վարկի շինարարության համար նախատեսված մասնաբաժնի հաշվին Ստեփանակերտի էլիտար շենքերի շինարարությունը:

Այսուհանդերձ, Քարվաճառում և շրջանի այլ խոշոր բնակավայրերում գործում է խանութների կայացած ցանց, իսկ շրջկենտրոնում անգամ բացվել է հանրային սնունդի երկու օբյեկտ: Սակայն բարդ է մնում բնակչությունը վառելիքով և հեղուկ գազով ապահովելու դրությունը: Խոհանոցում օգտագործվող գազի բալոնները լիցքավորելու համար Քարվաճառի շրջանի բնակչությունը ստիպված է հասնել Վարդենիս, Գետավան կամ Հաթերք: Քանի որ ուղևորատար փոխադրամիջոցներով գազի տեղափոխությունն արգելված է, իսկ մինչև գազալցման կետ հասնելու ծախսն ավելին է, քան բուն լիցքավորմանը: 2009 թ. մասնավոր մի ձեռներեց փորձել է քաղաքում կազմակերպել հեղուկ գազի վաճառք, բայց, բախվելով հարկային օրինականությանը վերաբերող ինչ-ինչ ոչ թափանցիկ խնդիրներին, հարկադրվել է տարածքից հեռանալ: Թեպետև նման հարցերը շուկայական տնտեսության կայացած երկրներում կարգավորվում են մասնավոր սեկտորի միջոցով, վերաբնակեցման գոտում այս և սոցիալական սպասարկման ոլորտին վերաբերող մի շարք այլ խնդիրներ պետք է գտնվեն պետության կարգավորիչ և աջակցող հսկողության ներքո: Վաղուց ժամանակն է մշակել և օրենսդրորեն ամրագրել տնտեսվարող սուբյեկտների հարկման ճկուն սանդղակ և, ըստ այդմ, գոտևորել Արցախի տարածքը, որպեսզի Ստեփանակերտի կենտրոնի և սակավաբնակ լեռնային գյուղի ձեռներեցները չհարկվեն միևնույն չափով և սխեմաներով: Հարկման ճկուն սանդղակարգի և տարածքային գոտևորման հարցը, բնականաբար, պահանջում է առանձին քննություն:

Ալեքսանդր Քանանյան

http://www.artsakhtoday.com/?p=16227

Карвачар, Арцах, Заселение

Previous post Next post
Up