Անվանականից՝ իրական վերաբնակեցմանն անցնելու բանաձևը

Feb 16, 2012 20:22




Վերջին երկու տարիների ընթացքում շեշտակիորեն աճել է թե՛ վերաբնակեցման գոտու խնդիրներով ի մոտո հետաքրքրվող, և թե՛ վերաբնակվելու գործնական ցանկություն ունեցող հայրենակիցների թիվը: Հատկապես ուրախալի է Երևանում և Սփյուռքում ապրած, հրաշալի կրթություն ստացած երիտասարդ սերնդի հետաքրքրությունը՝ ազատագրված հայոց հողում վերաբնակվելու հնարավորության հանդեպ: Ազատագրված տարածքներն ունեն եզակի գրավչություն և կամային ու գաղափարական զորեղ գծերով օժտված երիտասարդների առջև բացում են գործունեության աննախադեպ ծավալի դաշտ՝ առօրյա կյանքն իմաստավորելու և ոգեղենացնելու համար: Վերաբնակվելու հնարավորությունը լրջորեն քննարկում են ոչ միայն վերստին անկայունացող Մերձավոր Արևելքի մեր հայրենակիցները, այլև «բարեկեցիկ» արևմտյան սփյուռքի մի շարք երիտասարդներ: Անգամ պետական քարոզչության բացակայության պայմաններում արտերկրից վերաբնակվելուն պատրաստ հայրենակիցների թիվը սակավ չէ: Հայոց պետությունն ի դեմս Երևանի ու Ստեփանակերտի պարտավոր է դառնալ ներգաղթն ու հայրենադարձությունը գործով խրախուսող գլխավոր օղակ: Բայց դրա ճանապարհին անհրաժեշտ է ո՛չ միայն պաշտոնապես արձանագրված և օրենսդրորեն ամրագրված քաղաքական կամք, այլև առկա բոլոր (երբեմն՝ խիստ անհեթեթ) խոչընդոտների շուտափույթ վերացում:

Ցավոք, վերաբնակվելու ճանապարհին առկա խոչընդոտները բազմազան են ու բազմաթիվ: Դրանց շարքում առանձնապես մտահոգիչ են բնակարանային պայմանների բացակայությունը և քաղաքացիության ընդունման հետ կապված տառացիորեն մեռցնող անորոշությունը:

Հիմա պատեհ ժամանակը չէ խոսելու, թե ո՞ւմ մեղքով և հանցագործ թողտվությամբ են ոչնչացել ու բնաջնջվել ազատագրված տարածքների համարյա ողջ բնակելի ֆոնդն ու ենթակառուցվածքները: Ոչ հեռավոր ապագայում, հուսանք, դրանով կզբաղվեն դատարանները, որոնց պատկան վճիռը որոշ դերակատարների համար պետք է հնչի անգամ հետ մահու: Ինչևէ, մինչև 2004 թ. Քաշաթաղում և մինչև 2007 թ. Քարվաճառում  և Մարտակերտի, Ասկերանի ու Հադրութի շրջանների վերաբնակեցվող հատվածներում իրականացվում էր խիստ անբավարար չափերի բնակարանային շինարարություն: Որքան էլ վերջինիս ծավալները գոհացուցիչ չլինեին՝ երկրի ազգային անվտանգության հրամայականների համեմատ, առկա էր բնակչության աճի և բնակավայրերի հիմնադրման ուղղությամբ որոշակի առաջընթաց: Վերջին երեք տարիների ընթացքում Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում ենթակառուցվածքների վերականգնման՝ էլեկտրաֆիկացման, ճանապարհաշինության, կապի և արտադրական ինչ-ինչ ոլորտներում նկատվող աշխուժությունը մեծապես ողջունելի համարելով հանդերձ՝ արձանագրենք, որ բնակարանային շինարարության փաստացի կասեցումը և նոր բնակավայրեր հիմնադրելու վրա դրված արգելքը թույլ են տալիս պնդել, որ վերաբնակեցումն այսօր, ըստ էության, սառեցված վիճակում է:

Վերաբնակեցման սառեցված լինելու վերաբերյալ մեր պնդումները հերքելու համար կառավարության ներկայացուցիչները վկայակոչում են ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում առկա դրական փոփոխությունները, այլև Քաշաթաղում և Քարվաճառում նոր դպրոցի, բազմաբնակարան շենքերի, բազմազավակ ընտանիքներին հատկացվող տների շինարարությունը: Հակափաստարկների թվում կարևոր տեղ է հատկացվում նաև Քաշաթաղում վերաբնակեցման «թռիչքային» տեմպերի հիշատակությանը: Միաժամանակ ասվում է, որ պետության սուղ բյուջեն ի վիճակի չէ հոգալ նոր վերաբնակիչ ընտանիքներն ընդունելու համար անհրաժեշտ ծախսերը: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նշում են, որ, իբր, մեկ ընտանիք վերաբանկեցնելու համար պահանջվող ծախսային փաթեթը կազմում է շուրջ 100 հազ. դոլլար: Այս ահռելի գումարի առյուծի բաժինն ընկնում է «զրոյից» կամ հիմքից նոր տուն կառուցելու համար հայտարարագրվող ծախսերին:

Սակայն, նյութական հարթության դժվարությունները քննարկելուց առաջ հարկ է անդրադառնալ խնդրի մշտապես լռության մատնվող հոգեբանական կողմին: Որքան էլ զարմանալի լինի, նախ պետք է հաղթահարվեն հոգեբանական մի շարք խոչընդոտներ, որոնք հաճախ բնորոշ են ոչ միայն պաշտոնատար անձանց, այլև հասարակության մի հատվածին ևս: Խոսքս՝ վերաբնակեցման հանդեպ հոգեբանական բնույթի՝ երբեմն ենթագիտակցական մակարդակի վրա ներգործող արգելապատնեշների մասին է: Վաղուց ի վեր անցել է միջնադարին հատուկ այն ժամանակը, երբ ազգը, միասնական պետականություն պահպանելով հանդերձ, որպես պետականակերտ բաղադրիչ պահպանում էր նաև համայնքային ընդգծված բաժանումն ՝ ըստ նահանգային և գավառական միավորների: Ներկայիս ցանցային դարաշրջանում՝ ցեղասպանության արհավիրքից հետո պատմական Հայրենիքի փոքր հատվածի վրա վերընձյուղված Հայոց պետականությունը կարող է կենսունակ լինել միայն՝ որպես համայն Հայության միասնական և անտրոհելի ազգային օջախ: Հայաստանի յուրաքանչյուր պատմական տարածքի ազգագրական ավանդույթը պետք է սրբորեն պահպանվի ցանցային և հայրենակցական կառույցներում, բայց բնավ չգերիշխի՝ ազգային-պետական կառույցների և քաղաքականության ոլորտում: Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ առանց Արցախի բնակչության շեշտակի աճը վերաբնակեցմամբ խրախուսելու և Արցախում համայն հայության մարդկային ներուժն օգտագործելու` Հայոց ազգային պետությունը և վերջինիս բաղկացուցիչ Արցախը որևէ քաղաքական ու գոյաբանական ապագա չունի: Ուստի, քաղաքական որոշումներ կայացնելիս հարկ է առաջնորդվել բացառապես սթափ պետականակենտրոն մտայնությամբ: Վերաբնակիչը ոչ թե ավելորդ հոգս է՝ խորթ, օտար և արտահամայնքային երկրորդ կարգի քաղաքացի, այլ՝ պետական անվտանգության և բոլորիս ապագայի կարևորագույն երաշխիքը: Նեղհայրենակցական գործոնով պայմանավորված վտանգավոր վարչարարության մասին քննարկումը վերապահելով առանձին հոդվածի՝ անցնենք վերաբնակեցմանը խոչընդոտող «նյութական» կարգի մի քանի դժվարությունների ուսումնասիրությանը:

Նախ՝ պարզենք, թե ի՞նչ է վերաբնակեցումը: Վերաբնակեցումը՝ սփյուռքից, Հայաստանի մայրաքաղաքից ու մարզերից և, բացառության կարգով՝ Արցախի գերբնակեցված եզակի համայքներից՝  վերաբնակեցման գոտի բնակչության փոխդրվելուն միտված պետական քաղաքականությունն է: Վերաբնակեցումը՝ պետության կողմից անվճար բնակարանի տրամադրման և հարակից արտոնյալ պայմանների հաստատման շնորհիվ դեպի վերաբնակեցման գոտի բնակիչների ներհոսքի համակարգային խթանումն է: Ճանապարհաշինությունը, էլեկտրաֆիկացումը և մնացած ենթակառուցվածքների վերականգնումը՝ վերաբնակեցման քաղաքականության սպասարկու տարրերն են: Եթե ենթակառուցվածքների վերականգնումն անմիջապես չի սպասարկում նոր վերաբնակիչներին բնավորելու և անհրաժեշտ կենսապայմաններով ապահովելու նպատակ, ապա այն բուն առումով վերաբնակեցում չէ և որպես այդպիսին ներկայացվել չի կարող: Ուստի, Քաշաթաղում և Քարվաճառում ենթակառուցվածքների վերականգնման ոլորտում նկատվող աշխուժությունը, մեծապես ողջունելի լինելով հանդերձ, առանձին վերցված չի կարող դարմանել վերաբնակեցման կաթվածահար լինելու անընդունելի իրողությունը:

Վերջին երեք տարիների ընթացքում որպես վերաբնակեցման «բուռն զարթոնքի» ապացույց մատնանշվում է մի շարք խոշոր շինարարական ծրագրերի իրականացման փաստը: Քարվաճառում հիմքից կառուցվել և շահագործմանն է հանձնվել քաղաքային միջնակարգ դպրոցը, մարզադպրոցն ու չորսհարկանի բազմաբնակարան շենքը: Բերձորում հիմնովին վերանորոգվել են երեք բնակարանային շենքեր, իսկ Կովսականում կառուցման փուլում է երկհարկանի բնակարանային շինությունը: Հիշյալ օբյեկտների կառուցմանը հատկացված պատկառելի ֆինանսական ծախսերը կառավարության կողմից ներկայացվում են՝ որպես «վերաբնակեցումը պետության ուշադրության առաջնային կիզակետում պահելու» ևս մեկ վկայություն: Չկամենալով անդրադառնալ խոշորածավալ շինարարական ոլորտն ուղեկցող հայտնի ստվերային սխեմաներին և երախտագիտություն հայտնելով կատարված աշխատանքների համար՝ նշենք, որ այս ամենը նույնպես ուղիղ իմաստով վերաբնակեցման քաղաքականություն չէ, քանզի ինքնին միտված չէ բնակչության թվի բարձրացմանը և նոր վերաբնակիչների ընդունմանը: Ինքներս մեզ չխաբենք. ցայսօր կառուցված կամ կառուցվող բազմաբնակարանային շենքերը կա՛մ գերազանցապես պաշտոնեական հանրակացարաններ են (ինչպես Քարվաճառում և Կովսականում), կա՛մ եղած բնակչության բնակարանային պայմանների բարելավման միջոց (Բերձոր):

Բազմազավակ ընտանիքների համար բնակելի տիպային տների շինարարությունը նույնպես վերաբնակեցման հետ անմիջական առնչություն չունի, քանի որ այն իրականացվում է ողջ Արցախի տարածքում՝ սոցիալական ուղղվածության բոլորովին այլ ծրագրի շրջանակներում: Մեծապես ողջունելի լինելով հանդերձ՝ այն դարձյալ բուն վերաբնակեցման քաղաքականության բաղադրիչ դիտարկվել չի կարող:

Վերջին տարիներին Քաշաթաղում վերաբնակիչների նկատելի աճը, որը ներկայացվում է որպես վերաբնակեցման «բուռն զարթոնքի» ապացույց՝ միանշանակ շատ ուրախալի երևույթ է: Սակայն ո՞րն է այստեղ պետության դերը: Այն, ցավոք, սահմանափակվում է Քաշաթաղի վերաբնակեցման վարչության պետի անձնվեր ու գրագետ աշխատանքով և մինչև 2004 թ. վերականգնված տների առկայությամբ: 2004-2006 թթ. ժողովրդագրական աղետի հետևանքով դատարկ մնացած հարյուրավոր տներ Քաշաթաղի վարչակազմին հնարավորություն ընծայեցին տրամադրել դրանք վերաբնակվելու հայտ ներկայացրած նոր բնակիչներին: Բացի դրանից, Սանասարից (նախկին Ղուբաթլի) դեպի Գորիս ընկած ընդարձակ տարածքի գյուղատեղիներում սեփական նախաձեռնությամբ՝ առանց պետական նվազագույն աջակցության բնակություն հաստատած սյունեցիներին՝ որպես ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բնակիչ հաշվառելու գործողության շնորհիվ հնարավոր եղավ շրջանում «վերաբնակված» քաղաքացիների հավելյալ զգալի «աճ» ցուցադրել: Բայց, արդյո՞ք, նման աճպարարություններն ի վիճակի են փոխարինել բուն վերաբնակեցմանը հետամուտ լինելու հրամայականը:

Արդյունավետության տեսանկյունից պետք է շատ ավելի հաջողված համարել վերջին տարիներին վերաբնակիչներին անվճար շինանյութ տրամադրելու պետական ծրագիրը, որը բազմաթիվ ընտանիքների թույլ է տվել որոշակիորեն բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակիորեն շտկելով վերաբնակեցման առաջին շրջանին բնորոշ համատարած  շինարարական խոտանի վնասները: Առկա փորձը վկայում է, որ շինանյութի տրամադրումը կարող է լինել բավական արդյունավետ և տնտեսող միջոց՝ բնակարանային շինարարությունը խթանելու և կայացած վերաբնակիչ ընտանիքների բնական աճով պայմանավորված բնակարանային խնդիրները լուծելու համար: Պարզապես, հարկ է հնարավորինս նվազեցնել շինանյութի բաշխման ժամանակ ի հայտ եկող կոռուպցիոն վտանգները: Այստեղ պետք է հասկանալ նաև հետևյալը. քանի դեռ արցախյան կարգավորման բանակցություններն ընթանում են կապիտուլյացիոն «մադրիդյան սկզբունքների» գերակա կաղապարների ներքո, քանի դեռ Հայաստանի բարձրագույն իշխանության մակարդակով աներկիմաստ հստակությամբ չի հնչել տարածքային որևէ զիջում բացառող պաշտոնական հայտարարություն, շատ և շատ մարդիկ, ցավոք, կզգուշանան ֆինանսական լուրջ ներդրումներ անել՝ վերաբնակեցման գոտում անշարժ գույք կառուցելու կամ ձեռք բերելու համար: Այս պարագայում՝ նրանք ամենամեծ մեղավորը չեն:

Այժմ տեսնենք ամեն մի ընտանիքի համար «100 հազ. դրամ ծախսելու» անհնարինությամբ պատճառաբանվող բնակելի տների շինարարության կասեցումը: Նախ՝ միանգամայն պարզ է, որ սույն թիվն ուռճացված է, անգամ եթե խոսենք «հիմքից» տներ կառուցելու և բնավորման հարակից ծախսեր ապահովելու մասին: Անիմաստ համարելով խորանալ տիպային տան նախահաշվի ծախսային հոդվածների մանրազննին քննարկման մեջ՝ անդրադառնանք դեռևս հնարավորությունների լայն դաշտ ընձեռող՝ պատերազմից տուժած շենքերի վերականգնման պատեհությանը:

2005-2007 թվականներից ի վեր շինարարության որակի հանդեպ կասկածելի «մտահոգություն» ցուցաբերելու շրջանակներում Ստեփանակերտում որոշ անձինք սկսեցին խոսել ավերված տների վերականգնման «որակային անհարիրության» մասին: Իբր՝ հին շենքերի պատերի վիճակն այնքան վատթար է, որ այսուհետ աննպատակ է շարունակել նրանց վերականգնումը: Ի՜նչ խոսք, նոր՝ հիմքից կառուցած շենքը համարյա միշտ գերադասելի է երկար ժամանակ արձրևաջրերի ու ձյան տակ մնացած հրկիզված շինությունների վերականգնումից: Սակայն՝ երկու կարևոր նախապայմաններ ապահովելու դեպքում. նախ՝ եթե երաշխավորվում է հիմքից կառուցվող շենքի որակը և ապա՝ եթե առկա են պետական բավարար ու ազատ միջոցներ՝ հինը քանդելու և նորը կառուցելու համար: Ինչպես բոլորս գիտենք, այսօր Արցախի պետական բյուջեն աստղային չէ, մինչդեռ երկրի վերականգնումն ու զարգացումը, հատկապես մեր պարագայում, պահանջում է հիրավի աստղային միջոցներ:

Քարվաճառում, Քաշաթաղի հարավում և Մարտակերտից մինչև Խուդափերին ընկած հարթավայրում դեռևս պահպանվել են վերականգնման համար միանգամայն պիտանի մի քանի հազար շինություններ: Բարեխիղճ շինարարության և պատշաճ պետական վերահսկողության դեպքում կարելի է ապահովել այդ շինությունների վերականգնման որակն ու ճարտարապետական պիտանելիությունը: Պարզապես, այսօր արդեն հարկավոր է արագ գործել, քանի որ ևս մի քանի տարի լքված մնալու դեպքում դրանցից շատերն, իրոք, այլևս ահնար կլինի վերականգնել: Պետք է հրատապ կարգով կարգադրել շրջանային վարչակազմերին մանրակրկիտ հետազոտել և ըստ պիտանելիության սանդղակի ցուցակագրել վերականգնման ենթակա վթարային շենքերը: Օրինակ, միայն Քարվաճառ քաղաքում, որտեղ գերխոնավ բնակլիմայական միջավայրն ավելի քայքայիչ է, դեռևս հնարավոր է վերակառուցել առնվազն հարյուր բնակելի տուն, ինչը թույլ կտա կրկնապատկել առկա քաղաքային բնակչությունը: Իսկ մերձարաքսյան տարածքներում այդպիսի շինությունների թիվն անտարակույս հազարների է հասնում: Փորձը ցույց է տալիս, որ 65-100 քմ բնակելի մակերեսով տուն վերակառուցելու համար այսօր պահանջվում է ընդամենը 4-6 միլիոն դրամ:

Վերաբնակեցումը կարգավորող օրենսդրությունը նույնպես պետք է էապես բարեփոխվի: Այն պետք է շատ ավելի ճկուն լինի՝ քաղաքացիության ձեռքբերումը, տեղում հաշվառումն ու բնակարանային հարցի լուծման հարմար տարբերակներն առաջարկելու առումով: Բայց այս և այլ հարցերը հարիր է քննել առանձին հոդվածներով:

Ալեքսանդր Քանանյան

Карвчар, Кашатах, Арцах, Заселение

Previous post Next post
Up