Համացանցը՝ որպես բնակչության անցանկալի տեղաշարժը կանխելու հոգեբանական միջոց

Feb 22, 2012 21:37




Համացանցը՝ համաշխարհայնացման առավել զորեղ ազդակներից է:  Գաղտնիք չէ, որ համաշխարհայնացումն՝ իր ներկայիս քաղաքակրթական բովանդակությամբ և աշխարհաքաղաքական դրսևորումներով երկսայրի սրի պես կախված է ազգային նկարագիրը ևինքնիշխան ազգային պետականությունը պահպանել ձգտող թվապես փոքր ազգերի վրա: Սակայն արտաքին աշխարհի մարտահրավերներից փախչելու, դրանք չնկատելու և դրանց չմասնակցելու դիրքորոշումը ոչ միայն փակուղային է, այլև խիստ սպառնաշատ, քանզի կանխորոշում է «երկչոտ» դերակատարի սուբյեկտազրկումն ու համաշխարհային գործընթացներում նրա սակարկային մանրադրամի վերածվելը:

Զանց առնելով համաշխարհայնացման համատեէստում շարադրված «պետության վախճանի» անհեթեթ տեսության քննությունը՝ արձանագրենք ակներև մի ճշմարտություն՝ ազգային-պետական կամքը, հմուտ պետականակենտրոն դիվանագիտությունը, սահմանադրական օրինականության գերակայությունը և քաղաքացիական բարձր գիտակցությունը թույլ են տալիս ոչ միայն հաղթահարել «համաշխարհայնացող» աշխարհի դիմազրկող և ինքնիշխանազրկող վտանգները, այլև վերջինիս ընձեռած գործիքադարանը և մարտահրավերներին դիմագրավելու ապագծային հարուստ միջոցներն ի սպաս դնել ազգային-պետական նպատակների հետևողական իրականացմանը:

Ուստի՝ համացանցից փախչելն անհնարին է և նրա դեմ պայքարելն՝ անիմաստ, հատկապես՝ հայկական միջավայրում: Բարեբախտաբար, Երևանն ու Ստեփանակերտն առաջին օրվանից խոհեմություն են ունեցել համացանցի մատչելիությունն օրենսդրորեն սահմանափակելու ուղղությամբ որևէ քայլի չդիմել: Իհարկե, համացանցն ազատ հարթակ է և այնտեղ ի հայտ եկող հրապարակումները հաճախ կարող են խոցել որոշ պաշտոնատարների ինքնասիրությունը: Այսուհանդերձ, համացանցը գերազանց միջոց է հասարակությանը հուզող հարցերին և առկա տրամադրություններին առաջին աղբյուրից ծանոթանալու և հանրային գործընթացներին առավել արդյունավետորեն հետևելու համար: Ուրեմն, համացանցը փոխադարձաբար շահավետ միջոց է, որը հասարակությանն ու իշխանությանը միմիյանց ազդակներ հղելու և իրավիճակը սթափ գնահատելու եզակի հնարավորություն է տալիս:

Սակայն, աշխարհի շատ վայրերում և, մասնավորապես, Արցախում համացանցը կարող է կատարել այլ, վիճակագրորեն ու հոգեբանորեն դեռևս չուսումնասիրված գործառույթ: Խոսքը՝ բնակչության անցանկալի տեղաշարժը կանխելու հարցում համացանցի հնարավոր դերի մասին է:

Այսօր կապի, միմյանց հետ հաղորդակցվելու, ըստ անձնական նախասիրությունների ազատ ժամանակը տնօրինելու ցանկությունները շատ կարևոր են հասարակության լայն խավերի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների համար: Արտերկիր կամ մայրաքաղաք տեղափոխվելու բուռն ցանկության հետևում հաճախ կանգնած է ոչ միայն աշխատանքային զբաղվածության, այլև հաղորդակցական և ժամանցային հնարավորությունների տեսանկյունից անբավարար և անհրապույր դիտվող «գյուղական» պայմանները: Ժամանակին՝ աշխարհից կտրված չլինելու հոգեբանորեն կարևոր գործոնը դիտվում էր հեռուստատեսությունը, բայց այսօր այն արդեն բավարար չէ: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարդ էակ սիրում է կայունություն՝ ծանոթ և հարազատ վայրում ապրելու, ընկերական հաստատված շրջապատի հետ շփվելու և ընտանեկան անդորրն օրըստօրե վայելելու առումով: Հայրենի գյուղը կամ թերզարգացած շրջկենտրոնը հօգուտ Ստեփանակերտի լքելու պատճառը միշտ չէ, որ տեղում եկամտի աղբյուր չհայթայթելու հետ է կապված: Հաճախ և, հատկապես, երիտասարդության պարագայում, դա արդիական հարաբերակցային ոլորտի պակասն է: Այս առումով համացանցը և վերջինիս մատչելիությունը Արցախի ողջ տարածքում կարող է նկատելիորեն մեղմել նոր սերդի սոցիալիզացիայի ձգտոումը՝ գյուղական բնակավայրից մայրաքաղաք փոխադրվելու քայլով լուծելու հարցում: Համացանցն, ի տարբերություն հեռուստատեսության, լուծում է ոչ միայն արտաքին աշխարհի հետ կրավորաբար ծանոթանալու, այլև սեփական նախաձեռնությամբ ու նախընտրած եղանակով վերջինիս հետ մասնակցաբար հաղորդակցվելու խնդիրը: Առօրյա գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելուց հետո համացանցի մոտ հայտնված երիտասարդը կարող է արագորեն վերափոխվել պրպտող ցանցային մշակի, ում առջև բաց և մատչելի է ողջ երկրագունդը: Այս ամենի միջոցով մեղմվում է գյուղական բնակավայրերի դատարկման հարցում թերագնահատման ոչ ենթակա հոգեբանական գործոնը: Ցանկացած մասնագետ կվկայի, որ մարդ անհատի շատ ու շատ արմատական որոշումների հիմքում ընկած է ոչ միայն անմիջական նյութական շահագրգռվածություն, այլև հոգեբանական պահանջ: Համացանցը թույլ է տալիս առաջարկել երիտասարդ սերնդի սոցիալիզացիայի նոր մեխանիզմ, որը, չկտրելով մարդկանց հարազատ միջավայրից, կոտրում է սեփական մեկուսացվածության և հաղորդակցային թերարժեքության բարդույթը, որի ազդեցությունը բնակչության ցածր տարիքային խմբի տեղաշարժի վրա ակնհայտորեն մեծ է:

Իհարկե, կարող են ծագել արդարացի առարկություններ՝ երիտասարդության «օդնոկլասնիկացմանը» նպաստել չկամենալու, մարդկանց «սոցցանցերի միջոցով աշխատանքից չշեղելու» առումով: Ի՜նչ խոսք, «օդնոկլասնիկացման» երևույթն անձամբ ինձ նկատելի տհաճություն է պատճառում, բայց մի՞թե այն պետք է վճռորոշ կռվան դառնա Արցախի գյուղական բնակավայրեր համացանցի մուտքն անկարևոր դիտելու հարցում: Մի՞թե հնարավոր չէ հենց պետական հոգածությամբ և համապատասխան կրթաճանաչողական ծրագրերի իրականացմամբ նպաստել մեր համաքաղաքացիների «համացանցային մշակույթի» բարձրացմանը: Այս բնագավառում արդեն իսկ հաջողված որոշ նախաձեռնություններ վկայում ու փաստում են՝ ձեռնարկի իրագործելիության և հետագա նշանակալից արդյունավետության մասին:

Մնում է, որ պետությունը պատշաճ կազմակերպչական աջակցություն ցուցաբերի Արցախում համացանցային կապ մատակարարող կազմակերպություններին՝ Արցախի տարածքն ամբողջությամբ համացանցային ծածկույթի տակ ներառելու և համացանցային կապի որակը բարելավելու ուղղությամբ:

Ալեքսանդր Քանանյան

Աղբիւրն՝ http://www.artsakhtoday.com/?p=12399

Арцах, Сеть

Previous post Next post
Up