Արմեն Աղայան` Համախմբող ազգային նպատակի որոնում

Jan 30, 2010 13:52

Ազգային և արևմտյան աշխարհայացքների միջև ընթացող գաղափարախոսական բանավեճը արտացոլվում է ոչ միայն ռազմավարական երկընտրանքի, այլև ընթացիկ քաղաքական նպատակների ձևակերպման վրա: Սովորաբար, առանց համախմբող ազգային նպատակի քաղաքական շարժումները համաժողովրդական ծավալների չեն հասնում: Մյուս կողմից միշտ չէ, որ համաժողովրդական աջակցություն վայելող նպատակները անպայման ազգային են լինում:

ԺԹ դարի վերջում սկիզբ առած հայկական հեղափոխական շարժումները մի կողմից ազգային-ազատագրական էին, իսկ մյուս կողմից` դասակարգային և գտնվում էին ժամանակի ընկերվարական հոսանքների ազդեցության ներքո: Սակայն ընկերվարությունը ինքնին երբեք չէր համախմբի հայությանը, եթե չլիներ պայքարը հանուն արևմտահայության ինքնավարության: Իր հերթին, Արցախյան շարժմանը զուգընթաց, պարտված ԽՍՀՄ-ի տարածքում ընթանում էր հաղթանակած Արևմուտքի գաղափարական հաղթարշավը: Արդյունքում Արցախի ազատագրմանը և անկախությանը զուգահեռ ձևակերպվեցին բազմակուսակցականացման և տնտեսության մասնավորեցման ոչ ազգային նպատակները: Դրանք այդ օրերին պակաս ժողովրդականություն չէին վայելում Հայաստանում, սակայն առաջնորդող քաղաքական նպատակը մնում էր Արցախի ազատագրումը:

Արցախյան հրադադարը ժողովրդին մատուցվեց իբրև հաղթանակ և ազգային նպատակի իրագործում: Մյուս կողմից բնական էր ենթադրել, որ արդեն անկախ Հայաստանում ազգային նպատակները պետք է ձևակերպվեին և հետապնդվեին պետական մարմինների կողմից: Ժողովուրդն իր անելիքն ավարտված համարեց, ազգային շարժումը դադար առավ: Անկախությանն ու հրադադարին հաջորդեցին համազգային իմաստով աննպատակ գոյության տարիները: Այդ ընթացքում, պետությունը, որը պետք է փոխարիներ շարժմանը, ոչ միայն չէր ձևակերպում նոր նպատակներ, այլև հաճախ գործում էր նախկինում իրագործված նպատակներին հակառակ: Հայաստանում կայացած պետական համակարգի ամլության բացահայտմանը զուգահեռ ծավալվում է համախմբող ազգային նպատակի փնտրտուքը: Այն այսօր նույնպես ընթանում է արևմտյան գաղափարախոսական նորաձևության զգալի ազդեցության պայմաններում:

Արևմտյան արժեհամակարգի կողմնակիցները` ժողովրդին համախմբող գերագույն քաղաքական նպատակ են առաջադրում երկրում ժողովրդավարության հաստատումը: Նպատակն այս անիմաստ է, որոհվետև Հայաստանի օրենքները առանց այդ էլ ժողովրդավարական են: Փաստորեն, Հայ ժողովրդին առաջարկվում է կրկնել այն, ինչը նա մի անգամ արդեն արել է դեռ իննսնականների առաջին կեսին` ընդունելով արևմտյան չափորոշիչներին լիովին համապատասխանող սահմանադրություն և օրենսդրություն: Հետևաբար արևմտամետների առաջարկած քաղաքական նպատակն է դառնում ոչ թե ժողովրդավարության, այլ օրինականության հաստատումը: Իսկ ավելի ստույգ` ժողովրդավարությունը կիրառող քաղաքական վերնախավի փոփոխությունը, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նա իր նախորդներից ավելի օրինակելի կլինի:

Զուգահեռաբար արևմտամետները հանդես են գալիս ամեն տեսակի գաղափարախոսական բանավեճերը հետաձգելու օգտին, հիմնավորելով, որ դա անհարժեշտ է ժողովրդի հաղթական միասնությունը ապահովելու համար: Դրանով նրանք փորձում են խուսափել ազգային-քաղաքական գաղափարների և նպատակների հետ առերեսումից, բացահայտում են իրենց գաղափարական ընդհանրությունը իշխող վերնախավի հետ, ուղղակի և անուղղակի սատարում են վերջինիս քաղաքական դիրքորոշումներին, հաստատում են, որ ժողովրդավարության և օրինականության վերահաստատումից հետո էլ շարունակվելու է նույն` ապազգային քաղաքականությունը և փոխվելու են միայն այն գործադրողները և, հնարավոր է, նաև գործադրման որակը:

Երբ ժողովրդավարությունն ամրագրված է օրենքներում, առաջադրված չէ համախմբող ազգային նպատակ, իսկ քաղաքական նպատակը միայն անձերի փոփոխությունն է, այդժամ ժողովրդավարական կարգախոսները վերածվում են դրանք արտաբերողների կողմից ժողովրդական զանգվածը կառավարելու ամբոխվարական գործիքների: Գաղափարական և քաղաքական բանավեճին փոխարինում է իշխանափոխության ձևերի` սահմանադրական և հեղափոխական մարտավարությունների վերաբերյալ դատարկաբանությունը: Անգամ ազգային շարժման բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվում են այս հոսանքին, մարտավարական կեղծ հիմնավորումներով անընդհատ հետաձգում են իրենց գաղափարական և քաղաքական պայքարը, հուսալով, որ այն ծավալելու ավելի լավ պայմաններ կունենան ժողովրդավարության և օրինականության վերահաստատումից հետո:

Իրականում, անգամ ամենակատարյալ ժողովրդավարական համակարգը առավելապես սպասարկում է նյութական մրցակցությունը, խրախուսում է հատվածական պառակտվածությունը և անհամատեղելի է ազգային նպատակների և քաղաքականության հետ: Իսկ Հայաստանում, քանի դեռ վերջնականապես չի ձևավորվել սեփականատերերի ժառանգական խմբիշխանությունը, օրինական քաղաքական և տնտեսական մրցակցություն ընդհանրապես հնարավոր չէ: Ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկող յուրաքանչյուր քաղաքական վերնախավ առաջինը ինքն է խախտելու քաղաքական և տնտեսական մրցակցության կանոնները, որպեսզի հաստատի սեփական գերակայությունը: Այս հանգամանքը գիտակցող ժողովրդական շերտը արդարացված թերահավատությամբ է վերաբերվում արևմտամետներին և մերժում է մասնակցել նրանց նախաձեռնած ժողովրդավարական շարժումներին: Այնուամենայնիվ այդ շարժումները պարբերաբար ծավալվում են, քանի դեռ ձևակերպված չէ նոր համախմբող ազգային նպատակը:

Ազգային շարժման կողմից նոր, համախմբող քաղաքական նպատակի առաջադրմանը միշտ խանգարել է պետության առկայությունը: Եթե նախկինում օտար բռնապետություններն էին խոչնդոտում ազգային շարժման ծավալմանը և դա տեղի էր ունենում միայն այդ բռնապետությունների թուլացման ժամանակահատվածներում, ապա անկախացումից հետո խանգարում է սեփական պետությունը ունենալու ենթադրյալ փաստը: Ընդունելով այն, մենք բնազդաբար Հայաստանի հանրապետությանն ենք վերապահում հայության գործերը տնօրինելու պարտականությունը: Տեսնելով, որ պետությունը կամ քաղաքական վերնախավը լավ չեն իրականացնում իրենց ազգային պարտականությունները և նույնիսկ հետքայլեր են կատարում, փորձում ենք օժանդակել նրանց և ուղղորդել: Միայն բազմաթիվ ձախողումներից հետո ենք համոզվում, որ պետականության արևմտյան չափանիշներին համապատասխանող Երրորդ հանրապետությունը չի կարող ծառայել որպես Հայոց ազգային պետություն: Ի վերջո, մենք չենք կարող նպատակների շարքում չառանձնացնել Հայոց պետության շինարարությունը ավարտելու խնդիրը, քանի որ այն հանդես է գալիս որպես բոլոր մնացած ազգային նպատակների ձևակերպման և իրագործման նախապայման:

Միաժամանակ, անկախության փաստը թույլ չի տալիս հետաձգել մյուս, երբեմն շատ սուր հիմնախնդիրների լուծումը և նախ կենտրոնանալ միայն պետականաշինության վրա: Ազգային շարժումը և նրան ներկայացնող կազմակերպական կառույցը պարտավոր է քաղաքական նպատակներ սահմանել նաև ազգային անվտանգության, արտաքին, ներքին, տնտեսական, կրթական, մշակութային, ընկերային, արդարադատության և բոլոր մյուս ուղղություններով: Անկախության պայմաններում Հայ ժողովրդին պետք է համախմբի ոչ թե մեկ նպատակ, այլ փոխլրացնող ազգային նպատակների ողջ համալիրը: Դա կհաջողվի, եթե այն հնարավորինս զերծ մնա օտար արժեհամակարգի ազդեցությունից և դրանով պայմանավորված ներքին հակասություններից:

«Հայկական ընտրություն» կուսակցությունը, հանդես գալով որպես հայության ազգային շարժման մի մանրակերտ, ձևակերպում և ժողովրդի դատին է ներկայացնում արդի փուլում ազգային նպատակների իր պատկերացրած համաստեղությունը:

Политика, "Армянский выбор"

Previous post Next post
Up