Արմեն Աղայան` Բանավեճ ռազմավարական ուղու վերաբերյալ

Jan 30, 2010 15:00

Ազգային և արևմտյան աշխարհայացքների միջև ընթացող գաղափարախոսական բանավեճը պատճառահետևանքային սերտ կապի մեջ է Հայաստանի զարգացման ռազմավարության ներկայիս երկընտրանքի հետ: Վերջինս գոյացել է դեռ անկախացման նախօրյակին, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցադրման տեսքով: Այն այսօր էլ համարվում է քաղաքական հարցերի հարցը: Կարող է արդյո՞ք Հայաստանը զարգանալ ի հեճուկս իր թշնամական շրջապատի, շրջափակված նրա կողմից, հաղթելով արևելքում և պահանջներ ներկայացնելով արևմուտքում: Թե՞ մենք ի վերջո ստիպված ենք լինելու հաշտվել այդ շրջապատի հետ, ինտեգրվել նրան, հրաժարվելով տարատեսակ հավակնություններից, իսկ հիմա նաև զիջելով ծանր գնով ազատագրվածը:

Արցախյան հաղթանակներով, շրջափակմանը դիմակայելով, Ցեղասպանության ճանաչման միջազգային քարոզարշավով Հայ ազգը պատասխանում է. «այո, կարող ենք»: Երրորդ հանրապետությունը, հանձինս իր արևմտամետ քաղաքական վերնախավի, միշտ պատասխանել է. «ոչ, պետք է հաշտվենք»: Այնուամենայնիվ, իշխող վարչակազմերը մի կողմից չեն կարող հաշվի չնստել ազգային շարժման ընթացիկ դրսևորումների հետ: Սակայն, մյուս կողմից, իրենց կողմնորոշմանը հավատարիմ, նրանք բոլոր միջոցներով արգելակում են այդ շարժումը, հրաժարվում են նրա նվաճումներից և դեռևս չիրականացված նպատակներից, փորձում են կանխել նորերի ձևակերպումը: Փոխարենը նպատակ են հռչակում Եվրոպական համայնքում ընդգրկվելը, ինչպես նաև թուրքական շրջապատի հետ հաշտվելը: Օգտակար են համարում Թուրքիայի գերակայության ներքո գտնվող տարածաշրջանային շուկայում ներառնվելը և անգամ անվտանգության հարցերում նրա հետ համագործակցելը: Միաժամանակ բացառում են ապագայում հայության ֆիզիկական գոյությանն ուղղված սպառնալիքները, համարելով, որ մեզ հետ համաքայլ եվրոպական կառույցներում ներառնվող թուրք պետությունները այլևս անվտանգ են:
Նման քաղաքականությամբ հայության արդար պահանջներից հրաժարվելու, թշնամիներին ամեն բան զիջելու փորձերը անխուսափելիորեն հանդիպում են ազգային դիմադրության, որը հաղթահարելու համար արևմտամետ քաղաքական վերնախավը մի կողմից Ժողովրդին խոստանում է եվրոպական չափանիշներով հարստություն և անվտանգություն, մյուս կողմից սպառնում է աղքատությամբ, ենթադրյալ պատերազմներով և այլ զրկանքներով, եթե վերջինս համառի և շարունակի ազգային նպատակներ հետապնդել: Այնուամենայնիվ դիմադրությունը ոչ միայն շարունակվում է, այլև պաշտոնական քաղաքական դաշտից դուրս ձևակերպվում են հակառակ ռազմավարությունից բխող ազգային խնդիրները և քննարկվում են դրանց հնարավոր լուծումները:

Այս բանավեճի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի ապագային վերաբերող ռազմավարական երկընտրանքն իրականում ոչ թե միջոցի, այլ նպատակի ընտրություն է ենթադրում: Առաջարկվող ռազմավարությունները բխում են հակադիր արժեհամակարգերից և հետապնդում են միանգամայն տարբեր նպատակներ: Հնարավոր չէ միմյանց համեմատել դրանց արդյունավետությունը, քանի որ յուրաքանչյուրն ընդունելի է իր նպատակին ծառայելու տեսակետից: Սակայն ո՞րն է իրականում հայ ժողովրդի ռազմավարական նպատակն այսօր և, ընդհանրապես, ի՞նչ նկատի ունեն մեկ կամ մյուս ռազմավարության կողմնակիցները «հայ ժողովուրդ» ասելիս:

Ներառնողական /ինտեգրացիոն/ ռազմավարության կողմնակիցները խոսում են Հայաստանի ներկայիս բնակչության անունից, համարելով, որ վերջինիս ապրում է ներկայով և նրան չի հետաքրքրում ազգի պատմական հեռանկարը: Նրանք ենթադրում են, որ քաղաքացիների մեծմասնությունը նյութական բարեկեցություն, հաճույքներ և հանգիստ կյանք է փնտրում: Նրանց դա կարող է և պարտավոր է առաջարկել հարևանների հետ խնդիրներ չունեցող, արևմտյան աշխարհին կցված, ժողովրդավարական պետությունը: Այս կողմնորոշումը չի ենթադրում որևէ զոհողություն կամ սեփական դժվարհասանելի ռազմավարական նպատակների հետապնդում: Բավարար է որդեգրել ընդունված խաղի կանոնները և չհավակնել ինքնուրունության: Սա նման է ազատ անկման, որը ոչ միայն ավելի դյուրին է, քան լեռ բարձրանալը, այլև ավելի հաճելի` մինչև անդունդի հատակին փշրվելու պահը:

Դրան հակառակ, ի հեճուկս թշնամական շրջապատի զարգանալու կողմնակիցները խոսում են Հայ ազգի կամ առնվազն ինքնագիտակից հայերի ներկա սերնդի անունից, ովքեր կամենում են, որ հայությունը հարատևի ավելի ամբողջական, անկախ և անվտանգ Հայրենիքում: Նրանք գիտեն, որ Հայաստանի ներկա սահմաններում Հայոց ապագան ոչ միայն երաշխավորված չէ, այլև մեծապես վտանգված է, որ ցանկացած ինտեգրացիա, հատկապես թուրքական ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային շրջապատում ներառնվելը, ինքնության կորուստ է և վերացման սպառնալիք: Նաև հասկանում են, որ Հայոց վերընթաց զարգացումն այսօր հնարավոր չէ առանց մաքառումների և զոհողությունների և պատրաստ են վճարել անհրաժեշտ գինը:

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խումբը համոզված է, որ, անկախ ժամանակի ընթացքում ազգային ինքնագիտակցության հետ տեղի ունեցող վայրիվերումներից, Հայ ժողովուրդն, ընդհանրապես, և նրա ներկայիս հայաստանաբնակ հատվածը, մասնավորապես, բավարար չափով ունեն այդ գիտակցությունը, երբեք ժամանակավոր նյութական բարեկեցությունը չեն կարևորել ազգային անվտանգությունից: Պատմական առիթ ստանալիս, նրանք միշտ պայքարել են հանուն հայրենի կենսատարածքի ամբողջականության և անկախության: Վստահ ենք, որ այսօր էլ մեր ժողովուրդը պատրաստ է ոչ միայն դիմակայել ազգային սպառնալիքներին, այլև հաջորդաբար լուծել իր ազգային հիմնախնդիրները:

Զիջելու, հաշտվելու, տարածաշրջանում ներգրավվելու ռազմավարությունը ուղղակիորեն բխում է անհատի, Հայրենիքի, պետության մասին արևմտյան պատկերացումներից: Ի հեճուկս թուրքական շրջապատի զարգանալու ռազմավարությունը բխում է ազգային արժեհամակարգից և ենթադրում է բոլորովին տարբեր քաղաքականություն, քան այն, որն իրականացվում է այսօր Հայաստանում: Պահանջվում են ահռելի ծավալի և խորության պետականաշինական, տնտեսական, կրթամշակութային, պաշտպանական և բազմաոլորտ այլ բարեփոխումներ, որպեսզի Հայ ժողովուրդը և ազգային պետությունը կարողանան դիմակայել բոլոր սպառնալիքներին և մարտահրավերներին և կայուն զարգացման հնարավորություն ստաանան: Հայաստանը չի կարող պահպանել Եվրոպական կողմնորոշումը և միաժամանակ պահանջել Արևմտյան Հայաստանը: Չի կարող ազատական բաց տնտեսություն կառուցել և միաժամանակ բավականաչափ մեծ բանակ ունենալ պաշտպանելու համար ազատագրված տարածքները: Չի կարող խորացնել ժողովրդավարական և շուկայական պառակտվածությունը և միաժամանակ համախմբել ազգային ներուժը բարդ հիմնախնդիրներ լուծելու համար: Նաև չի կարող տուրք տալ մարդու իրավունքների կամայական մեկնաբանություններին, պահպանել կյանքի որակի նյութապաշտական չափորոշիչները և միաժամանակ լուծել ժողովրդագրական անվտանգության հարցը: Ռազմավարական գլխավոր ընտրությունից ուղղակիորեն ածանցվում է արտաքին և ներքին ողջ քաղաքականությունը:

Политика, Армения

Previous post Next post
Up